Mkhitar Gosh
Mkhitar Gosh (Arm: Մխիթար Գոշ) was an Armenian cleric, and the Father of Armenian Law.
Alternate Transliterations: Kosh, Mekhitar
Fables
1 Մի անգամ աստղերը հավաքվեցին իմի, և նրանցից ամենածերերն ասացին.
Մենք բազում ենք ու շատ: Ուրեմն ինչու չենք կարողանում լուսավորել ցերեկն ու գիշերը արեգակի ու լուսնի նման:
— Որովհետև միաբանությամբ չենք վարվում, — պատասխանեց մեկը:
Եվ որոշեցին նախ հալածել ու փախցնել արեգակին. բայց երբ լուսինը ծագեց, հաղթվելով նրանից՝ աստղերն ասացին.
— Եթե մենք լուսնի լույսից այսպես աղոտացանք, ապա ի՞նչ կլինենք, երբ արևը ծագի:
Զղջացին աստղերը և խոստովանեցին իրենց պարտությունը:
2
Մ ի  անմիտ մարդ հունապի ծառը  դժնիկ  կարծելով՝ հարված  տվեց  նրան:                         
Ծառը զայրացավ և ասաց.
—Ո՛վ անագորույն, ծառը իր պտղից պետք է ճանաչել և ոչ թե տեսքից:
3
Նռնենին և  թզենին միմյանց հետ սեր անել կամեցան և քաղցրութւամբ  համեմատվեցին. բայց  նռան  թթվությունից  խորշեց  թզենին, և լուծվեց նրանց դաշինքը:
4
Ծովի գորտերը խորհուրդ անելով՝  ասացին.
— Ինչու ենք դեղնած ու փորներս ուռած խեղդվում ջրի մեջ, դուրս գանք ցամաք ու կյանք վարենք, ինչպես ուրիշները:
Մի ծեր գորտ ասաց.
— Հայրս պատվիրել է ինձ, որ ծովի ապաստանը չթողնեմ, որովհետև բնությամբ վախկոտ ենք. գուցե դուրս գանք ու վախենալով ետ դառնանք և մեր վախկոտությունն ուրիշներին հայտնի դարձնենք:
Բայց գորտերը չլսեցին ծերունուն ու դուրս եկան, սա¬կայն ոտնաձայն լսելով՝ փախան իսկույն ու ծովը սուզվեցին դարձյալ:
5
Առյուծի ոտքը կոտրվեց, նա սկսեց տրտնջալ բոլոր կենդանիների վրա և ասաց.
— Դուք իմ հարկատուներն եք, որովհետև գազանների իշխանն եմ ես, ինչո՞ւ ինձ համար զոհաբերություններ չեք անում, որ առողջանամ:
- Այն պատճառով, - պատասխանեցին կենդանիները, - որ մենք քեզանից պաշտպանություն չտեսանք ոչ արջի ձեռքից, ոչ գայլի և ոչ Էլ այլ գազանների ձեռքից և մինչև անգամ դու ինքդ չխնայեցիր մեզ: Մենք աստծուն պետք Է զոհաբերություն անենք, որ այդպիսի փորձանքի բերեց քեզ:
6
Իմաստուններից մեկը հարցում արավ ծառերին և ասաց.
- Ի՞նչն է պատճառը, որ դուք ինչքան բարձրանում եք, այնքան էլ խորը արմատներ եք գցում:
Եվ ծառերը այսպես պատասխանեցին.
— Ինքդ իմաստուն լինելով, ինչպե՞ս է որ չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրելով մեզ վրա, դիմանալ հողմերի բռնությանը, եթե խորը արմատներ չգցենք: Տեսնում ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որոնք թեպետ և բազմաճյուղ չեն, բայց դարձյալ քամիներին ընդդիմադրել չեն կարող, որովհետև խորը արմատներ չունեն:
7
Զատկի տոնին հավատացյալները հաղորդվելու եկան: Մի հովվի էլ համոզեցին, որ նա ևս հաղորդվի, բայց հովիվը երբ հաղորդությունը տեսավ, փախավ, ասելով. 
«Ոչ ճաշ է, որ ուտեմ, և ոչ ընթրիք»:
Ու չհավանելով՝ թողեց ու գնաց:
8
Ձկներին մեղադրում էր իրենց թագավորը, ասելով, թե ինչու եք ուտում ձեզանից մանր կենդանիներին: Եվ ձկները համարձակվելով ասացին. «Քեզանից ենք սովորում, որովհետև շատերը գալիս են քեզ երկրպագելու, և դու, կուլ տալով նրանց, կերակուր ես դարձնում քեզ համար: Ուստի և մենք քեզանից սովորելով, հանդգնում ենք»:
9
Առյուծը, արջը և գայլը միասին ասացին մի անգամ.
— Մենք ինչո՞ւ ենք հում ուտում մեր որսը: Մարդկանցից մեկին բռնենք, որ իրենց օրենքի համաձայն, կերակուր պատրաստի մեզ համար մեր որսից:
Եվ բռնեցին մեկին ու կարգեցին խոհարար:
Մարդը նեղվելով նրանց ձեռքի տակ մնալուց՝ հնար մտածեց նրանցից ազատվելու: Ճեղքեց մի մեծ գերան և նրա ամեն կողմում սեպեր դնելով, ասաց առյուծին և մյուսներին.
— Օգնեցեք ինձ ճեղքելու այս փայտը: Դրեք ձեր ձեռքերը ճեղքվածքի մեջ և ձգեցեք:
Երբ նրանք դրին ձեռքերը, մարդը դուրս քաշեց սեպերը: Գազանները մնացին կաշկանդված: Այդ ժամանակ մարդը կացինն առավ և ասաց.
— Նախ առյուծից սկսենք: Ասաց և ջարդեց բոլորին:
10
Մի անգամ վար անելիս եզը փախավ լծի տակից, բայց մշակը բռնելով նրան՝ կալը բերեց: Այստեղից էլ եզը փախավ: Մշակը բերեց և այս անգամ սայլին լծեց: Սայլից էլ փախավ: Մշակն ամեն անգամ բերեց շատ բանի լծեց: Վերջապես երբ եզը տեսավ, որ փախուստ տալն անհնար է, հնազանդվեց և թողեց իր փախչելու սովորությունը:
11
Արջի փորը ցավեց, դեղ հարցրեց աղվեսից, և սա ասաց.
—Մի բարեպաշտ մարդ դրա դեղն ունի, կերթաս նրա մոտ և նա մեղր կտա, որը շատ օգուտ է քեզ:
Արջը ճամփա ընկավ և երբ մոտեցավ գյուղին, շները հալածելով փախցրին նրան, և նա սկսեց մեղադրել աղվեսին:
Աղվեսն ասաց.
—Այն մարդը, որ քեզ ոչ շներից ազատեց և ոչ էլ դեղ տվեց, տգետ է և օրենքից անտեղյակ: Արի քեզ տանեմ մի կրոնավորի մոտ, որը հմուտ է աստվածաբանության մեջ և բանիմաց է:
Երբ կրոնավորը տեսավ արջին ու աղվեսին, սկսեց նախատել նրանց և մերժել: Աղվեսը արջին ցույց տվեց մեղվանոցի մուտքը, ուր մտավ արջն անմիջապես, կերավ մի փեթակ և մեկն էլ վերցնելով ճամփա ընկավ: Կրոնավորն սկսեց անիծել աղվեսին, որպես վնասի պատճառի:
Աղվեսն ասաց.
— Ես մեղավոր չեմ, որ արջը տմարդություն արավ: Մեղքը քոնն է, որ դեղի համար չտվիր մեղրը, այլ՝ փորի:
12
Հոտն ընթանալիս շարժվում էին ոչխարների դմակները:
Այծերը նախանձից դրդված սկսեցին բամբասել նրանց և ասացին.
— Ի՞նչու մեզ նման պարկեշտութքամբ չեք քայլում:
13
Առյուծը բորենուն բռնեց գողության մեջ, և բորենին ասաց.
— Ես մեռածներին եմ ուտում,որովհետև կենդանիներին հաղթել չեմ կարողանում,իսկ դու ողջ-ողջ ես հոշոտում, որովհետև հզոր ես ու հաղթող:
14
Փիղն իր  որդուն  տվեց Պլատոնի  մոտ, որ  իմաստություն  սովորի: Պլատոնը  նախ   սկսեց   սովորեցնել  նրան  լսարանում չոքելը, բայց նա չէր  կարողանում,  ապա ասաց նրան, գ լուխդ խոնարհիր, այդ էլ  չկարողացավ:
Պլատոնն այն ժամ նրան հորը վերադարձրեց և ասաց.
— Որդիդ արժանի է թագավորի պալատում լինելու՝ միշտ ոտքի վրա կանգնած, և ոչ իմ լսարանում, որովհետև ոչ նստել կարող է, ոչ գլուխ խոնարհել:
15
Ուղտին խփեց իր խնամողը: Ուղտը  բարկանալով   ասաց.
— Մի ծեծիր ինձ, երբ տրտում եմ ես, ապա թե ոչ կմեռնես իմ ձեռքով:
— Իսկ ի՞նչն է քո տրտմության նշանը, որ իմանամ և չծեծեմ քեզ:
— Երբ կտեսնես, — ասաց ուղտը, — որ իմ ստորին շուրթը կախ է ընկած, և ոտքս քայլելիս ձայն չի հանում, իմացիր, որ տրտում եմ ես:
— Ես ինչպես իմանամ, — ասաց ուղտապանը, — երբ շարունակ այդպես է՝ ստորին շրթունքդ կախված և քայլելիս էլ ոտքիդ ձայնը չի լսվում:
16
Գալիանոսը  մի  անգամ բանախոսություն  արավ  մարմնական     առողջության վրա, ասելով, որ եթե մարդ զգույշ լինի ուտելու  և խմելու  մեջ, բժիշկներին  դիմելու կարիք չի ունենա:Մի մարդ լսելով նրա բանախոսությունը,  ոչ ուտում էր և  ոչ խմում, որից   չարաչար   հիվանդացավ   և   հանդիմանում   էր Գալիանոսին, որը լսելով ասաց.
— Մի՞թե չգիտես դու, ով անմիտ, որ մենք մեր բնության արարիչը չենք, այլ օգնականը, և դու ինչու չհասկացար ու այնպես չվարվեցիր:
17
Գայլն  սպասում էր, որ, այծյամը  ննջի, որպեսզի բռնի նրան և ուտի: Բայց այծյամն իմանալով նրա միտքը, չէր ննջում շատ օրեր, մինչև որ գայլը  թմրելով՝ նիրհեց:
Այն ժամանակ եկավ առյուծը և կերավ գայլին:
18
Կատուն թախանձում էր ոզնուն.
— Որդուդ տուր ինձ հոգեզավակ, և դառնանք բարեկամ:
Եվ երբ բազում թախանձանքից հետո ստացավ ուզածը, ասաց.
— Որովհետև դժվարահամբույր է որդիդ, ուստի մերկացրու նրան փշերից, որպեսզի հեշտ լինի գրկել նրան ու գգվել:
Ոզնին խաբվեց և, մերկացնելով որդուն փշերից, տվեց կատվին, որը կերավ իսկույն, իսկ ոզնին հեռացավ կսկծալից լաց ու կոծով:
19
Որսի ժամանակ  բազեի ճանկերից ազատվեց հավբալի   ձագը, և բազեն  ասաց.  
«Թող դա զոհ լինի աստծուն»:
Հավբալի ձագը ծաղրելով նրան՝ ասաց.
«Ինչ որ ձեռքովդ ես տալիս, այն է զոհ»:
20
Ծիտը տեսավ ջայլամին, որը մեծ-մեծ ձու էր ածում, և ուզեց պատճառն իմանալ: 
Ջայլամը պատասխանեց: «Կրակ եմ կուլ տալիս, այդ է պատճառը, որ մեծ-մեծ ձվեր եմ ածում ես»:
Ծիտը հավատալով, կրակ կուլ տվեց և մեռավ, չմտածելով, որ մեծ-մեծ ձվեր ածելու պատճառը ջայլամի մեծությունն էր:
21
Զատկի տոնին բոլոր թռչունները գնացին քահանայի մոտ և,խոստովանվելով, հաղորդվում   էին: Նրանց   հետ    գնացին  նաև  սակռը և հողամաղը:
— Տեր հայր, — ասացին նրանք, — մենք խիղճ ասած բանը չունենք, մենք մկներ ու գորտեր որսացինք ու կերանք:
Քահանան մերժեց հաղորդություն տալ սակռին և հողամաղին, պիղծ կոչելով նրանց:
Նրանք գնացին, սուրբ ձագեր որսացին և բերին տվին քահանային, որն ասաց.
— Դուք առաջին անգամ չիմացաք խոստովանվել, որովհետև մկներն ու գորտերը ծերացած ու փետրաթափ թռչուններ են:
Այս ասելով՝ քահանան արդարացրեց նրանց և հա ղորդեց:
22  
Անծեղը անտառում սովորաբար միշտ աղաղակում է, մանավանդ կենդանիներ տեսնելիս: Երբ ձագը կամեցավ դրա պատճառն իմանալ, մայր անծեղը պատասխանեց. «Որպեսզի  թշնամիներս  ինձ միշտ արթուն տեսնեն և չմտածեն վրաս հարձակվել՝ որսալու նպատակով»:
23
Ճայեկը  սագին աղաչում էր և ասում.
— Ես սևադեմ լինելով արհամարհված եմ բոլորից, իսկ դու սպիտակ ես ու պայծառ, խնդրում եմ ինձ սովորեցնես, որ քեզ պես սպիտակեմ:
— Շատ լավ, — ասաց սագը, — միայն թե ինձ պես միշտ լվացվիր ջրով:
Ճայեկը լսեց սագի խորհուրդը, բայց լվացվելիս ընկնում էր նրա սև փետուրը և դարձյալ նույն գույնով գալիս էր մեկ ուրիշը:
Ճայեկը կրկին գնաց սագի մոտ ու աղաչեց, և սագն ասաց նրան.
— Լվացվելու հետ միասին իմ լեզուն էլ պետք է սովորես, որ կարողանաս ինձ նման լինել:
Ճայեկն հանձն չառավ մոռանալ իր լեզուն և մնաց նույն սևադեմը:
24
Ճնճղուկները երամով գնացին արագիլի մոտ և աղաչելով ասացին նրան.
— Թույլ տուր մեզ ձագեր հանելու քո բույնի մեջ և պաշտպանիր մեր ձագերն օձերից:
—Ինձ ի՞նչ կանեք, — ասաց արագիլը, — որ կատարեմ ձեր կամքը:
— Կաղոթենք, — պատասխանեցին ճնճղուկները, — որ ձեր ձագերը միշտ առողջ մնան և զերծ՝ վնասակար օդից ու եղանակից:
Եվ արագիլը տեղ տվեց նրանց:
Երբ ճնճղուկները ձագ հանեցին, օձը սողաց դեպի բունը նրանց ձագերն ուտելու: Արագիլն սպանեց այդ օձին և ման Էր գալիս ամենուրեք, որ ոչնչացնի բոլոր օձերին՝ ճնճղուկների ձագերին փրկելու համար:
Առակս ուսուցանում Է կարեկից լինել տկարներին ու թույլերին և ցանկանալ, որ ազատություն վայելեն նրանք:
25
Սիրամարգը իր  գեղեցկությունն ամենքին  ցուցադրելով՝ գովեստ էր  ստանում, և նա մտածեց  թագավոր  դառնալ: Իմաստուններից   ոմանք   խրատեցին՝   չխաբվել,   ասելով, թե   ազգով  պետք Է  թագավոր լինել: Բայց սիրամարգը  չէր  ուզում  լսել նրանց  և ցանկանում էր  անպատճառ հասնել   իր նպատակին: Թռչունների թագավորը լսելով այդ մասին, եկավ և կոտորեց նրա ձագերին  և ազգատոհմը: Շատերն էլ  թևերն  ու փետուրները   դուրս  քաշելով՝   մերկացրին  նրան: Այսպիսով, սիրամարգը ոչ միայն թագավոր չդարձավ, այլև զրկվեց իր գեղեցկությունից:
Այսպես ահա, նրանք, ովքեր հրապուրվելով ցանկանում են հասնել անկարելիին, ոչ միայն ձեռք չեն բերում այն, այլև կորցնում են իրենց ունեցածը:
26
Արջը փորում էր մրջյունի բույնը և լեզվով հավաքելով նրանց՝ ուտում:
Մրջյունը հնար էր մտածում սպանելու արջին:
Գնում է նա պիծակի, գոռեխի, շնաճանճի, բրետի և այլ սրանց նմանների մոտ և աղաչում օգնել ազգասիրաբար: Նրանք, ցավակցելով իրենց ազգակից մրջյունին, խփում են արջի աչքին և ականջներին, որը գլուխը զարկում է քարին և վերք է ստանում: Վերքը նեխում է, որից և առաջանում են որդեր: Արջը ցավի սաստկությունից գոչում է բերանաբաց: Որդերը նրա որովայնը մտնելով՝ խոցոտում են աղիքները, որից արջը տանջահար և ցավից ստիպված դիմում է դեպի ջրի հոսանքը և չափից ավելի խորը մտնելով՝ խեղդվում է:
27
Չղջիկները լույսին նայել չեն կարող, մտնում են քարերի ճեղքը և կամ պատերի խորշերը, և, որովհետև գարշահոտ են ու վատատես, ցերեկը գունդ ու կծիկ են լինում և գիշերը հարձակվում:
Այդպես են բանսարկուներն ու ավազակները, որոնք արդարության լույսից փախչելով՝ սիրում են խավարը:
28
Պղնձագործն ու երկաթագործը միմյանց խնամի դառնալու ժամանակ վիճեցին, յուրաքանչյուրն իր արհեստն էր գովաբանում մեծաբարբառ, և նրանց մեջ հակառակություն ընկավ, գնացին ծերերի ատյանը: Ծերունիներն ասացին, թե  հասարակաց օգտակարը պատվական է:
29
Ոսկին թագավորելիս պահանջում էր, որ բոլոր նյութերը երկրպագեն իրեն: Նա թագավոր էր կոչում իրեն, որովհետև թագավորի պատկեր էր եղել, և դրանով ամբարտավանում էր արծաթագործների և ուրիշների վրա ևս: Բոլորը եկան երկրպագելու, բայց ցորենը   չեկավ, ասելով. «Թող առաջ ինքը ոսկին գա ինձ երկրպագելու»:
30
Սոսի ծառի մոտ երկրագործները ջրում Էին բամբակի արտը: Նրանք  պատվիրում  Էին  միմյանց  զգուշանալ բամբակենու  ծառերը  կոխ  տալուց: Սոսին բարկացավ,  որ  ծառ են կոչում բամբակենուն և ասաց.
— Ինչպե՞ս կարող Է դա ծառ կոչվել և համանուն լինել ինձ, որ հաստ եմ այսքան ռւ բարձր և շատ տեղ եմ բռնում:
Եվ բամբակենին անվախ՝ արձակ ու համարձակ պատասխանեց.
— Դու բարձր ես, արդարև, ու հաստ, սակայն անօգուտ, ո՛չ շինության համար ես պիտանի և ո՛չ պտղաբերությամբ՝ գովելի, այրելու համար Էլ անպետք ես: Այլ միայն թանձր ստվեր ունես, որի համար ավելի շատ պարսավում են քեզ, քան թե գովում: Իսկ ես թեև փոքր եմ ու տկար, բայց բազմաշահ եմ և՛ օգտակար բոլոր մարդկանց համար և՛ պահպանելու, և՛ քաղելու, և գործելու ժամանակ, և վերջում Էլ դառնում եմ հագուստ, ինչպես ոչխարների բուրդը, կտավատի վուշը և՛ շերամի մետաքսը: Մինչդեռ դու դրանցից ոչ մեկը չունես, բացի միայն խոզակից: Եվ այս հանդիմանությունից հետո սոսին լռեց:
31
Էշը գնաց սար կրոնավոր լինելու, բայց վախենալով տեղի դառնությունից ու դժվարություններից, մանավանդ որ խրատում էին, թե ծույլ   չպետք է  լինի, փախավ այնտեղից ասելով.
— Խառան, Խառան...
Այսինքն թե տաք է Խառանը, որտեղից եկել էր նա կրոնավոր լինելու:
32
Ավազակը մի քահանայի  բռնելով՝   կամենում էր  սպանել նրան: Քահանան   ուժ   առավ, հաղթահարեց   ավազակին   և, ինչպես պետք է, սկսեց տանջել նրան: 
Ավազակն աղաչում էր և ասում.
— Չէ՞ որ քահանա ես դու և միշտ ասում ես «խաղաղություն ամենեցուն» ու սրա նման շատ բաներ, ուրեմն ինչո՞ւ ես տանջում ու չարչարում ինձ:
— Ո՛վ դու չարագործ,— պատասխանեց քահանան,– ես հենց խաղաղություն պահպանելու համար եմ տանջում քեզ, որովհետև դու չես սիրում խաղաղությունը:
33
Երկրում  կար  շատ  բարձր  և  անմատչելի մի  լեռ: Մարդիկ  կամեցան  բնակություն հաստատել նրա վրա, որովհետև  լի  էր նա ամենայն բարիքով: Սակայն շատ էր դժվարին նրա վրա բարձրանալը, թեպետև  ուներ  բազում  ճանապարհներ: Սրանք, ովքեր նրա վրա բարձրանալու  ժամանակ  կանգ  առան  հանգստանալու, սայթաքեցին և ցած գլորվելով հասան մինչև հատակը, իսկ ովքեր չուզեցին դադար առնել, այլ գավազանի  օգնությամբ աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա և հանգիստ կյանք վայելեցին: Այսպես թուլակազմ անարիները մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում  նպատակին: