Սյունիքի XVII-XVIII Ճարտարապետական Համալիրները` Գլուխ երրորդ
<-Սյունիքի XVII-XVIII Ճարտարապետական Համալիրները
Աշխարհիկ Կառուցվածքներ
Բնակելի շենքեր
Հայաստանի վանքերն իրենց մեծաթիվ միաբանությունների համար, բնականաբար, պետք է ունենային անհրաժեշտ քանակությամբ բնակելի սենեակներ և կոմունալ կառուցվաձքներ: X—XIV դարերից վանքային համալիրներում, ցավոք, չեն պահպանվել քիչ թե շատ կանգուն բնակելի շենքեր և դրանց ճարտարապետության մասին դժվար է այժմ լրիվ պատկերացում կազմել: Այս պատճառով մեծ արժեք են ներկայացնում ուշ միջնադարի՝ XVII—XVIII դարերի Սյունիքի վանքերի ու անապատների պահպանված բնակելի սենյակները, որոնց հատակագծային և տարածական հորինվածքի որոշ ձևերը ցույց են տալիս վերջիններիս ավանդական լինելը:Հայ ճարտարապետության ստեղծագործով և պրպտող միտքը, անընդհատ մշակելով կրոնական, աշխարհիկ կառուցվածքների նորանոր հորինվածքներ, միաժամանակ ունի և ավանդական ձևերին հավատարիմ մնալու հատկություն, օգտագործելով, նույնիսկ կրկնելով (անշուշտ վերամշակված) արդեն հաջողված հորինվածքներն ու ձևերը: Այս առումով առանձին հետաքրքրություն են ներկայացնում Անիի բնակելի կառուցվածքները, քանի որ նրանց հետ միջնա-դարյան վանքային բնակելի սենյակները ունեն մի շարք ընդհանուր գծեր:
1912 թ. պեղումներից բացված Անիի բնակելի տները, որոնք պատկանում են քաղաքի գոյության վերջին շրջանին, ցույց են տալիս թե՛ կառուցապատման խիտ, անկանոն բնույթը և թե՛ տների հատակագծերի առանձնահատկությունները:Դեպի փողոց շատ սահմանափակ թվով դռներ են բացվում, ընդամենը չորսը, որոնցից յուրաքանչյուրը միջանցքով ելք է ստեղծում մի շարք սենյակների համար: Սենյակների տակ կան նկուղներ, որոնք օգտագործվում են իբրև պահեստներ: Բոլոր բնակարանների համար ընդհանուր, բնորոշ տարրեր են հանդիսանում թոնիրը, բուխարին և պատերի մեջ խորշերը` «պատրհանները»:
Ոշ միջնադարի Հայաստանի կրոնական համալիրների բնակելի կառուցվածքները նույնպես ունեն բուիխարիներ և «պատրհաններ», իսկ Տաթևի վանքի բնակելի սեն Հակների տակ կան նույնպես նկուղներ, որոնք եղել են մթերապահեստներ, գուցե և թաքստոցներ: Սակայն հետաքրքիրը ոչ թե առանձին տարրերի կրկնությունն Է ուշ միջնադարում, այլ Անիի բնակելի շենքերի հատակագծային հորինվածքի հիմնական սկզբունքի կիրառումը, թեկուզ որոշ չափով ձևափոխված: Դա մի շարք սենյակների խմբավորումն է ընդհանուր միջանցքի շուրջը և դեպի դուրս ընդհանուր մուտքի կազմակերպումը: Նման հորինվածքի մենք հանդիպում ենք և XVII–XVIII դարերում Հայաստանում` Այրարատում և Սյունիքում:
Նշված հորինվածքն ունեն Գեղարդի և Ամենափրկիչ Հավուց-թառի XVIII դարի բնակելի կառուցվածքները: Յուրաքանչյուր բնակելի բջիջ բաղկացած է թաղակապ, դեպի բակը բացվող սրահից, որի ներսում դոներ են բացվում դեպի սրահի երկու կողմում դասավորված բնակելի սենյակները:
Այս նույն հորինվածքը հանդիպում է և Սյունիքի հինավուրց այն վանքերում, որոնց բնակելի շենքերը կառուցվե լ են XVII դարում՝ Գնդեվանքում և Տաթևի վանքում (վերջինում միայն մեկ մասնաշենք, մյուս բնակարանների հորինվածքն ուրիշ է):
Գնդեվանքում բնակելի համալիրը տեղադրված է հարավային պարսպի երկարությամբ: Սենյակները մի հարկանի են, թաղածածկ, և դասավորված են ամբոդջ լայնությամբ բաց կամարներով դեպի բակ դուրս եկող սրահների շուրջը: Կա երեք այսպիսի խումբ:
Միջին խմբի սրահը հետագայում փակվել է պատով և վեր է ածվել սենյակի: Բնակելի սենյակները խմբավորված են սրահների շուրջը երկուական: Սենյակների ներսում պատերի մեջ կան խորշեր՝ «պատրհաններ», և մեկական բուխարի:Բնակարաններին հատուկ այս երկու տարրերի առկայու- թյունը հիմք ընդունելով տեսնում ենք, որ համալիրի հարավ-արևմտյան անկյան երկու սենյակները սեղանաձև հատակագծով, բնակելի չեն, այլ նախատեսված են տնտեսական նպատակների համար: Բնակելի են միայն կառուցապատման միջին մասի սենյակները, թվով չորսը: Սրանցից երեքը միմյանց հավասար են, չորրորդը մի քիչ մեծ Է: Մակերեսները՝՝ 9,5—13,5 մ2 , թույլ են տալիս ենթադրելու, որ այս բնակելի սենյակները նախատեսված են մեկից ավելի՝ 2—3 հոգու համար:
Գնդեվանքի բնակելի համալիրի հետաքրքրական առանձնահատկությունն այն է, որ այստեղ սենյակների լուսամուտները բացվում են ոչ թե դեպի բակ, այլ դեպի դուրս: Սա պետք է բացատրել կոմնորոշման հանգամանքով՝ բակ բացվելու դեպքում լուսամուտները պետք է նայեին դեպի հյուսիս, մի բան, որն անթույլատրելի է Հայաստանի պայմաններում: Իսկ հարավային պարսպի զգայի բարձրությունը՝ գետնրց մոտ 10 մետր, թույլ է տալիս տեղադրել նման բացվածքներ, որովհետև պաշտպանական տեսակետից լուսամուտները գտնվում են անվտանգ բարձրության վրա:
Տաթևի վանքի բնակելի կառուցվածքները գլխավոր հատակագծում տեղադրված են բակի արևմտյան և հարավային կողմերում: Արևմտյան բնակելի մասնաշենքը կից է արտաքին պարսպին: Սենյակները, ինչպես և Գնգեվանքում, խմբավորված են երկու սրահների շուրջը, որոնք կամարակապ լայն բացվածքով դուրս են գալիս դեպի վանքի բակը: Հյուսիսային սրահի երկու կողմերում գտնվում են բնակելի միհարկանի թաղածածկ սենյակներ, թվով չորսը, որոնց ընդհանուր բարձրությունը հավասար է սրահի բարձրությանը: Սենյակների մուտքը սրահի միջից է: Նրանցից երկուսը լուսավորվում են դեպի բակ նայող մեծ, ուղղանկյուն բացվածքներով լուսամուտներից, իսկ մյուսները՝ երդիկներից:
Ուշ միջնադարում, բացի վերը նշված հորինվածքից, բնակելի կառուցվածքներն իրականացված են մի այլ սկզբունքով ևս: Դա պարսպապատերին կից, նրանց երկայնքով կառուցված բնակելի շինություններն են, հաճախ երկհարկանի, որոնք առանձին ելք ունեն դեպի բակ: Այս հորիսվածքը տարածված է եղել թե Վասպուրականում, թե Ատրպատականում և Արևելյան Հայաստանում: Առանձին մուտքով միատեսակ սենյակների շարք ունեն ս. Թադեի վանքը Ատրպատականում, ս. Թովմայի վանքը Վասպուրականում, ս. Ստեփանոս Նախավկայի վանքը: Տաթևի վանքի բնակելի մյուս շինությունները մասամբ պատկանում են այս տիպին, Տաթևում կանգուն է սեղանատանր հյուսիսից կից երկհարկանի բնակելի սենյակների մի խումբ դասավորված հնգակողմ նախասրահի շուրջը: Սենյակների վերին հարկը ծածկված է թաղով, իսկ միջհարկային ծածկերը փայտից են եղել՝ պահպանվել են պատերի մեջ գերանների բների հետքերը:
Այդ սենյակներից աոաջինում պահպանվել է Զաքարիա վարդապետի 7671 թ. շինարարական արձանագրությունը: Սենյակն ամբողջ լայնությամբ բացվում է դեպի ձորը և , ըստ երևույթին, արձանագրության մեջ հիշատակվող պատշգամբն է, որը հետագայում վերակառուցվելով դարձել է սենյակ:
Վանքի անսամբլի հարավ-սւրևմտյան անկյունում գտնվում է բնակելի ամենամեծ խումբը` վանահոր աթոռանիստը, որի արևելյան, բակ նայող ճակատը երեսպատված է մաքուր տաշած քարերից: Մասնաշենքը բաղկացած է ինը սենյակներից, որոնց մեծ մասը երկհարկանի են: Մեկ հարկանի են միայն հարավային ամենամեծ սենյակները: Ծածկը զլանաճև, թաղով է, ներսում պատերը և թաղը սվաղված են: Հյուսիսային ծայրի սենյակներից մեկը նույնպես ամբողջ լայնությամբ բսւցվում է անդնդախոր ձորի վրա և եղել է այս բնակելի խմբի պատշգամբը:
Չնայած Տաթևի վանքի բնակելի կառուցվածքների բազմազանությանը , նրանք ունեն ընդհանուր շատ հատկանիշներ, ինչպես օրինակ պատրհանները, բուխարիները: Ներսում բոլոր սենյակները սվաղված են, իսկ դռների կողերը և կամարները շարվում են մաթուր տաշված քարերից: Երկհարկանի բնակարանների վերին հարկը բարձրացել են, հավանաբար, փայտե սանդուղքներով՝ չկան քարե աստիճանների որևէ հետքեր: Առաջին հարկի սենյակներից շատերը հատակի տակ ունեն թաղակապ նկուղներ: Սենյակների մուտքերը կամ թաղածածկ սրահներից է, կամ միջանցքներից, որոնց շուրջը նրանք խմբավորված են: Սենյակները իրենց չափերով ավելի մեծ են, քան Գնդեվանքում, և նախատեսված են 4—5 և ավելի հոգու համար: Տեղանքը (բնակելի սենյակների մեծամասնությունը կառուցված են խոր ճորի անմիջապես եզրին) թույլ է տվել ունենալ բաց սրահներ և նույնիսկ փայտե պահունակային պատշգամբ՝ ձորի վրա կախված: Այս տիպի պատշգամբներ XVII դարի համալիրներում հանդիպում է միայն Տաթըում:
Տաթևի Մեծ անապատի բնակելի սենյակները իրենց ճարտարապետությամբ տարբերվում են Գնդեվանքի և Տաթևի վանքի բնակարաններից: Այստեղ արդեն չկան մեծ սենյակներ՝ մի քանի հոգու համար նախատեսված, յուրաքանչյուր միաբանի հատկացվում է մեկ խուց: Այս է պատճառը, որ Տաթևի Մեծ անապատում պարիսպների երկարությամբ, բակի կողմից, կառուցված են տասնյակ խցեր, փոքր մակերեսներով և կոմպակտ հատակագծերով: Սենյակները տեղադրված են արևմտյան, հյուսիսային և արևելյան պարիսպների երկարությամբ: Խցերի մի ուրիշ խումբ Г–աձև հատակագծով, գտնվում է ընդհանուր բակի միջում: Հյուսիսային շարքն այժմ կիսաքանդ է, լցված հողով, փլատակ է և արևելյան պարիսպներին կից սենյակների մասը: Ըստ Ջալալյանի վկայության, անապատում եղել է «...վաթսուն և չորս կամարաշեն սենյակի միաբանից...», համարյա նույնքան է եղել XVII դարում Մեծ անապատի միաբանների թիվը` այն 1668 թ. ուներ «...հ (70) կրոնավոր մարդ»:
Այստեղ հանդիպում ենք տիպարային կառուցապատման միջնադարյան օրինակի, որն ունի մի շարք հետաքրքրական առանձնահատկություններ: Յուրաքանչյուր բնակելի սենյակների խմբի համար մշակված է առանձին տիպային բջիջ: Արևմտյան շարքը տարբերվում է արևելյանից չափերով, սենյակի մակերեսով, բարձրությամբ, սակայն ճակատային լուծումները նման են: Իսկ Г–աձև մասնաշենքը տարբերվում է մյուս խմբերից թե՛ ատակագծով և թև՛ ճակատների մշակմամբ: Տիպարային բնակարանր կազմված է երկու մասից՝ բուն սենյակից և սենյակի լայնությունն ունեցող թաղածածկ սրահից, որը կամարակապ լայն բացվածքով դուրս է գալիս դեպի ներքին բակը: Սենյակի դուռը սրահի խորքից է, աջ անկյունից: Սենյակները ուղղանկյուն են (2,16 X 2,87 մ): Մուտքի դիմաց, հանդիպակաց պատի աջ անկյունում գտնվում է բուխարին, որը կիսաշրջանաձև փորված է պատի հաստության մեջ: Նույն պատի մեջտեղում, թաղի անմիջապես տակից բացվում է սենյակի լուսամուտներից մեկը: Պատերի մեջ կան խորշեր՝ «պատրհաններ», տարբեր մեծության: Մուտքի պատում, դռնից ձախ, կա մի լուսամուտ ևս, որը բացվում է դեպի սրահը և չափերով հավասար է առաջինին: Սենյակը թաղածածկ է, միջին մասում բարձրությունը կազմում է 2,80 մ: Սենյակի և սրահի ծածկի գլանաձև թաղերը ձգվում են բնակարանի ընդերկայնական առանցքով: Սրահը (2,16x1,92 մ) դրսից ունի սրբատաշ բազալտի քարերից շարված սլաքաձև կամար: Բնակարանի այս տիպը կրկնվում է Г–աձև մասնաշենքի արևմտյան և արևելյան թևերում, հինգական հատ: Անկյունում հատակագիծր բարդանում է, ստացվում են երկու ուղղանկյուն մեծ սենյակներ, որոնցից արևմտյանը մուտք ունի բաց սրահից, իսկ հյուսիս-արևելյանը՝ հնգակողմ միջանկյալ մի սենյակից, որի դուռը տեղադրված է խմբի երկու թևերի հատման անկյունում:
Բնակելի բջջի համաչափությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ այստեղ բնակարանի չափերի հիմքում ընկած է պարզ թվերի հարաբերու- թյունը և որպես չափի միավոր՝ մոդուլ, վերցված է 0,71 մ: Այսպես, սենյակի լայնությունը և երկարությունը հարաբերում են միմյանց ինլպես 3:4, լայնությունը և բնակարանի ընդհանուր երկարությունը` (սրահի և սենյակի) 3:8, լայնության և բնակարանի բարձրության՝ 3:4:
Բնակելի սենյակների արևելյան շարքի համար ընտրված է այլ հորինվածք: Բնակարանները սրահ չունեն: Արևելքից բոլորի համար ընդհանուր պատ է ծառացում պարիսպը: Մուտքերն արևմտյան կողմից են, արտաքին բակից: Տիպարային սենյակը (1,82x2,85 մ ) լուսավորվում է բակի կողմից` արևմուտքից, մեկ լուսամուտով: Ծածկված է գլանաձև թաղով, որը ձգվում է բնակարանի երկայնական առանցքով:
Հյուսիսային խմբի սենյակները այժմ հողածածկ են: Սակայն Անապատի հյուսիսային դարբասի ձախ կողմի երկու սենյակները, որոնք նույն շարքին են պատկանում, թույլ են տալիս պատկերացում կազմել ամբողք շարքի մասին: Սենյակների հատակագիծը միայն չափերով է տարբերվում արևելյաններից: Հորինվածքը նույնն է՝ ուղղանկյուն հատակագիծ (2,8x2,3 մ), թաղածածկ, դուռը և միակ լուսամուտը բացված են բակ նայող հարավային պատում: Բնակարանների չորրորդ խումբը արևմտյան պարսպի երկարությամբ ձգված սենյակներն են, թվով 19-ը: Մուտքերի առջև նախասենյակ ունեն երկուսը (հետագայում կցված): Ուղղանկյուն են (2,10x2,30 մ)մուտքը և լուսամուտը արևելյան պատում են: Համալիրի գլխավոր հատակագծում բնակելի սենյակները տեղադրված են հաշվի առնելով բացառապես կողմնորոշման գործոնը: Կից լինելով արտա¬քին պարիսպներին, սենյակները լուսավորվում են բակի կողմից և չունեն ոչ մի բացվածք դեպի դուրս (պարիսպները կոնստրուկտիվ և ռազմական տեսա– կետներից չթուլացնելու համար): Երեք պարիսպներին (հյուսիսային, արևմտյան և հարավային) կից սենյակները կողմնորոշված են համապատասխանաբար դեպի հարավ, արևելք և արևմուտք, այսինքն դեպի ամենաբարենպաստ կողմերը, իսկ հարավային պարսպին կից կաոուցված են կոմունալ շինությունները (սեղանատուն, խոհանոց, մթերանոց), որովհետև նրանք իրենգ բացվածքներով ուղղված են դեպի հյուսիս: Միայն Г–աձև խումբն ունի լուսամուտներ երկու կողմից՝ կառուցված լինելով բակի միջում, պաշտպա¬նական գործոնը այս դեպքում դեր չի խաղում:
Նույն սենյակների կրկնությունից ստացվող բնակարաններ են եղել և Շատին վանքում՝ «...սենեակք միաբանից անկանին ի հիւսիս, համակ ի կոփածոյ քարանց թուով քսան և ութն, և ի ներքոյ սենեկաց երկու մեծամեծ քարուկիր նկուղք...»: Այժմ պահպանվել են միայն նկուղները, իսկ բնակելի վերնահարկը լրիվ քանդված է: Բայց նկուղները հնարավորություն են տալիս վերականգնելու սենյակների որոշ չափերը: Այսպես, նկուղների գլանաձև թաղը ուժեղացված Է միմյանցից 2 մ հեռավորության վրա դրված թաղակիր կամարներով, որոնք վերևում, թաղի տակ, ունեն 0,70 մ բարձրություն: Այս ստացվում Է կրկնակի քարե կամարների օգնությամբ և թելադրված Է նրանով, որ վերին, բնակելի հարկաբաժնում, սենյակների միջին պատերը նստում են այդ թաղակիր կամարների վրա: Բնակելի սենյակները չափերով կրկնել են նկուղի՝ թաղակիր կամարներով ստացված հատվածների չափերը (2,0x3,6 մ), քանակը նույնպես համընկնում է՝ 28: Դռները բացվել են դեպի բակ, իսկ լուսավորությունը հավանաբար եղել է հարավից՝ պարսպի միջին լուսամուտներից (ներքնահարկի լուսամուտները նույնպես պարսպի միջից են):
Շնհերի Կուսանաց անապատը ունեցել է միատեսակ խցերի շարք՝ թվով 40, կառուցված պարսպին կից: Սակայն այդ շինություններից արժմ ոչինչ չի պահպանվել, թեպետ նրանք կանգուն են եղել մինչև XIX դարի վերջը:
Այժմ գոյություն ունեցող սենյակները կառուցված են 1891 թ, որպես ծխական դպրոցի դասարաններ:
Հալիձորի բերդի և Հարանց անապատի բնակելի սենյակները չեն պահպանվել: Կարծում ենք, որ այս երկու մենաստանների բնակելի շինոթյունները պետք է նման լինեն Տաթևի Մեծ անապատի համապատասխան կառուցվածքներին՝ միևնույն բջջի կրկնությամբ ստացվող բնակելի շարք, տեղադրված պարիսպներին կից (Հալիձորի բերդում, արևմտյան պարսպի մոտ նշմարվող շինությունների հետքերը, ըսւո երևույթին, պատկանում են միաբանության խցերին):
XVII դարի Սյունիքի վանքային համալիրների բնակելի կառուցվածքների համեմատությունը ցույց է տալիս, որ կան հիմնականում երկու տիպի բնակարաններ ՝ վանքային և անապատային : Առաջին խմբին պատկանող Տաթևի վանքի և Գնդեվանքի բնակարանները ընդարձակ սենյակներ են, նախատեսված մի քանի հոգու համար: Հատակագծերը տարբեր են կախված համալիրի գլխավոր հատակագծում ունեցած տեղադրությունից, շրջապատի կառուցապատումից, հորինվածքից (ընդհանուր սրահով կամ առանձին մուտքով): Բնակարանների շարքում առանձնանում է վանահոր բնակարանը` մեծ չափերով, արտաքին հարդարանքով (Տաթևի վանքում՝ սրբատաշ քարերից պատրաստված), ներսի հարմարություններով, բացվածքների մեծ չափերով և մշակմամբ (Գնդեվանք): Երկրորդ խմբին են պատկանում Տա թևի Մեծ անապատի, Շատին վանքի բնակարանները, որոնք ունեն էական շատ տարբերություններ (հատակագծային և ծավալային լուծման առաջին խմբից:
Տարբերությունները արդյունք են մենաստանների (անապատների) կանոնադրության, կրոնավորների կենցաղի առանձնահատկությունների կենցաղային առանձնահատկությունների: Միաբանության բոլոր անդամները գտնվում էին հավասար պայմանների մեջ , որը և իր արտահայտությունն է գտել նաև բնակարանների ճարտարապետության մեջ՝ միատեսակ, համարյա միևնույն չափերն ու հարմարություները կրկնող բնակելի բջիջներ: Ճգնավորական կենցաղը պահանջում էր յուրաքանչյուրի համար առանձին խուց՝ անհատական աղոթքների, ապաշխարհանքի, ընթերցանության համար: Այս պատճառով էլ անապատների խցերը ունեն նվազագույն չափեր՝ ապահովելով, փաստորեն, միաբանի միայն քնելը: ժուժկալ կենցաղը արտահայտվել է արտաքին ճակատների մշակման մեջ՝ պարզ, առանց որևէ դեկորատիվ հարդարանքի ու զարդաքանդակների:
Տարբերություններից բացի՝ վանքերի և մենաստանների բնակելի սենյ՚ակները ունեն և նմանություն կոնստրուկցիաների, կողմնորոշման խնդիրների, որոշ մանրամասների մեջ: Այսպես, բոլոր դեպքերում էլ սենյակները կառուցված՝ են քարից, թաղածածկ (փայտե ծածկ չի հանդիպում), յուրաքանչյուր սենյակ ունի բուխարի, պատերի մեջ խորշեր: Մեծ ուշադրություն է դարձվում Կողմնորոշմանը` սենյակները նայում են դեպի հարավ, արևմուտք և արևելք, իսկ հյուսիսային կողմնորոշում ունեն օժանդակ սենյակները:
Սեղանատներ
Սյունիքի XVII—XVIII դարերի ճարտարապետության աշխարհիկ կառուցվածքների շարքում աչքի են ընկնում սեղանատները, իրենց ֆունկցիոնալ, գեղարվեստական և մասամբ Էլ կոնստրուկտիվ առանձնահատ կությունների շնորհիվ:
Սեղանատները որպես միջնդարյան պալատական և վանքային համալիրների բաղկացուցիչ տարր երևան են գալիս դեռ վաղ միջնադարում: Սակայն նրանք լայն տարածում գտան Հայաստանի XII—XIV դարերի վանքերում, երբ վերջիններում պաշտամունքային կառուցվւսծքներից բացի սկսեցին բազմաթիվ աշխարհիկ շինություններ կանգնեցնել: Այդ դարերից պահպանվել են Հաղպատի, Կիրանց վանքի, Հաղարծնի, Թեղենյաց վանքի, Քոբայրի սեղանատները, որոնք բավականին մոնումենտալ կառուցվածքներ են և իրենց չափերով ոչ միայն չեն զիջում, այլև հաճախ գերազանցում են համալիրների եկեղեցիներին: Այսպիսի մեծ չափերը բացատրվում Է նրանով, որ այդ դարերում սեղանատները ոչ միայն հատկացված էին վանքի միաբանությանը, այլև ծառայում Էին կից բնակավայրի հավատացյալներին ու բազմաթիվ ուխտավորներին հյուրասիրելու, մատաղը եփելու և բաժանելու համար:
XII—XIII դարերի սեղանատներն իրենց հատակագծային-ծավալային հորինվածքով բաժանվում են երկու տիպի`թաղածածկ դահլիճների և խաչվող կամարներով դահլիճների:
Առաջին տիպի լավագույն օրինակները Քոբայրի և Թեղենյաց վանքերի սեղանատներն են, որոնք ունեն միևնույն հորինվածքը և համարյա միևնույն չափերը: Երկուսն էլ ընդարձակ թաղածածկ դահլիճներ են, չորս թագակիր կամարներով (երկուսը կողքի պատերին կից), որոնք հենվում են որմնա- մույթերին: Երկայնական պատերին կից, որմնամույթերի միջև և վերջիններից մինչև կողքի պատերը ձգվում են որմնակամարներ: Սեղանատների լայնությունը հարաբերում է երկարությանն ինչպես 1:1,9:
Երկրորդ տիպին են պատկանում Հաղպատի և Հաղարծնի սեղանատները . որոնք իրենց կոնստրուկտիվ համարձակ ձևերով հայկական ճարտարապետության ինքնատիպ և արժեքավոր կառուցվածքներից են: Սրանք հատակագծում ձգված ուղղանկյուն կառուցվածքներ են, մեջտեղում մեկ զույգ Առուներով, որոնք կարծես շենքը բաժանում են երկու մասի: Սեղանատունը ծածկվում Է երկու զույգ փոխադարձ խաչաձևվող սլաքաձև կամարներով, որոնք նստում են սյուների և որմնամույթերի վրա:
Սյունիքի XVII — XVIII դարերի կրոնական համալիրների բոլոր սեղանատները, առանց բացառության, պատկանում են թաղածածկ դահլիճի տիպին: Այդ հորինվածքն ունեն Տաթևի Մեծ անապատի, Հալիձորի Հարանց անապատի, Գնդեվանքի, Տանձափարախի (բոլորր XVII դար), Տաթևի վանքի և Շնհերի Կուսանաց անապատի (երկուսն Էլ XVIII դար) սեղանատները: Սեղանատան համար թաղածածկ դահլիճի հորինվածքն ուշ միջնադարում ընդունված է եղել ոչ միայն Սյունիքում, այլև ողջ Հայաստանում: Այդպիսին են նաև Գեղարդի, Էջմիածնի սեղանատները: Սյունիքի ուշ միջնադարի սեղանատների մեծ մասը աոանձին չեն կանգնած և գտնվում են պարսպապատերին կից կառուցված սենյակների շարքում, լինելով ընդհանուր կառուցապատման շարքային տարրը: Սրանով նրանք տարբերվում են ավելի վաղ շրջանի՝ XII—XIII դարերի սեղանատներից, որոնք բոլորն էլ առանձին են կաոուցված և իրենց դիրքով ու չափերով բավականին կարևոր դեր են խաղում անսամբլների ճարտարապետության ընդհանուր լուծման մեջ: Մյուս տարբերությունը, որը կա այդ դարերի և ուշ միջնադարի թաղածածկ սեղանատների մեջ, դա հատակագծային հորինվածքի համաչափություններն են` ուշ միջնադարում սեղանատներն ավելի են ձգված:
Սյունիքի սեղանատներից ամենահետաքրքիրը Տաթևի Մեծ անապատի սեղանատունն է, որը դեռ անցյալ դարում գրավել է Անապատ այցելողների ուշադրությունը :
Այն արևելքից–արևմուտք ձգված ուղղանկյուն շինություն Է (ներսի չափերը՝ 5,62x24,63 մ ),տեղադրված համալիրի հարավային պատին կից: Սեղանատունր լավ է պահպանված: Պատերը և թաղը կառուցված են տեղական բազալտի կոպիտ մշակված քարերից, կրաշաղախով, միայն թաղակիր կամարները և որմնասյուներն են շարված մաքուր տաշված բազալտով:
Ծածկի թաղն ունի սլաքաձև կտրվածք և ուժեղացված է չորս թաղակիր կամարներով: Կամարները հանգչում են պարզունակ թիվ ունեցող որմնա– սյուների վրա և ջլատում են ներքին տարածությունը հինգ համարյա հավասար հատվածի:
Սեղանատան վեց մուտքերից հինգը տեղադրված են հյուսիսային կողմում, իսկ խոհանոց տանող դուռը (որն ամենալայնն է՝ 1,15 մ) գտնվում է արևելյան պատում:
Սեղանատունը լուսավորվում է, հյուսիսային և հարավային պատերում բացված դեպի ներս լայնացող ութ պատուհանների միջոցով: Լրացուցիչ լուսավորության և օդափոխության համար ծածկում, թաղի մեջ թողնված են երդիկներ, թվով չորսը:
Ւնչպես տեսնում ենք, սեղանատունը լուսավորված Է բավականին լավ և առաջին հերթին անհասկանալի է թվում լրացուցիչ լուսավորության առկայությունը`վերևից, երդիկների միջոցով: Սակայն այս փաստը բացատրրվում է Տաթևի Մեծ անապատի կրոնական կյանքի առանձնահատկություններով: Ըստ անապատի կանոնագրության միաբանները պետք Է ուտելու հետ միաժամանակ, պարտադիր, գիրք կարդային: Հետևաբար սեղանատունը ճաշի ժամանակ վեր է ածվում նաև ընթերցարանի, որի պատճառով Էլ պահանջվում էր սովորականից ուժեղ լուսավորություն: Նույն երևույթը նկատվում է և մյուս մենաստաններում` Հալիձորում, Օնհերի Կուսանաց անապատում: Իսկ վանքերում, որտեղ սեղանատունը կատարում էր միայն մեկ՝ իրեն հատուկ ֆունկցիան, այսպիսի առատ լուսավորության չենք հանդիպում: Օրինակ Տաթևի վանքի սեղանատունն ունի մեկ լուսամուտ և մեկ երդիկ՝ օդափոխության համար:
Տաթևի Մեծ անապատի սեղանատունը հետաքրքիր է նաև հյուսիսային, արևմտյան և հարավային պատերի երկարությամբ կառուցված քարե սեղան- ներով և պատերին կից, նույնպես քարե, նստարաններով: Մաքուր տաշված քարերից (բազալտ) պատրաստված այս սեղանները ժամանակակից չեն շինությանը և կառուցված են հետագայում, գուցե XVIII դարում: Սա ակնհայտ է դաոնում, երբ տեսնում ենք հյուսիսային պատի արևմտյան հատվածում գտնվող երկու դռների շարվածքով փակ լինելը: Դա արվել է ներսում, պատերի երկարությամբ ավելի շատ ազատ տարածություն ստանալու համար: Տեղի այդպիսի խնայումը տվել է 42 մ ընդհանուր երկարությամբ սեղաններ, որը հնարավորություն Է ստեղծել միաժամանակ ութսունից ավելի միաբան տեղավորելու նրանց շուրջը:
Տաթևի Մեծ անապատի սեղանատան ներքին տարածության համաչափությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ գոյություն ունի շինության հիմնական չափերի հարաբերության կախվածությունը նրա լայնությունից: Այսպես, սեղանատան լայնությունը (որմնասյուների միջև) հավասար է սեղանատան բարձրությանը (մինչև թաղակիր կամարի տակ) և որմնասյուների առանցքային հեռավորությանը: Իսկ սեղանատան լայնությունը հարաբերում է ընդհանուր երկարությանը ինչպես 3:13:
Մեծ անապատի սեղանատանը արևելքից կից է խոհանոցը, նույն լայնությամբ և 18,60 երկարությամբ:Խոհանոցի այսպիսի խոշոր չափերը բացատրվում է նրանով, որ այն միաժամանակ ծառայել է իբրև հնձան: Կառուցվածքի հյուսիս-արևելյան անկյունում տեղադրված է մեծ օջախը: Խոհանոցը ունի սեղանատան բարձրոթյունը և ծածկված է գլանաձև թաղով՝ երկու թաղակիր կամարներով: Լուսավորվում է արևելյան և հյուսիսային պատերում գտնվող մեկական լուսամուտներով և ծածկի թաղի մեջ բացված երեք երդիկներով: Մուտքը դեպի վանքի բակը հարավային պատից է: Նույն պատից մի այլ դուռ բացվում Է դեպի խոհանոցին արևմուտքից կից մեծ մթերանոցը (թաղածածկ մեծ դահլիճ՝ 4,8x12,6 մ չափերով):
Հալիձորի Հարանց անապատի սեղանատունն այժմ դրսից մինչև տանիքի երեսը ծածկված Է հողի լիցքով, իսկ ներսից, մոտ կես մետր, հեղեղատների բերած տիղմով: Դրսից հողով ծածկված են բոլոր լուսամուտները , որոնք տեղավորված են արևելյան և արևմտյան երկաթնական պատերում: Այժմ սեղանատունը աղոտ լուսավորվում է տանիքում պահպանված երդիկով և արևելյան պատի հյուսիսային ծայրում գտնվող, կիսով չափ հողում թաղված դռնով: Սեղանատունը հյուսիսից հարավ ձգված ուղղանկյուն մի շինություն է շեշտված սլաքաձև թաղով ծածկված, որը երեք թաղակիր կամարներով բաժանվում Է 4 անհավասար մասի: Ներքին տարածության չափերն են՝ լայնությունը թաղակիր կամարների միջև 5,40 մ, իսկ երկարությունը` 26,70 մ-ից 28,40 մ : Այս տարբերությունը հետևանք Է այն բանի, որ սեղանատան և եկեղեցու երկայնական աոանցքների կազմած անկյունը ուղիղ չէ և արևմտյան պատը երկար է արևելյանից: Հարավից սեղանատան համար բնական պատ է ծառայում բարձր ուղղաձիգ ժայռը, որի ստորոտում տեղադրված է Հարանց անապատի ամբողջ կոմպլեքսը:
Ներսում սեղանատունը պատերի ուղղաձիգ հատված չի ունեցել թւսղը սկսվում է անմիջապես հատակից:
Հալիձորի Հարանց անապատի և Տաթևի Մեծ անապատի սեղանատները, բացարձակ չափերով և հատակագծի համաչափություններով բավական նման են միմյանց և ամենախոշորներն են XVII դարի Սյունիքի համալիրների հա մանմ ան կառուցվածքների մեջ:
XVII—XVIII դարերում սեղանատուն է ունեցել և Շատին վանքը՝ «Հեռի ի մենաստանէս տասն քայլիւ յարևելս կոյս է հոյակապ սեղանատուն զետեղեալ ի վերայ վեցից կամարաց որոյ երկայնութիւնն է քսան և հինգ քայլ և լայնությունն տասն, համակ ի կոփածոյ քարանց…»:
Սեղանատնից այժմ ոչինչ չի պահպանվել, եկեղեցուց արևելք՝ մի քանի մետր հեռավորության վրա նշմարվում է միայն, որ այդտեղ երբևիցե շինություն է եղել: Սակայն պատմիչի բերած այս սուղ տեղեկությունները հնարավորություն են տալիս վերականգնել կառուցվածքի ընդհանուր տեսքը: Հատակագծի չափերը կարելի Է իմանալ որոշելով Ջալալյանի չափի միավորի՝ ոտնաքայլի երկարությունը: Դա հնարավոր Է դաոնում վանքի գավիթի չափե- րի մասին բերած նրա տեղեկությունների շնորհիվ գավթի «...երկարութիւնն Է տասն և ութն քայլ, և լայնութիւնն ութն»: Գավթի չափերն են 5,53x13,6 մ: Ոտնաքայլի չափը ստացվում է 0,6-ից 0,75 մ, միջինը՝ 0,72 մետր: Հետևաբար, սեղանատունը ունեցել է մոտավորապես 7 մետր լայնություն և 18 մ երկարություն: Մեր կարծիքով սրանք արտաքին չափերն են, որովհետև 7 մետր երկարությամբ թաղի թռիչք չի հանդիպում այս դարի և ոչ մի կառուցվածքում: Թաղն ունի վեց թաղակիր կամար, որոնք միմյանց համեմատաբար մոտ են տեղադրվսւծ՝ մոտ 2 մետր:
XVII դարին է պատկանում նաև Գնդեվանքի սեղանատունը, որը գտնվում է վանքի հարավային պարիսպներին կից, ներկառուցված բնակելի և օժանդակ սենյակների շարքում: Այս դահլիճն ամենամեծն Է եղած բոլոր շինությունների շարքում և ունի բավականին մեծ օջախ: Հետևաբար այն ղուգակցում Է սեղանատան և խոհանոցի ֆունկցիաները: Սեղանատանը կից էմի օժանդակ սենյակ, որը հատակում եղած քառակուսի անցքով կապ ունի նկուղային հարկում գտնվող մթերանոցի հետ:
Գնդեվանքի սեղանատունը հատակագծում ուղղանկյուն կառուցվածք Է (4֊,1xX7,62 մ), թաղածածկ, առանց թաղակիր կամարների: Միակ մուտքը գտնվում է արևելյան պատի հյուսիսային անկյունում և բացվում է դեպի թաղածածկ սրահը: Սեղանատունը ինտերյերում թողնում է բավական ընդարձակ դահլիճի տպավորություն, չնայած ոչ մեծ չափերին: Դա արդյունք է լայնության և երկարության հարաբերության (երկու քառակուսուց մի քիչ փոքր) և սեղանատան զգալի բարձրության մոտ հինգ մետր: Ընդարձակության պատրանքը ուժեղանում է հյուսիսային և հարավային երկայնական պատերում ստեղծված մեծ որմնախորշերով: Այս պատերի ամբողջ երկարությամբ ձգվում են զույգ որմնակամարներ, որոնք հանգչում են պատերի մեջտեղում տեղադրված, միակտուր բազալտից իրականացված որմնասյուների վրա: Որմնակամարները հնարավորություն են տվել երկայնական պատերը ավելի նեղ կառուցել` հարավայինը միաժամանակ ծառայում է որպես վանքի պարիսպի պատ և առանց որմնախորշի ունի 1,27 մ լայնություն:
Սեղանատունը առատ լուսավորվում է հարավային պատի բավականին մեծ զույգ լուսամուտների միջոցով (0,85x,08 մ): Ուղղանկյուն այս բացվածքները իրենց չափերով եզակի են XVII դարի համանման կառուցվածք֊ ներում: Հյուսիսային պատում կա փոքր, կլոր լուսամուտ, որը, հավանաբար, օգտագործվել է միայն միջանցիկ օդափոխության նպատակով:
Տանձափարախի սեղանատունը տեղադրված է եկեղեցու հարավային կողմում, 1,7 մ հեռավորության վրա: Սեղանատունը ուղղանկյուն թաղածածկ կառուցվածք է, որի երկայնական առանցքը զուդահեռ է եկեղեցու հիմնական աոանցքին, իսկ արևմտյան ճակատը, որի առջև, կան սրահի փլատակներ, մի գծի վրա է գտնվում եկեղեցու համապատասխան ճակատի հետ: Սեղանատան ներսի չափերն են 4,1x8,33 մ, համաչափություններով՝ մոտ երկու քառակուսի: Չկան թաղակիր կամարներ: Դռներր տեղադրված են արևելյան և արևմտյան պատերի հյուսիսային մասերում և հարավային պատում: Լուսամուտները նույն պես երեքն են: Սեղանատան հյուսիս-արևմտյան անկյունում տեղադրված է մեծ կրակարան: Սա նշանակում է, որ, ինչպես Գնդեվանքում, սեղանատունն առանձին խոհսւնոց չի ունեցել:
Տաևևի վանքի սեղանատունը (XVIII դարի առաջին կես ) հարակից օժանդակ սենյակներով, խոհանոցով, մթերանոցով տեղադրված է վանքի հարավ-արևելյան մասում, ձորի եզրին: Այն մի հարկանի է, գլանաձև թաղով ծածկված, որը ուժեղացված է զույգ, թաղակիր կամարներով: Հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք ձգվող այս դահլիճի (5,4x8,11 մ) մուտքը գտնվում է հարավ-արևելյան երկայնական պատի մեջտեղում և բացվում թաղածածկ մի սրահ, որտեղից կան դռներ դեպի խոհանոցը և մթերանոցը:Պահպանված միակ լուսամուտը գտնվում է հարավ-արևմտյան պատում: Հարավային մասում, պատի երկարությամբ պահպանվել են քարե նստարանները: Խոհանոցը տեղադրված էեղանատան մուտքի դիմաց և վերջինիս հետ կապվում էթաղակապ սրահով: Քառանկյունի հատակագիծ ունի և ի տարբերություն մյուս շինությունների ծածկված էխաչվող թաղերով և լուսավորվում Է միայն վերևի կլոր երդիկով: Խոհանոցի հյուսիսային անկյունում պատվանդանի վրա տեղադրված է քարե երկարավուն վառարան, որի թաղի միջում թողնված է ծխելու անցքը:
Հարավային անկյունում կա նկուղ` մթերքներ պահելու համար: Խոհանոցին հարավից կից է ուղղանկյուն մի շինություն, որը ծառայել է որպես պահեստ: Սեղանատան և խոհանոցի միջև, թաղածածկ սրահի հետևը գտնվում Է մի այլ սենյակ, որի հարավային անկյունում դրվել են փայտե մեծ պահարաններ, սննդամթերքների համար:
Շնհերի անապատի սեղանատունը (1720 թ.) տեղադրված է համալիրի հարավային մասում, եկեղեցու հատակի նիշից 3,6 մ ցածր, որի հետևանքով սեղանատան կտուրը եկեղեցու համար ծառայում է որպես բակ՝ գավթից դուռր անմիջապես բացվում է դեպի տանիքը:
Ուղղանկյուն այս կառուցված (3,78x12,61 մ ) ձգվում է արևմուտքից արևելք` թեթևակի շեղումով և ծածկված է գլանաձև թաղով: Մաքուր տաշված քարերից շարված են արևմտյան դուռը և զույգ թաղակիր կամարները, որոնք սեղանատան ներքին տարածությունը բաժանում են երեք հավասար մասի: Մեկ դուռ ևս կա արևելյան պատում (այժմ փակված շարվածքով ):Այս դուռը , հավանաբար, տարել Է դեպի խոհանոցը, որից այժմ ոչինչ չի պահպանվել:
Սեղանատունը լուսավորվում է հարավային պատի երեք լուսամուտներով: Մի ուրիշ ավելի փոքր լուսամուտ բացված է արևմտյան դռան վրա:
Շնհերի Կուսանաց անապատի սեղանատան հատակագծի համաչափությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ այստեղ, ինչպես և Տաթևի Սեծ անապատի սեղանատան հատակագծում, կա կառուցվածքի հատակագծի հիմնական չափերի կախվածություն ՝ նրա լայնությունից: Հատակագծի հիմքում դրված է պարզ թվերի հարաբերությունը: Այսպես, ներսի լայնությունը (պատերի միջև) հարաբերում է երկարությանը ինչպես 3:10, իսկ թաղակիր կամարների առանցքների միջև եղած հեռավորությունը ՝ 6:7:
Լայնությունը հավասար է թաղակիր կամարներով սեղանատունը 3 մասի բաժանելուց առաջացած հատվածների երկարությանը` այսինքն ստացվում է երեք քառակուսի:
Բայց հետաքրքրականն այն է, որ հատակագծի հիմքում միաժամանակ դրված է մոդուլային համակարգը՝ որպես մոդուլ ծառայում է թաղակիր կամարի լայնությունը՝ 0,63 մ: Այսպես, լայնությունը հավասար է ուղիղ 6 մոդուլի, երկարությունը՝ 20, թաղակիր կամարների առանցքների հեռա- վորությունը` 7, թաղակիր կամարների հեռավորությունը` 6 մոդուլ:
Նշված բոլոր սեղանատների կոմպոզիցիոն առանձնահատկությունների վերլուծությունը ցույց Է տալիս, որ նրանք ունեն ֆունկցիոնալ, կոնստրուկտիվ և ճարտարապետական գեղարվեստական շատ ընդհանուր հատկանիշներ:
XVII-XVIII դարերի Սյունիքի ճարտարապետական համալիրներում սեղանատները տեղադրվում են եկեղեցու մոտ, աչքի ընկնող տեղում: Հալիձորի Հարանց անապատում և Բեխի անապատում նրանք նույնիսկ կից են հիմնական կառուցվածքին: Իրենց չափերով սեղանատները համալիրների ամենախոշոր կառուցվածքներն են եկեղեցիներից հետո, իսկ որոշ դեպքերում երկարությամբ նույնիսկ գերազանցում են նրանց Տաթևի Մեծ անապատում և Հարանց անապատում): Նրանք բոլորն Էլ աչքի են ընկնում իրենց հորինվածքի հսատկությամբ ուղղանկյուն կառուցվածք, ծածկված գլանաձև թաղով, որը մեծ մասամբ ուժեղացված է թա ղակիր կամարներով: Հատակագծի համաչափությունները թաղակիր կամարներից զուրկ կառուցվածքներում (Գնդեվանք, Բեխի անապատ) կազմում է 1:1,6—2, իսկ թաղակիր կամարների առկայության դեպքում (Տաթևի Մեծ անապատ և Հարանց անապատ) այն կազմում է 1:4,4: XVIII դարում կառուցված սեղանատները (Տաթևի վանք, Շնհերի անապատ), որոնք նույնպես ունեն թաղակիր կամարներ, ավելի քիչ են ձգված՝ 1:3: Սեղանատների ուղղանկյուն հորինվածքը ֆունկցիոնալ տեսակետից ամենաշահեկանն է՝ կառուցվածքի մակերեսի առավելագույն օգտագործման տեսակետից (սեղանները դրվում են երկու կողմից երկայնական պատերի ուղղությամբ): Սեղանատների մուտքերը, երբ շրջապատի կառուցապատումը չի խանգարում, որպես օրենք, բացվում են երկայնական առանցքի ուղղությամբ՝ նեղ կողմից (Գնդեվանք, Տանձափարախ, Շնհեր ): Դռների այսպիսի տեղադրումը պատճառաբանված է շարժման գրաֆիկով և թույլ է տալիս առավել նպատակահարմար, ռացիոնալ օգտագործել ներքին տարածությունը: Լուսամուտները տեղադրված են երկայնական պատերում և հիմնական ում բացվում են դեպի հարավ: Այսպիսի կողմնորոշումը նույնիսկ բա ցվածքների փոքր չափերի դեպքում սեղանատան ինտերյերում ստեղծում է բավարար լուսավորություն: Լրացուցիչ լուսավորություն ստացվում է և ծածկի թաղի մեջ թողնված երդիկների միջոցով (Տաթևի վանք, Հալիձոր, Տաթևի անապատ), որոնք, սակայն, հիմնականում ունեն օդափոխության նշանակություն:
Առանց բացառության, սեղանատները կառուցված են կոպիտ մշակված տեղական բազալտներից: Մաքուր տաշված քարերից շարված են միայն բացվածքներն ու թաղակիր կամարները: Չկան զարդաքանդակներ, տրամատներ և գեղարվեստական հարդարանքի այլ տարրեր: Ինտերյերում գեղարվեստական արտահայտչականություն ստեղծվում Է թաղակիր կամարների և որմնասյուների ռիթմով: Կոնստրուկտիվ նշանակությունից բացի նրանք միևնույն ժամանուկ ունեն և դեկորատիվ նշանակություն՝ սեղանատան հորիզոնական ձգված տարածությունը մասնատում են առանձին հատվածների, ավելի համաչափ կառուցվածքի լայնությանը: Սյունիքի սեղանատները աչքի են ընկնում իրենց անպաճույճ ճակատներով, պարզ միջոցներով ստացված արտահայտչականությամբ, կոնստրուկցիաների ճշմարտությամբ և XVII—XVIII դարերի հայ աշխարհիկ ճարտարապետության հետաքրքրական կառուցվածքներից են:
Պաշտպանական կառուցվածքներ
Սյունիքն իր աշխարհագրական դիրքով, անանցանելի լեռնաշղթաներով խոր ձորերով մի բնական անառիկ ամրոց է: Բնության բարենպաստ պայմանները շատ հաճախ վճռական դեր են խաղացել պատմական Հայաստանի այս կարևոր նահանգի՝ օտար նվաճողների դեմ մղած պատերազմներում:
Անառիկ բնությանը դեռ վաղ միջնադարից ավելացվել են բազմաթիվ բերդեր և ամրոցներ, պաշտպանական կառուցվածքներ, որոնք հնարավորություն են տվել Սյունյաց իշխաններին միշտ հաջող պայքար մղել իրենց անկախության և ազատության համար:
Սյունյաց նշանավոր ամրոցներից կարելի է նշել Բաղաբերդը, Երնջակը, Սմբատաբերդը, Որոտնը, Պռոշաբերդը, որոնք հայտնի են դեռ վաղ միջնա- դարից: Բայց, ի տարբերություն պաշտամունքային կառուցվածքների, բերդերն ու ամրոցները թշնամիների կողմից ավերվել են, քանդվել, իսկ հետագայում մոտակա գյուղերի համար ծառայել պատրաստի մշակված քարի շտեմարան, որի հետևանքով հնագույն հայտնի ամրոցներից խղճուկ մնացորդներ են մեզ հասել: Համեմատաբար լավ են պահպանվել ուշ միջնադարի կառուցվածքները:
Սյունիքի XVII — XVII1 դարերի պաշտպանական կառուցվածքները կարելի Է բաժանել երկու խմբի՝ վան-ամրոցների և բերդերի: Առաջին խմբին են պատկանում Շատին վանքը, Տաթևի Մեծ անապատը, Հալիձորի բերդը, Գնդեվանքը, Տաթևի վանքը, երկրորդից պահպանվել է միայն Մեղրու բերդը
(Բաղաբերդը և Որոտնը , որոնք նույնպես զգալի դեր են խաղացել XVIII դարի առաջին քառորդի Սյունիքի ազգային-ազատագրական պայքարի ժամանակ, այդ տարիներին Էական վերափոխման չեն ենթարկվել և պապան ել են իրենց նախնական կերպարը):
Դեռ IX—XI դարերում միջնադարյան Հայաստանի վանքերը շրջապատվում Էին պարիսպներով, որոնք, սակայն , որպես պաշտպանական կառուց-վածքներ բավականին համեստ էին, և վանքերը ոչ մի հավակնություն չունեին ամրոցների դեր խաղալու: Դրությունն արմատապես փոխվեց Հայաստանի անկախության ու պետականության կորստից հետո , երբ վանքերը սկսեցին իրենք մտածել սեփական անվտանգության ապահովման մասին: Թե նոր կառուցվող և թե արդեն գոյություն ունեցող մենաստանները շրջապատվեցին այնպիսի պաշտպանական կառուցվածքներում, որոնք բնորոշ են ամրոցներին: XII—XIII դարերում բուրգերով պարիսպներ կառուցվեցին մի շարք համալիրներում, որոնցից կարելի է նշել Հաղպատի, Առաքելոց վանքերը:
Պաշտամունքային և պաշտպանական կառուցվածքների համանման զուգակցման հանդիպում ենք նաև Սյունիքի համալիրներում՝ Մաքենացոց Վանքում, Որոտնավանքում:
Վանք-ամրոցների կառուցումը լայն տարածում ստացավ առանձնապես XVII դարում: Հայաստանի վանքերի մեծ մասն այդ դարում շրջապատվեցին պաշտպանական կառուցվածքներով (Գնգեվանք, Տաթևի վանք, Նորավանք,Գեղարդ, Հառիճավանք): Բայց վանք-ամրոցը իր ճարտարապետա- կան ավարտուն կերպարն ստացավ XVII դարում կառուցված նոր համալիրներում (Խոր-Վիրապ, Տաթևի Մեծ անապատ, Շատին վանք, Հալիձորի անապատ),որտեղ անսամբլը հենց սկզբից կառուցվում էր կրոնական և պաշտպանական տարրերի զուգակցման միասնական մտահղացումով:
XVII դարի վանք-ամրոցների ճարտարապետական ձևերի , կոնստրուկցիաների, գեղարվեստական կերպարի մեջ պարզորոշ նկատվում են գենետիկ կապը մ իջնագարյան հայկական ամրոցների հետ և միաժամանակ այն բոլոր տարբերությունները , որոնք արդյունք են այս յուրօրինակ զուգակցման առանձնահատկություններին և շինարարական պայմանների փոփոխմանը: Միջնադարում վանք-ամրոցներ ոչ միայն Հայաստանում են հանդիպում, այլև Բալկանյան երկրներում: Այնտեղ բերդերից բացի երկրի պաշտպանության գործին ծառայում էին և վանքերը, որոնք ոչ միայն կրոնական, մշակութային կենտրոններ Էին, այլև հաճախ ունեին ամրոցներին հատուկ պաշտպանական կառուցվածքներ, աշտարակներ: Հետաքրքրական է, որ, օրինակ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռումինիայում XVII դարում լայն տարածում է գտնում վանք-ամրոցների շինարարությունը: Սա արդյունք է երկու ժողովուրդների իրավիճակի ընդհանրության, անկախության կորստի, որի հետևանքով վանք-ամրոցները կոչված էին «...բավարարելու երկրի պաշտպանության պահանջը այն ժամանակաշրւանում, երբ թուրքական կառավարությունը թույլ չէր տալիս ամրոցներ կառուցել »:
Ուշ միջնադարում Վրաստանում նույնպես վանքերն ու խոշոր եկեղեցիներն ստացան իրենց պաշտպանական կառուցվածքները (բուրգերով ուժեղացված պարիսպներ), որոնք, սակայն, նախատեսված էին հիմնականում կրոնական կենտրոնի պաշտպանության համար: XVI—XVIII դդ. իր անկախությունն ու կենտրոնական իշխանությունը պահպանած վրացական պետությունն ի վիճակի էր բազմաթիվ ամրոցներ կառուցել, որոնք և ապահովում էին երկրի անվտանգությունը թուրքական և պարսկական էքսպանսիայից: Ամրոցներից հեռու բնակավայրերի բնակչության պաշտպանության համար XVIII դ. Վրաստանում ստեղծվեց մի յուրօրինակ ռազմական կաոուցվածք` «ամրոց-ցանկապատը» (վրացերեն՝ «գալավանի »): Սա պարսպապատ մի տարածություն էր, որտեղ թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ ապաստանում էին շրջակայքի բազմաթիվ գյուղերի ու ավանների բնակիչները :
XVI—XVII դդ. պաշտպանական կառուցվածքների դեր էին կատարում և Ռուսաստանի շատ վանքեր: Եթե սկզբնական շրջանում նրանք կառուցվում էին քաղաքներում կամ նրանց շրջակայքում, ապա ուշ միջնադարում վանքեր էին ստեղծվում Ռուսական պետության կողմից նվաճվող նոր հողերում (Պովոլժյե, Ուրալ), որոնք միաժամանակ և ամրոցների դեր Էին խաղում: Այս հետաքրքրական երևույթր իրավամբ կոչվում է «վանքային գաղութացում»:
Վանքերը խոշոր ռազմական նշանակություն ունեին և կենտրոնական Ռուսաստանում` մանավանդ XVII դ առաջին կեսում ռուս-շվեդական պատե- րազմի ժամանակ: Այսպես, 1613 թ. Տիխվինյան վանքը ետ մղեց շվեդների հարձակումը:Կիրիլ-Բելոզերյան վանքի նույնպես հաջողությամբ դիմադրել Է թշնամու գրոհին, XVI դ. 80-ական թվականներին ստեղծված իր պաշտպանական կառուցվածքների շնորհիվ:
Սակայն ամենախոշոր ռազմական իրադարձությունը, կապված Ռուսաստանի վանքերի հետ, Տրոիցյան-Սերգեևյան վանքի պաշտպանությունն է 1608 —1610 թթ., երբ վերջինս դիմացավ թշնամու 16-ամսյա պաշարմանը:
Հարթավայրերում կառուցված ռուսական այս վանքերի համեմատ ուշ միջնադարի Հայաստանի վանքերն առավել անառիկ էին՝ շնորհիվ իրենց տեղագրության:
XVII դարի Սյունիքի վանք-ամրոցները տեղադրված են դժվարամատչելի, բարձրադիր վայրերում՝ լեռների զառիթափ լանջերին, հեռու բնակավայրերից և բանուկ ճանապարհներից: Այս երևույթը բացատրվում է համալիրների բնույթով՝ անապատները (մենաստանները) պետք է հեռու կառուցվեին բնակավայրերից, ապահովելու միաբանության առանձնացումը արտաքին աշխարհից: Սակայն տվյալ տեղը ընտրվում էր նկատի ունենալով զուտ պաշտպանության, մենաստանի անվտանգության գործոնը: Այսպես, բարձր լեռան լանջին, գագաթից քիչ ցածր, խիտ անտառի մեջ թաքնված, կառուցված է Բեխի անապատը: Նման տեղադրություն ունի և Հալիձորի Հարանց անապատը: Շատին վանքը կառուցված է Եղեգիսի ձորից շատ բարձր, դժվարամատչելի մի ամայի վայրում: Անմատչելի տեղում է կառուցված Հալիձորի բերդը (Հալիձորի անապատը:): Սակայն դա դեռ չի նշանակում, թե վանք-ամրոցների տեղաբաշխումը Սյունիքում ելնում էր ստրատեգիական նկատառումներից՝ ստեղծելու Հայաստանի այս մասում պաշտպանական կառուցվածքների ցանց: Մենաստանները կառուցվում էին կամ ավելի վաղ՝ X—XIV դարերում գոյություն ունեցող կրոնական կենտրոնների տեղում (Շատին վանք, Կնեվանք, Բեխի անապատ), կամ էլ հարևան խոշոր վանքերին (Տաթևի Մեծ անապատ): Հիմնականը վանք-ամրոցների պաշտպանական միջոցա– ոումներում դա իրեն՝ մենաստանի անվտանգության ապահովումն էր: Միայն Հալիձորի բերդը, շնորհիվ իր բացառիկ հարմար դիրքի, դարձավ XVIII դարի անկախ Ղափանի կենտրոն ու հիմնական ամրոցը և մեծ գեր խաղաց Դավիթ-Բեկի ազատագրական կռիվներում:
Հալիձորի բերդը տեղաղրված է Ողջի գետի աջ ափի զառիթափ լեռնալանջի փոքրիկ գոգավորության վրա: Այս բարճունքից իշխելով շրջապատի վրա, բերդը հսկողությհան տակ է պահում Ողջիի ձորը և նրանով անցնող այն կարևոր ճանապարհը, որը միացնում է Կապանը Բաղաբերդի և Տաշտոնի լեռնանցքով՝ Մեղրի գավառի հետ: Ճանապարհը ձորից դեպի Հալիձորի բերդը տանող կածանները լավ դիտվում են բերդից և անհրաժեշտության դեպքում կարող են վերևից գնդակոծվել: Իսկ հակառակ՝ հյուսիսային և արևմտյան կողմերից Հալիձորի բերդը պաշտպանվում Է բնական արգելքով խիստ զառիթափ և անտառապատ լեռնալանջռվ:
Բերդը շրջապատված է պարիսպներով: Հատակագծում այն անկանոն քառանկյունի է, յուրաքանչյուր պարսպապատն ունի մոտ 50 մ երկարություն: Հատակագծի անկանոն ձևը կախված է տեղանքից: Պարիսպները հաստ չեն, նրանց լայնությունը մոտ մեկ մետր է: Այսպիսի չափը XVIII դարի պաշտպանական կառուցվածքներում բացատրվում Է նրանով, որ հրազենի առկայության դեպքում հաստ պարիսպներն արդեն ավելորդ էին բաբաներով գրոհելու ժամանակաշրջանն անցել էր, իսկ հրանոթը դեռ լայն կիրառում չուներ լեռնային վայրերում մղվող պատերազմներում: Արևելյան պարիսպը, որը կառուցված է տեղանքի ամենացածր մասում, միաժամանակ և հենապատ է ծառայում, որովհետև բերդի բակի արևելյան մասը լիցքի շնորհիվ բարձր է ստացվել շրջապատից: Այս պարիսպը դրսից ունի 3—3,5 մ բարձրություն, իսկ ներսից կես մետր ( ավելի ճիշտ այսքանն է պահպանվել թուրքերի կողմից բերդը գրավելուց և ավերվելուց հետո):
Ամրոցն ունի շրջանաճև հատակագծով (արտաքին տրամագիծը հինգ մետր է) մեկ բուրգ՝ հարավ-արևմտյան անկյունում: Բուրգր տեղադրված Է համալիրի համեմատաբար թույլ մասում, որովհետև եթե հյուսիսից և Հարավից բերդը վերևից իշխում է շրջապատի վրա, ապա հարավ-արևմուտքից , ընգհակառակը, այն ցածր է գտնվում տեղանքի նկատմամբ և խոցելի է այդ կողմից:
Հալիձորի բերդր պարիսպներից և բուրգից բացի, այժմ պահպանված ուրիշ պաշտպանական կառուցվածքներ չունի: Եկեղեցուն կից երկհարկանի շինությունները, որոնք նայում են դեպի արևելք՝ դեպի Ողջիի ձորը, հավանաբար օգտագործվել են և ռազմական նպատակներով: Ցավոք, հարավային խմբի արևելյան մասը լրիվ քանդված Է և հնարավոր չի վերականգնել նրանց սկզբնական կերպարը, մանավանդ դեպի ձորը՝ թշնամու մոտեցման հիմնական կողմին նայող մասի հորինվածքը: Հյուսիսից կից շինությունների երկրորդ հարկը երկար թաղածածկ սենյակ է, որը նեղ կողմով՝ ամբողջ լայնությամբ կամարակապ բացվածքով դուրս է գալիս առաջին հարկի հարթ կտուրը: Այս հարթակը գտնվելով արևելյան պարսպից ինը մետր հեռու և ՚վերջինից երեք մետր բարձր, փաստորեն, վեր Է ածվում բերդի արևելյան մասի պաշտպանական սիստեմի երկրորդ աստիճանի (պարսպից հետո):
Հավանաբար այսպիսի հարթակ եղել է և հարավային կողմում, երկրորդ հարկի զույդ սենյակների առջև: Հարթակից վտանգի ժամանակ կարելի Է կրակի տակ վերցնել պարիսպների մատույցները, կրկնապատկելով, ըստ բարձրության, պաշտպանական համակարգը:
Հետաքրքրական Է և եկեղեցու հարթ կտուրի առկայությունը: Եկեղեցին կառուցված է թեքադիր տեղանքի վրա՝ արևելքից նա բերդի բակից բարձր է մոտ 9 մ, իսկ հակառակ կողմից ընդամենը 1,5 մ՝ այսինքն արևմուտքից կտուրը միանգամայն մատչելի է վրան բարձրանալու համար: Եկեղեցին սկզբնական շրջանում ունեցել է երկթեք կտուր, այդ դարի համանման կառուցվածքների համար ընդունված լանջի թեքությունով: Բայց հետո այն վերածվել Է հարթ կտուրի, որի համար համապատասխանորեն բարձրացրել են պատերը: Այս վերակառուցումը պարզ երևում Է արևելյան ճակատի վրա պահպանված սկզբնական քիվի շնորհիվ: Իսկ ի՞նչն էր այսպիսի վերակառուցման նպատակը, եթե նկատի ունենանք, որ XVII — XVIII դարերում հարթ կտուրով պաշտամունքային կառուցվածքների մենք չենք հանդիպում: Մեր կարծիքով այն կատարվել է միմիայն պաշտպանական նկատառումներով: Եկեղեցու կտուրը, հավասաովել է երկու կողմից կառուցված երկհարկանի շինությունների վերին հարկի կտուրներին և ստացվել է բարձրադիր մի հրապարակ՝ մոտ 200 մ 2 մակերեսով: Գտնելով պարիսպների մերձակայքից արդեն զգալի բարձրության վրա, այս հարթակից կարելի է գնդակոծել ոչ միայն ամրոցի մատույցները, այլև ամբողջ ձորը, հսկողության տակ վերցնելով մի հսկայական տարածություն: Փաստորեն ըստ բարձրության ստացվում է եռաստիճան պաշտպանական սիստեմ՝ պարիսպներ և բակ՝ մատույցներից 4 մ բարձր, հարթակ` յոթ մետր բարձր և հրապարակ կտուրում՝ մատույցներից արդեն 12 մ բարձր: Հրացանային կրակի եռապատկումը հիրավի ստեղծում է այնպիսի հարվածային ուժ, որը գումարվելով ամրոցի բացառիկ շահեկան (ռազմական տեսակետից) դիրքին, վերջինս դարձնում է անմատչելի:
Հալիձորի Կուսանաց անապատը դարձնելով ազատագրված Ղափանի կենտրոնը, Դավիթ-Բեկը, ըստ պատմիչի, այն ամրապնդել է և որոշ վերա- կառուցումներ արել, որովհետև անապատն ունեցել է միայն իր պաշտպանության համար նախատեսված, բավականին համեստ կառուցվածքներ: Պաշտ- պանության նման հաջող բազմաստիճան համակարգը և անառիկ դիրքը թույլ են տվել Դավիթ-Բեկին իր 350 զինակիցներով դիմադրելու թուրքական 70000-անոց բանակին: Եթե ընդունենք, որ թշնամու. քանակը որոշ չափով գուցե և չւսփազանցված է պատմիչի կողմից, բայցյ, համենայն գեպս, ուժերի հարաբերության անհավասարությունն ակներև է՝ պաշարողները հարյուրապատիկ ավելի են: Սակայն շնորհիվ ամրոցի պաշտպանական լավ հատկություններին » և զաւուրս վեց մարտ եդեալ միմեանս կըռուէին, և ի կողմանցն հակառակաց (յաւուրն հարիւր, կամ երկու հարիւր, և երբեմն նաև երեք, կամ չորս հարիւր անկանէին, և ի սոցանէ հազիւ մի ոք, կամ երկու վասն ամրու¬թեան տեղւոյն”:
Պատմիչը նկարագրում է թշնամու գրոհը, որն օգտագործել է և «մեծամեծ մեքենայս»: Բայց բոլոր միջոցներն անարդյունք են եղել՝ բերդի փոքրաթիվ պաշտպանները կարողացել են ոչնչացնել այդ շարժական սանդուղքները նույնպես: Ընդհանրապես Հալիձորի բերդի պաշտպանության տեսարանները մեծ հետաքրքրություն են ներկայացնում որպես XVIII դարում հայերի մղած ազատագրական պայքարի մարտերի հավաստի նկարագրություն: Այն իր տեսակի մեջ եզակի է մեր պատմագրության մեջ: Իսկ առանձին մանրամասնություններն արժեքավոր են՝ այդ ժամանակաշրջանի պաշտպանական կառուցվածքներն ուսումնասիրելու և նրանց ճարտարապետական որոշ առանձնահատկությունները բացատրելու համար: Օրինակ, չի հիշատակվում հրետանու օգտագործման մասին: Հայտնի է դառնում, որ չնայած հրազենի առկայությանը, ամրոցների պաշարման համար օգտագործել են դեռ վաղ միջնադարից կիրառվող սանդուղքները ՝ պարիսպներից ներս թափանցելու համար: Ւսկ պաշտպանվողները սրա դեմ պայքարել են ճիշտ այնպես, ինչպես հարյուրամյակներ առաջ «…զահագին մեծամեծ մեքենայս ( ըստ կերպի մեծամեծ սանդղոց, թվով քսան և վեց) ընդ ինքեանց բարձեալ բերէին, գային մերձենային, և ի պարիս ոք անդր յեցուցանէին, և բազմաթիւ յերիս խումբս բաժանեին, և յերից կողմանց գրոհ տուեալ ի մեքենայից անտի ի վերայ պարսպացն դիմէին: Իսկ պահապանք պարսպացն ի վերուստ անտի հարեալ զնոսա, ի մեքենայիցն ի վայր թօթափէին...»:
Շարժական սանդուղքների դեմ պայքարելը արևելյան և հյուսիսային պարիսպների վրա համեմատաբար հեշտ էր, քան հարավային կողմում , որովհետև առաջին երկու կողմից բերդի բակը զգալի բարձր էր, քան պարիսպներից դուրս գետինը: Իսկ հարավից պարսպապատը բարձր է բակից մոտ չորս մետր և պաշտպանողներին պարսպի վերևում կռղվլու և սանդուղքները շուռ տալու համար անհրաժեշտ էին տախտակամածներ: Հալիձորի բերդը, ինչպես և շատ ուրիշ բերդեր Հայաստանում, ունեցել Է գաղտնի անցք դեպի դուրս: Այդպիսի անցքերը օգտագործվել են կամ ամրոցի ներսում ջրի աղբյուր չունենալու դեպքում դրսից ջուր հայթայթելու համար, կամ էլ պաշարող թշնամու վրա անսպասելի հարձակվելու համար: Հալիձորում գաղտնի անցքը օգտագործվել է այս երկրրորդ նպատակի համար, և անակնկալը թշնամու համար այնքան մեծ է եղել, որ մի քանի հարյուր զինվորներ կարողացել են խուճապի մամնել թշնամու զորքը:
Սյունիքի համալիրներից պաշտպանական-ռազմական առումով աչքի Է ընկնում նաև Շատին վանքը: Վանքի հիմնական մոտեցումր հարավային կողմից (Եդեգիսի ձորից) է, որի պաաճառով այս կողմի պարիսպր՝ 82 մ երկարությամբ ուժեղւսցված Է երեք, կիսաշրջանաձև. հատակագծով բուրգերով: Հարավային պարսպին կից, բակի կողմից, պատի ամբողջ երկարությամբ կառուցված են երկհարկանի շինություններ, որոնց վերին հարկում եղել են բնակելի սենյակներ (այժմ չեն պահպանվել), իսկ ներքևի կիսանկուղային հարկը՝ ունեցել է տնտեսական նշանակությունից բացի, անհրաժեշտության դեպքում նաև պաշտպանական-ռազմական նշանակություն: Այսպես, արևմտյան բուրգի մուտքը անմիջականորեն նկուղից է-, իսկ արևելյանինը՝ նկուղին կից սենյակից: Նկուղային հարկը, որը կազմված է երկու երկար սրահներից, ունի լուսամուտներ դեպի դուրս: Սրանք բարձր լինելով պարսպի ստորոտից, կարող Էին պաշտպանության ընթացքում ծաոայել որպես հրակնատներ:
Բուրգերը հատակագծում ունեն 5 մ տրամագիծ, իսկ պատերի , ինչպես և ողջ հարավային պարսպի հաստությունը հասնում է 1,3 մետրի: Հարավային պարիսպը լինելով ամենաերկարը և ամենաբարձրը (այժմ կիսով չափ փլված է, սակայն երկրորդ հարկի առկայությամբ ունեցել է 10 —12 մ բարձրություն) միաժամանակ ամենալավ պաշտպանվածն է և կոնստրուկտիվ տեսակետից ամենակայունը՝ բուրգերի և երկհարկ կից կառուցվածքների շնորհիվ: Բացի այդ, հարավային պարիսպը շարված է խնամքով մշակված բազալտե քարեից:
Համեմատաբար անբարենպաստ պայմաններում են գտնվում մյուս պարսպապատերը: Ունենալով 50 մետրից ավելի (հյուսիսային՝ 8Օ-ից ավելի) երկարություն, նրանք զուրկ են բուրգերից և կառուցված են անմշակ քարերից: Սակայն շինարարները կարողացել են այլ պարիսպներին նույնպես կայունու– թյուն տալ: Այսպես՝ հյուսիսային, ամենաերկար պարիսպը իրականացված է, ոչ թե ուղղաձիգ, այլ կոտրտվածք ստանալով հատակագծում մոտավորապես սեգմենտի ձև: Սա չի բխում տեղանքից, բլրի հավասարաչափ թեքություն ունեցող լանջից, սակայն զգալի կոշտություն Է հաղորդում պատին` կորագիծ պատն ավելի կայուն է, քան ուղղագիծ: Երեք պարսպապատերն էլ ունեն սեղանաձև կտրվածք՝ հիմքում լայնությունը 1,60 մ Է, իսկ վերևում՝ 1,0 մետր: Այսպիսի կոնստրուկցիան առավել նպատակահարմար Է երկար և առանց կոնրֆորսների պարսպապատերի կայունությունն ապահովելու համար: Հետաքրքրական Է, որ շինարարական նման հնարքի մենք հանդիպում ենք Եղեդնաձորին հարևան Սևանա լճի ավազանում գտնվող Մաքենացոց վանքում, կառուցված IX—X դարերում :
Սյունիքի նշանավոր կրոնական կենտրոններից մեկի՝ Գնդեվանքի պաշտպանական կառուցվածքները հորինվածքի հատակագծային-ծավալային լուծ– ման մի շարք հատկանիշներով շատ նման են Շատին վանքի կառուցվածքներին: Այսպես, հարավային պարսպապատը, ինչպես և Շատին վանքում, ուժեղացված է բուրգերով և բակի կողմից ունի կից, նույնպես երկհարկանի, շինություններ: Նկուղային հարկը հիմնականում ունի տնտեսական նշանակություն՝ որպես մթերանոց, մառան վերը, գտնվող սեղանատան համար: Այս պատճառով էլ սեղանատան օժանդակ սենյակից մուտք կա դեպի նկուղ: Բայց, միաժամանակ, վտանգի պահին, նկուղը ծառայել է պաշտպանության նպատակների համար: Արևմտյան բուրգի մոտ գտնվող սենյակը ունի երկու դուռ, որոնցից մեկը, դեպի վեր տանող քարե աստիճաններով կապում Է նկուղը բակի հետ, իսկ երկրորդը բացվում է դեպի ստորգետնյա մի միջանցք, որը տանում է բուրգի առաջին հարկը: Հատակագծում բուրգը ներսից Էլիպսաձև է և ունի երկու հրակնատ: Հետաքրքրականն այստեղ բուրգի հյուսիսային կողմում, գետնափոր, սֆերիկ թաղով ծածկված կլոր շինությունն է , որը կարճ միջանցքով հաղորդակցվում է միայն բուրգի հետ: Հավանաբար այս գետնափոր սենյակը հանդիսացել է բուրգի զինանոցը, զինամթերքի պահեստը: Հարավային պարսպապատը մյուսների համեմատ ավելի հաստ է: Այս տարբերությունը հետևանք է նախ և առաջ հարավաքին պարսպապատի զգալի բարձրությանը և այն հանգամանքին, որ կից սենյակների ծածկի թաղերը մի կողմով հենվում են պարսպապատի վրա:
Վանքի երկու մուտքերից խոշորը և հիմնականը տեղաղրված է համալիրի հյուսիս-արևմտյան մասում՝ հյուսիսային պարսպապատում: Հետա- քըրքրական Է մուտքի հորինվածքը դարբասի վերևում կա պահակատուն, որի առկայությամբ մուտքը վերածվել Է ուղղանկյուն աշտարակի: Դեպի պահակատուն կարելի Է բարձրանալ բակից, աշտարակի արևելյան կողմում շինված քարե աստիճաններով: Աշտարակի վերնահարկն առաջին հերթին ծառայել Է վանքի մատույցները հսկելու համար, որովհետև նրա երեք պատերում եղած ուղղանկյուն լուսամուտներն իրենց մեծ բացվածքներով հարմար են շրջապատը դիտելու համար: Իսկ ինչ խոսք, անմիջական վտանգի դեպքում այս պահակատունը կարող Է վերևից ուղղված կրակով ապահովել վանքի գլխավոր մուտքի պաշտպանությունը: Նման ուղղանկյուն աշտարակով մուտքի մենք հանդիպում ենք Անբերդում: Այստեղ բերդի հյուսիս-արևմտյան մուտքը՝ նույնպես վերևում, դարբասի վրա ունի աշտարակաձև հրակ- նատներով մի շինություն դարբասը պաշտպանելու համար:
XVII—XVIII դարերում իր պաշտպանական սիստեմը ստացավ նաև Տաթևի վանքը: Կառուցված լինելով անդնդախոր ձորի եզրին, վանքը հարավից և մասամբ արևմուտքից դուրս Է գալիս դեպի ձորը և այս կողմերից պաշտպանական կառուցվածքների կարիքը չունի: Իսկ բնական արգելքնե– րից զուրկ հյուսիսային կողմում կառուցված Է պարսպապատ՝ մոտ 60 մ երկարությամբ և 1,5 մ լայնությամբ, որը XVIII դարի վերջին լրացվել Է երկու կլոր բուրգերով՝ համալիրի հյուսի-արևելյան և հյուսիս-արևմտյան անկյուններում: Այժմ պահպանված Է միայն առաջինը՝ Աստվածածնի բուրգը, որն ունի 6 մ-ից քիչ ավել տրամագիծ և կառուցված է խոշոր, խնամքով մշակված բազալտե քարերից, կրաշաախով: Բուրգը հոծ Է հետևւաբար պաշտպան- վելու և թշնամուն հակահարված տալու համար օգտագործվել է միայն վերևի հարթակը: Աստվածածնի բուրգը գտնվում է հյուսիսային դարբասից ընդամենը 18 մ հեռու և հիմնականում կոչված է պաշտպանելու վանքի մռւտքը: Այդ պատճառով էլ հատակագծում այն պարսպապատի հարթությունից զգալի դուրս է գալիս՝ մոտ երեք քառորդի չափով:
Տաթևի վանքի հյուսիսային և արևմտյան պարսպապատերին բակի կողմից կից կառուցված են տարբեր շինություններ, որոնք լրացուցիչ ամրություն և կոշտություն են հաղորդում պարիսպներին, և պատահական չէ, որ արևմտյան, առանձին կանգնած պարսպապատը, որին կից ոչինչ չի կառուցված, այժմ համարյա լրիվ քանդված է:
Սյունիքի XVII դարի կրոնական համալիրներից բուրգերով պարիսպներ ունեցել են և Շնհերի Կուսանաց անապատը: Սակայն եղած երեք բուրգերից և ոչ մեկը այժմ չի պահպանվել:
Առանց բուրգերի Սյունիքում կառուցված են Կնեվանքր և Տաթևի Մեծ անապատը (Բեխի, Հալիձորի Հարանց, Մալևի անապատների պարիսպներից միայն հետքերն են մնացել):
Կնեվանքը շրջապատված է հատակագծում կանոնավոր ուղղանկյուն ձև ունեցող պարիսպներով: Նման հորինվածքն արդյունք Է հավասարաչափ, փոքր թեքություն ունեցող հարթ տեղանքի: Պարիսպները կառուցված են ճեղքված բազալտից և գետաքարից, կրաշաղախով՝ 1,2 — 1,3 մ լայնությամբ: Արևմտյան պարսպապատի մոտ, բակի կողմից երևում են ստորգետնյա գաղտնի անցքի հետքերը: Պարիսպների վերին մասը փլված Է և դժվար է որոշել նրանց սկզբնական բարձրությունը: Կնեվանքի պաշտպանական այս համեստ սիստեմը, հավանաբար, համապատասխանել Է վանքի տնտեսական վիճակին: Բայց սա փոխհատուցվում է համալիրի հաջող տեղադրումով՝ թեք սարալանջի վերևում, գագաթի մոտ:
Պաշտպանական տեսակետից բավական հաջող է մշակված Տաթևի Մեծ անապատի հատակագծային ծավալային ողջ հորինվածքը:
Համակառույցը շրջապատված է ուղղանկյուն հատակագծով հաստ և բարձր պարիսպներով: Սրանց պարագծով ներսից կառուցված միաբանության խցերի, կոմունալ և տնտեսական շինությունների հարթ տանիքները ծառայում են նաև որպես լավ պաշտպանված հարթակներ՝ մարտնչողներին պատսպարվելու և պարիսպների վրա գրոհող թշնամուն զինված հակահարված տալու համար: Պարիսպների անկյուններում շինված են վերնահարկեր ուղղանկյուն հատակագծով պահակատներ: Պարսպապատերը զգալի բարձր են` դրսից 8 մետր և բացի երկու մուտքերից չկան այլ բացվածքներ դեպի դուրս: Խուլ և բարձր պատերը անթափանցելի են և հարձակվողի կողմից պահանջում են հսկայական ջանքեր՝ այն հաղթահարելու և պարիսպներրց ներս անցնելու համար:
Տաթևի Մեծ անապատն ունի պաշտպանական համակարգն ուժեղացնող մի այլ հնարք, որն արտահայտվում Է համակառույցի հատակագծային լուծման մեջ: Հարավային կողմից մենաստանի ուղղանկյուն մասին կցված Է սեղանաձև ընդհանուր հատակագծով օժանդակ շինությունների մի խումբ, որի շնորհիվ հիմնական` հարավային մուտքը բացվում Է ոչ թե անմիջապես դեպի դուրս, այլ դեպի այս խմբի բակը: Տնտեսական կաոուցվածքների պատերը և բակի պարսպապատերը նույնքան բարձր են, որքան հիմնական մասի արտաքին պարիսպները և զգալի հաստ: Շինությունների այս խումբը, կարելի Է ասել, ծառայում Է Անապատի համար որպես պաշտպանական համակարդի առաջին աստիճան, որը թափանցելուց հետո միայն կարելի է մոտենալ մենաստանի դարբասին:
Տաթևի Մեծ անապատը պաշտպանական առումով եթե համեմատելու լինենք Սյունիքի այլ վանքերի ու մենաստանների հետ, կտեսնենք, որ նույնիսկ բուրգերի բացակայության դեպքում միայն պարսպապատեր ունեցող այս համակառույցն իր անառիկությամբ չի զիջում այնպիսի վանք-ամրոցների, ինչպիսիք են Հալիձորի բերդը, Շատին վանքը, Տաթևը, Գնդեվանքը:
Միջնադարյան Հայաստանի մյուս ամրոցներից իր հատակագծային-ծավալային հորինվածքով աոանձնանում է Մեղրու բերդը:
Մեղրու բերդի մասին առաջին պատմական տեղեկության հանդիպում ենք Ստ. Օրբելյանի մոտ, ըստ որի 1083 թ. բերդը կանգուն Էր և հայտնի: Բերդի կառուցման ժամանակը ճշգրիտ հայտնի չէ, սակայն, մեր կարծիքով ամենահավանականը Սյունիքի թագավորության ստեղծման և հզորացման տարիներն են՝ X դարի վերջը և XI դարի սկիզբը: Մեղրու բերդը հետագա դարերում չի հիշատակվում, բայվ անշուշտ, ակտիվ դեր է խաղացել Սյունիքի հարավային գավառում՝ Արևիքում տեղի ունեցած բոլոր պատերազ¬մական գործողություններում: Այս պատերազմների հետևանքով բերդը ենթարկվել է բազմաթիվ ավերածությունների ու վերակառուցումների, որի պատճառով դժվար Լ վերականգնել նրա սկզբնական հորինվածքը:
Մեղրին նորից պատերազմների թատերաբեմ է դառնում XVIII դարի սկզբին, Ղափանի անկախ իշխանության կողմից թուրք նվաճողների դեմ մղած կռիվների ժամանակ:
Թուրքական զորքերի հարձակմանը դիմագրավելու համար պետք էր, որ մինչև այդ Դավի-Բեկը հիմնովին վերակառուցած լիներ Մեղրու բերդր, որ անհրաժեշտ էր նաև «.. .ռազմական նոր տեխնիկայի և հատկապես հրազենի օգտագործման կապակցությամ բ»:
Մեղրու բերդը անցյալ դարում տեսել և նկարագրել է Դյուբուան: Վկայակոչելով վերջինիս, բերդի մասին գրում է և Ալիշանը՝ «...յաշտարակս կամ ի մանր բերդորայս, զորս յիշէր վերոյգրեալ ուղեւորն (Տիւպուա) և որք տակաւին փոքր ի շատէ կանգուն կան ի կատարս բլրոց պատելոց զշինիւն, և քաջ ամուր վայր յարդարեն զաւանն, վասն որոյ և կոչի Մեզղրոյյ բերդ»:
Բերդը բաղկացած է վեց աշտարակից, որոնք բարձրանում են Մեղրու Մեծ թաղի հյուսիսային կողմում: Երկու լեռնաշղթաներ հատվելով հյուսիսում, ստեղծում են եռանկյունաձև գոգավորություն, որի հարավային լանջին տեղադրված է Մեղրի ավանը: Այս լեռնաշղթաների առանձին դժվարա- մատչելի գագաթների վրա կառուցված են բերդի աշտարակները, որոնք պայտաձև ընդգրկում են ավանը հյուսիսից: Այսպիսի տեղադրումը հուսալի պաշտպանում է ավանի մատույցները հյուսիսային, արևելյան և արևմտյան կողմերից:
Մեղրու բերդի աշտարակները հատակագծով ու տարածական ձևերրվ երկու տեսակ են՝ կլոր և ուղղանկյուն:
Առաջին խմբին են պատկանում չորսը, որից երեքը տեղադրված են արևմտյան լեռնաշղթայի վրա, իսկ մեկը՝ արևելյան: Ուղղանկյուն աշտարակներ երկուսն են՝ յուրաքանչյուր լեռնաշղթայի վրա մեկական:
Վեց աշտարակներն էլ կառուցված են նույն շինանյութից՝ կոպտատաշ է անմշակ գրանիտե քարերից (ժայռերը, որոնց վրա բարձրանում են աշտարակները, գրանիտյա են), կավե շաղախով շարված:
Պատերի մեջ, որպես սեյսմիկ գոտիներ, օգտագործված են փայտե հեծաններ, դրված աշտարակի ամբողջ պարագծով, մի քանի շարքով: Այս փայտե գոտիներից մի քանիսը ծառայում են նաև հրակնատների որոշ շարքերի համար որպես բարավոր: Քարի մշակման աստիճանը, շաղախը նույնն էն, ինչ և Մեղրու շրջանի ժողովրդական բնակելի տներինը:
Բոլոր կանգուն աշտարակների պատերը դեպի վերև նեղանում են հիմքի մոտ նրանք ունեն 0,9—1,0 մ լայնոլթյուն, իսկ գագաթի մոտ՝ 0,7 մ: Նեղացումը կատարվում է դրսից՝ աշտարակների ներսում պատերն ուղղաձիգ են: Սա դրական հանգամանք Է աշտարակի կայունությունն ուժեղացնելու համար, առանձնապես տվյալ շարվածքի դեպքում: Նման երևույթի հանդի¬պում ենք նաև X—XII դարերի հայկական ամրոցաշինության մեջ (Բջնի Անբերդ, Կիլիկիայի մի շարք ամրոցներ):
Կլոր աշտարակները նման են միմյանց հատակագծի չափերով և պահպանված մասի ծավալային լուծումով: Փոքր-ինչ տարբերվում է արևելյան լեռնաշղթայի կլոր աշտարակը՝ այստեղ պատերը նեղանում են ոչ թե հիմքից սկսած, այլ մոտ երկու մետր բարձրությունից: Արևմտյան լեռնաշղթայի հարավից հաշված առաջին և երրորդ աշտարակները վատ են պահպանվել պատերը մնացել են գետնից մոտ 1,5 մ բարձրությամբ միայն, ընդ որում առաջին աշտարակը լրիվ հողով է լրված, իսկ երրորդը՝ կիսով չափ: Սա հնարավորություն է տալիս ծանոթանալու միայն մուտքի տեղադրմանը և հրակնատների չափերին ու դասավորությանը :
Հատակագծերը կանոնավոր շրջանագծեր են, նույն տրամագծով երկուսի արտաքին տրամագծերը հավասար են 5,5 մետրի, իսկ պատերի հաստու– թյունը՝ մեկ մետրի: Մուտքերը հյուսիսային կողմից են: Հրակնատներ բացված են ամբողջ շրջագծով, ճառագայթաձև, հատակից մոտ մեկ մետր բարձրությամբ: Հեռավորությունը միմյանցից՝ աշտարակի պատի դրսի երեսում՝ 1,0 — 1,15 մ է, անցքերի չափերն են՝ 0,16x0,6 մ:
Մյուս երկու շրջանաձև աշտարակները՝ արևմտյանը և արևելյանը, արտաքին տրամագծով չեն տարբերվում աոաջիններից և ունեն պատերի նույն հաստությունը: Բայց ավելի լավ են պահպանված և կարելի է դատել նրանց ծավալային հորինվածքների մասին: Այս աշտարակներում հրակնատներն ըստ բարձրության եռաշարք են և շարքերը շեղված են այնպես, որ բացվածքները միմյանց նկատմամբ շախմատաձև են դասավորված:
Աշտարակների մուտքերը՝ ուղղանկյուն բացվածքներով և փայտե բարավորներով, նույնպես հյուսիսային կողմից են: Տվյալ կողմնորոշումն ունի այն աոավելությունը, որ հյուսիսից բերդը պաշտպանված Է բնական պատնեշներով և թշնամու հարձակումը միայն հակաոակ կողմից է հնարավոր: Ուղղանկյուն հատակագծով երկու աշտարակների երկարությունները համարյա նույնն են` 10,2 մ և 10,6 մ իսկ լայնությունները տարբեր են՝ համապատասխանաբար 2,7 մ և 3,9 մ: Այս պատճառով արևմտյան աշտարակն ունի ավելի ձգված համաչափություններ:
Ուղղանկյուն աշտարակների պատերի հաստությունը և շարմանտեխնիկան նույնն է ինչ կլորներինը, նրանց անկյունները կտրված են, որի հետևանքով աշտարակները փաստորեն ութանիստ են դառնում:
Արևելյան աշտարակի հարավային պատում կա կիսաքանդ բացվածք որը նայում է դեպի բնակավայրը: Բայց սա որպես մոււոք չէր կարող ծառայել, որովհետև դրսից գետնից զգալի բարձր է: Հրակնատները շախմատաձև դա սավորված են աշտարակներն ամբողջ պարագծով, արևմտյանում՝ երկշարք, իսկ արևելյանում չորս շարքով: Հրակնատների կառուցվածքն ընդհանուր է Մեղրու բերդի բոլոր աշտարակների համար: Սրանք ուղղանկյուն բացվածքներ են, ուղղաձիգ համաչափություններով, որոնք կտրվածքում, դեպի դուրս, թեք են 30°: Հետաքրքիր է հրակնատների բարավորների կոնստրուկցիան` քարից եռաշարք, դրված միմյանց հանդեպ աստիճանաձև, իւնելով դեպի դուրս: Բացվածքի տվյալ ձևը պաշտպանում է նաև թշնամու գնդակներից:
Թե՛ ուղղանկյուն և թե՛ կանգուն կլոր աշտարակները երկհարկանի են եղել: Այսպիսի եզրակացության համար հիմք են ծաոայում պատերի մեջ պահպանված միջհարկային ծածկերի փայտե հեծանների հետքերը և այն հանգամանքը, որ հրակնատների շարքերը դասավորված են ըստ հարկերի՝ երկուական շարք ներքևում և վերևում: Հարկերի բարձրությունները երկու մետրի սահմաններում է: Դեպի երկրորդ հարկ տանող աստիճանները հավանաբար փայտյա են եղել` աշտարակներից և ոչ մեկում չեն պահպանվել ոչ աստիճանները, և ոչ Էլ միջհարկային ծածկերը:
Հրակնատների շախմատաձև դասավորությունը, տարբեր բարձրությունների շարքերով (ներքևի շարքը ծնկաչոք կրակելու համար է, իսկ վերևինը՝ կանգնած) , հնարավորություն է տվել առավելագույն օգտագործել պատը ըստ երկարության և ըստ բարձրության: Օրինակ, արևելյան ուղղանկյուն աշտարակից միաժամանակ կարող են կրակել մոտ 70 հրաձիգ: Կրակի այսպիսի կենտրոնացումը համեմատաբար փոքր պաշտպանական կառուց– վածքում ստեղծում է XVIII դարի ռազմական տեխնիկայի դեպքում հզոր հարվածային ուժ, մանավանդ տեղադրված լինելով լեռնաշղթայի բարձր կատարներին, աշտարակներն անմատչելի են թնդանոթի կրակի նկատմամբ:
Մեղրու բերդն իր ճարտարապետությամբ ուրույն տեղ Է գրավում Հայաստաանի պաշտպանական կառուցվածքների շարքում: Բերդը հիմնովին վերակառուցված լինելով XVIII դարում այդ ժամանակաշրջանում իր տեսակի մեջ սակավաթիվ օրինակներից է: Իսկապես, XIV—XVII դարերում, երբ Հայաստանը վերջնականապես կորցրեց իր անկախությունը և դարձավ հարևան պետությունների համար ռազմադաշտ, երկրում բացարձակորեն ոչ մի հնարավորություն չկար հայերի կողմից, հայկական բերդեր և ամրոցներ կառուցելու համար: Եվ Ղափանի անկախ իշխանության կարճատև գոյությունը միայն հնարավորություն տվեց Սյունիքում վերանորոգել և օգտադործել որոշ հին ամրոցներ (Բաղաբերդ) կամ հիմնովին վերակառուցվել (Մեղրի , Հալիձոր):
Առաջին կարևոր առանձնահատկությունն այն է, որ Մեղրու բերդը հայկական ճարտարապետությա ն մեջ հայտնի միակ պաշտպանական կառուցվածքն Է՝ իրականացված հրազենի օգտագործումը հաշվի առնելով:
Երկրորդ, Մեղրու բերդը տարբերվում է նախորդ բոլոր օրինակներից իր կառուցապատման ստրուկտուրայով՝ այն կազմված Է առանձին կանգնած աշտարակներից՝ աոանց պարսպապատերի:
Հայկական բոլոր պաշտպանական կառուցյվածքներն ունեն միևնույն կոմպոզիցիոն սկզբունքը՝ աշտարակներով ուժեղացված պարիսպներով շրջա– փակվող տարածություն, որտեղ գտնվում է միջնաբերդր կամ բնակավայրը, վանքը, իշխանական կամ թագավորական դղյակը: Այսպես են Անբերդը, Տիգնիսր, Մաղասբերդը, Անին, Լոոի բերդը:
Մեղրու բերդը չունի պարստապատեր, որովհետև լեռնաշղթաներն իրենք են փոխարինել պարիսպներին և բնակավայրը ոչ թե աշտարակների միջև Է գտնվում, այլ նրանց հարևան: Իսկ հրազենի օգտագործման ժամանակաշրջանում պարտադիր չէ բնակավայրը անմիջականորեն շրջափակել պաշտ- պանական կառուցվածքներով, այլ կարելի Է ավելի հարմար դիրքից այն պաշտպանել, թեկուզ և որոշ հեոավորությունից: Այդպիսին Է Մեղրին, որի բերդը հսկողության տակ է առնում ոչ միայն Մեծ թաղը, այլև ամբողջ Բնակավայրը :
Մեղրու բերդի պաշտպանական այս հիանալի հատկությունների շնորհիվ է, որ 1723 թ. չորս հարյուր հոգով պաշարված լինելով թուրքական տասնյակ հազարանոց բանակի կողմից, Դավիթ-Բեկի համախոհները հինգ օր աննդհատ հաջոզությամբ դիմադրել են գրոհներին մինչև հիմնական ուժերի Մեղրի հասնելը և թշնամու զորքերին ետ մղելը: Եվ, իրավամբ, Մեղրու բերդը կարելի Է համարել ուշ միջնադարի հայկական ամրոցաշինության նվաձումը:
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի վանք-ամրոցները ամբողջությամբ վերցրած դեռ լրիվ չեն ուսումնասիրված, սակայն Սյունիքի նշված հուշարձանները հնարավորություն են տալիս ուշ միջնադարի կրոնական համալիրների պաշտպանական համակարգերի վերաբերյալ որոշ ընդհանուր եզրակացությունների հանգել :
XVII—XVIII դդ. վանքերի տեղադրությունը ելնում էր անվտանգության գործոնից և ընդ որում առավելագույն օգտագործվում էին տեղանքի բնական պաշտպանական հատկությունները: Սակայն հետաքրքրականն այն է, որ նույնիսկ լեռնային վայրերում կառուցված վանք-ամրոցների հորինվածքը ամբողջությամբ չի թելադրվել ռելիեֆի ուրվանկարից: Վանքերի հորինված֊քում ակնհայտ երևում է ձգտումը դեպի կանոնավոր, ուղղանկյուն հատակագիծը: Ուշ միջնադարի ռազմա-պաշտպանական քաղաքաշինության մեջ հրազենի օգտագործումը իր դրսևորումը գտավ թե համալիրների ընդհանուր կերպարում և թե նրա առանձին մանրամասներում: Վանքերը ստացան կանոնավոր ուղղանկյուն հատակագծեր , որը բխ ում Էր ժամանակի պահան ջներից և նորություն էր միջնադարյան հայ ճարտարապետության մեջ:
Ուղղանկյուն, կանոնավոր հատակագծերով են կաոուցված XVII դ. բազմաթիվ խոշոր համալիրներ՝ Ստեփանոս Նախավկայի վանքը, Տաթևի Մեծ անապատը, Ագուլիսի, ս. Թովմայի վանքը, Խոր-Վիրապը, Կնեվանքը : Վանքերի բուրգերով ուժեղացված պարսպապատերի ուդղանկյուն հատակագիծը թելադրվում էր, առաջին հերթին, ռազմական պահանջներով: Ողղանկյուն պարիսպներն ունեն այն առավելուէթյունը, որ անկյուններում տեղադրված բուրգերից հնարավոր է կողքերից գնդակոծել հարձակվող թշնամուն (фланировка):Սա կարևոր հանգամանք է, մանավանդ հարթավայրերում տեղադրված վանքերի համար, որտեղ հնարավոր է թշնամու հարձակումը բոլոր կողմերից: Տվյալ դեպքում կողահարումը ամենաազդու և ուժեղ միջոցն է գրոհը ետ մղելու համար: Այդ պատճառով զգալի մեծանում Է բուրգերի և աշտարակների դերը` նրանք ոչ թե դիտակետեր են, այլ պաշտպանական ընդհանուր համակարգի կարևորագույն օղակներ:
Երբ տեղանքի պայմաններն ստիպում էին վանքերը կառուցել անկանոն հատակագծով, բուրգերի միջև ընկած պարսպապատերն ուղղագիծ Էին իրականացնում, իսկ համալիրների գլխավոր հատակագծերր լինում էին հնգանկյուն, ռոմբաձև (այս սխեմաներն ունեն ուղղանկյուն հատակագծման բոլոր առավելությունները ):
XVII—XVIII դդ. վանք-ամրոցների արտաքին տեսքը , ընդհանուր կերպարը հիմնականում տացվում է պաշտպանական կառուցվածքներով: Սյունիքի համալիրներին մոտենալիս այցելուն հաճախ պարսպապատերից և բուրգերից բացի այլ շինություններ չի տեսնում: Իսկ պաշտպանական կա-ռուցվածքները ոչ միայն իրականում պետք է հուսալի լինեին, այլև դա պետք է արտահայտվեր նաև նրանց արտաքին տեսքում: Կրոնական կենտրոնի այսպիսի անառիկ կերպարը պետք է թշնամիներին վախ, իսկ պաշտպանվողներին վստահություն ներշնչեր: Համալիրների պաշտպանական կառուցվածքների ճարտարապետության համար հատուկ է դառնում խստությունը, հակիրճությունը, որը բխում է այդ կառուցվածքների հիմնական ֆունկցիայի գեղարվեստական արտահայտությունից:
Վանք-ամրոցների ընդհանուր ճարտարապետական կերպարը բնորոշվում է կրոնական, ֆունկցիոնալ, պաշտպանական, գեղարվեստական տարրերի փոխադարձ սերտ կապով: Այդ կերպարն առավել ամբողջական է առանձնապես այն համալիրներում, որտեղ բնակելի, տնտեսական շենքերը կոնստրուկտիվ կերպով միացված են, նույնիսկ զուգակցված են պարսպապատերի հետ: Այս դեպքում վանքի աշխարհիկ, օժանդակ շենքերը ոչ միայն տեսողական առումով են կապվում պաշտպանական կառուցվածքների հետ, այլև ձուլվում են նրանց, կազմելով մի միասնական ճարտարապետական օրգանիզմ:
Ինժեներական կառուցվածքներ
Հայաստանի լեռնային տեղանքի խիստ կտրտվածության հետևանքով հաղորդակցական կապերի դժվարություններն առանձին գավառների կամ նույն գավառի առանձին բնակավայրերի միջև պատճառ է հանդիսացել դեռ վաղ միջնադարից բազմաթիվ ինժեներական կառուցվածքներ, հիմնականում կամուրջներ շինելու համար: Խորենացու, Ագաթանգեղոսի, Փարպեցու կողմից հիշատակվում են մի շարք կամուրջներ, որոնք կառուցված են եղել Հայաստանում մեր թվականության II և III դարերում, ինչպես, օրինակ, Արտաշատի (Արաքսի վրա), Մեծամորի, Տապերականի կամուրջները, որոնք սակայն չեն հասել մինչև մեր օրերը: Կամրջաշինությունն Հայաստանում առանձնապես զարգանում է XII—XIV դարերում, երբ թագավորները, իշխանները, քաղաքների համայնքները կառուցում են բազմաթիվ կամուրջներ, որոնցից շատերը դեռ մինչև հիմա էլ կանգուն են և նույնիսկ ծառայում են իրենց նպատակին: Պահպանված շինարարական արձանագրությունները ցույց են տալիս, որ միջնադարյան խոշոր վանքերը նույնպես ունեցել են դեպի վանք տանող ճանապարհների վրա իրենց կամուրջները, որոնք կառուցվել են կամ տվյալ վանքի միջոցներով, կամ էլ վանքի համար որպես նվիրատվություն: Հայտնի են Սանահնի կամուրջը Դեբեդ գետի վրա, կառուցված XII դարի վերջում Վանանե թագուհու կողմից, Բարձրաքաշ սուրբ Գրիգոր վանքի մոտ Սաղուձոր գետակի վրա XIII դարում կառուցված կամուրջը, Խթրավանքի (Թարթառ գետի վրա, 1301 թ. XVI), Նորավանքի (XIII դարի երկրորդ կես) կամուրջները և ուրիշները:
Կամրջաշինությունն ընդհատվելով օսմանա-պարսկական պատերազմների ժամանակ, նոր թափ է առնում XVII—XVIII դարերում: Այդ ժամանակաշրջանում են կառուցվել Աշտարակի, Օշականի, Երևանի բազմաթռիչք խոշոր կամուրջները, որոնք իր ժամանակի ինժիներական տեխնիկայի նվաճումներն էին:
Այս դարերում կամրջաշինությամբ Սյունիքը քանակական տեսակետից գերազանցում էր Հայաստանի մյուս գավաոներին: Բազմաթիվ կամուրջներ կառուցվեցին Մեղրի, Գեղի, Արփա, Շատին և ուրիշ գետերի վրա: Ճիշտ է, սրանք ձևերով պարզ էին, միաթռիչք, բայց տեղանքի ճիշտ ընտրության, շինանյութի ռացիոնալ օդտագործման, ճարտարապետական ճևերի լակնիզմի մեջ եղած յուրօրինակ արտահայտչականությամբ նույնպես իրենց արժանի տեղն ունեն Հայաստանի կամրջաշինության պատմության մեջ:
Սյունիքի XVII—XVIII դարերի կամուրջներից շատ քչերն ունեն շինարարական արձանագրություններ և սրանց ուսումնասիրությունն աոանձնապես կարևոր է՝ համեմատական վերլուծությամբ չթվագրված կամռւրջների ժամանակաշրջանը որոշելու համար: Սյունիքի XVII դարի կամուրջներից ւսռանձնապես հայտնի է այսպես կոչված «Ծատուրի կամուրջը», կառուցված Շատին վանքի կողմից, Եղեգնաձորի շրջանի Շատին գյուղից մոտ 4կմ հարավ, Եղեգիս գետի վրա: Կամրջից պահպանվել է արևմտյան՝ աջափնյա խելը, իսկ արևմտյան մւսսը, շինարարական արձանագրության հետ միասին քանդվել է գետի հեղեղման ժամանակ:
Ալիշանը, ցիտելով Քաջբերունուն, բերում է արձանագրության տեքստը և որոշ տվյալներ հայտնում կառուցվածքի չափերի մասին` «...քարաշէն՛ և միակամար, կմբաձև բարձրացեալ ի միջակին, 13 Չ. երկարությամբ կողմանէ ի կողմն, իբրև 4,5 լսւյնութեամբ և իբրեւ 9-ի բարձրությւն: Ի հիւսիսային դիմի արեւելակողմանն ի սրբատաշ վիմի արձանագրեալ է բանս չափաւ, զոր բազում աշխատութեամբ, վասն բարձրութեան տեղւոյն, ընդօրինակեալ է Քաջբերունի, և յայտնե զամ շինութեան 1666:
Ւ թուին Հայոց հազար ամին–Հարիւր և Հնգետասան աւելին, Շնորհաւք ամենազաւրի-Աւարտ եղեւ այս շինուածին. Կամաւն Աստուծոյ ես Սարգիս վարդապետ առաջնորդ Շատինու անապատին միաբանեցաք ձեռնտվութեամբ ղ միաբանիս ել բազում ողորմութեամբ շինեցաք զկամուրջս ի հայրապետութեան Հայոց Տեառն Յակոբայ, ի թագաւորութեան պարսից Շահ Սիւլեյմանի»:Կամուրջը կառուոված է բազալտի քարերից, միաթռիչք է, սլաքաձև կամարով: Պահպանված մասի չափագրությունը հնարավորություն է տալիս վերակաղմել կառուցվածքի նախնական տեսքը: Լայնությունը 4 մ է, այսինքն Ալիշանի մոտ նշված չափի միավորը ստացվում է 0,88 մ: Հետևաբար կամրջի թռիչքը (երկարությունը) եղել է 11,7 մ, իսկ բարձրությունը՝ մոտ 8 մետր: Սլաքաձև կարվածքով թաղը երկկենտրոն է, և կենտրոնները կամարի հիմքերից ցածր և միմյանց մոտ են տեղադրված: Այս պատճառով կամրջի ուրվագիծը գետնահար է ստացվել:
Թաղի հաստությունը (0,66 մ) հարաբերում է թռիչքի երկարությանը ինչպես 1:18:
Շատին վանքի կամրջում մենք հանդիպում ենք մաքուր տաշած և կոպտատաշ քարերի կոմբինացված շարվածքի. ճակատային պատերն իրականացված են կոպտատաշ, իսկ թաղը և թաղի կամարները` սրբատաշ քարերից: Այսպիսի զուգակցումն աշխուչժացնում է կամրջի ճակատների հարթությունները: Նյութի ֆակտուրայի խաղից բացի ստեղծված է լույսի ու ստվերի խաղ` թաղի կամարը կողքի ճակատներից ներս է դրված 7,5 սմ:
Շատին վանքի կամուրջն առանձնապես հետաքրքիր է , XVII դարի կամրջաշինության կոնստրուկտիվ և տեխնիկական կողմի ուսումնասիրության համար: Այստեղ հիմքերի մոտ, թաղը լիցքի ծանրությունից բեռնաթափելու համար, երթևեկելի մասի տակ կառուցված է ընդերկայնական թաղածածկ խորշ, որն իր կարվածքում ունի պարաբոլիկ ուրվագիծ: Կամրջային թաղի ետևում , այդ դատարկ տարածության մեջ (որը դրսի հետ չի հարորղակցվում) շարվածքը կատարված Է աստիճանաձև: Խորշի թաղն իրականացված է կըրկնակի` առաջին թաղը շարված է 0,6 մ բարձրությամբ` համեմատաբար խնամքով մշակված բազալտից, իսկ երկրորդ թաղը, որը գնում Է անմիջապես առաջինի վրայից` 0,3 մ բարճրությամբ ձեղքված բազալտից: Երթևեկելի մասը սվաղված է կրաշաղախով:
Ւր ճարտարապետությամբ և կոնստրուկտիվ լուծումներով Շատին վանքի կամրջին նման է Տաթևի կամուրջը , կառուցված վանքից արևմուտք, Որոտանի վտակի վրա` Տաթևից Բարձրավան տանող ճանապարհին: Միաթռիչք (7,2 մ ) կամրջի արևմտյան ճակատին գտնվող շինարարական արձանագրությունից հայտնի Է դառնում կառուցման թվականը՝ 1672 թ.: Արձանագրությունից փորագրված Է ուղղանկյուն քարի վրա (դեղնավուն ավազաքար ), որը հագցված է պատի մեջ, կամրջի ձախ ոտքի վերևում, թաղի կամարին կից` “Կամաւն ամենակալին ԱՅ շինեա զկամուրճս Հաճի Ըռիզվան աղին յորում ժամանակ իշխԷ յերկրիս Որոտնու ի թագաւորութեն Շայ ՍիլԷհմանին թվ ՌՃՒԱ»: Կամրջի գլանաձև թաղը նստում է խոր ձորակի ափերի ժայռերի վրա, գետակից մոտ երեք մետր բարձր: Թաղի կամարի կենտրոնը տեղադրված Է հիմքերի հետ նույն հարության վրա, որի հետևանքով կամուրջն ունի կիսաշրջանաձև ուրվագիծ: Կամարը ծարված է մաքուր տաշած բազալտից և 9 սմ հետ է դրված պատերի հարթությունից («Ծատուրի» կամրջի նման): Ւ տարբերություն կամարի և սրբատաշ բազալտից շարված թաղի, պատերը կառուցված են կոպիտ մշակված բազալտե քարերից, որոնց արանքում, շարվածքի մեջ օգտագործված է բազալտի խիճ:
Թաղի հաստության և թռիչքի երկարության հարաբերությունը կազմում է 1:18:
Պարապետը, որը անմիջականորեն նստում է, կամարի վրա, խուլ Է նույն թարից շարված կիսաշրջանաձև վերջավորությամբ: ճակատային պատերի հարթությունից պարապետը դուրս Է գալիս մոտ 10 սմ, որի հետևանքով երթևեկելի մասը թաղից լայն է ստացվել: Սա եզակի դեպք Է հայկական կամրջաշինության մեջ: Երթևեկելի մասը ճակատի կողմից հորիզոնական է («Ծատուրի»կամրջում երկթեք է):
Նույն ժամանակաշրջանին՝ XVII դարի 70-ական թվականներին Է պատկանում Սիսիանի շրջանի Դարաբաս գյուղից հյուսիս–արևելք Որոտան գետի վրա կառուցված «Արզումանի»կամուրջը: Ձախափնյա ոտքի հարավային պատի վրա հագցված են երեք շարքով վեց նեղ քարեր, որոնց վրա փորագրված է շինարարական արձանագրությունը՝ «ի թվին հայոց ՌՃԻԴ ի թագաւորութեան Շահ Ալէմանին և իշխան տեղացս Մաղսոտ Պէկին, որ էր վերակացի տանն արքունի, շինեցաւ կամուրջս Հաճի Ըռըզվան աղին, յիշատակ իւրն, որ էր դարուղայ տեղիս եւ թազում գիւղորեիը սորին... Ձեռամբ ուստա Հայրապետին»: Կամուրջը միաթռիչք է, թաղի կիսաշրջանաձև կամարով: Պատերը կաոուցված են անմշակ և կիսամշակ բազալտե քարերից, իսկ թաղը և թաղի կամարը՝ սրբատաշ բազալտից: Թաղի կամարը, Տաթևի կամրջի նման, ետ է դրված պատի հարթությունից: Շինարարական տեխնիկան՝ պատեր շարվածքը, թաղի կամարի նման մշակումը և ուրվագիծը, նույն մեկենասը (Ռիզվան) ինչպես և այս երկու կամուրջների կառուցման թվականների փոքր տարբերությունը՝ 3 տարի (1672—1675), հիմք են ըալիս այն կարծիքը հայտնելու, որ Տաթևի և Դարաբասի կամուրջների վարպետը (ճարտարապետը ) նույնն է:
Այս փաստն առանճնապես կարևոր Է, եթե նկատի ունենանք, որ Հայաստանում միջնադարյան կամուրջներից և ոչ մեկի կառուցողի անունը մեզ հայտնի չէ (եղած շինարարական արձանագրություններում նշված են միայն մեկենասների անունները): Այնպես որ Հայրապետի անունը այժմ միակ բացառությունն է:
Կամրջաշինության կուլտուրան Հայաստանում, ինչպես X—XIV դարերում, այնպես էլ XVII—XVIII դարերում անհամեմատ ավելի բարձր մակարդակի վրա է եղել, քան հարևան բոլոր երկրներում ու ընդհանրապես Արևելքում: Իրավամբ կարելի է նշել, որ Հայաստանի միջնադարյան կամուրջները «...այն կառուցվածքներից են, որոնք համաշխարհային ճարտարապետության ամենաարժեքավոր ստեղծագործությունների շարքին են պատկանում»:
Արտադրական կառուցվածքներ
XVII—XVIII դարերում Սյունիքի մենաստանները, ինչպես և Հայաստանի բոլոր կրոնական համալիրները, զարգացած և բավականին հարուստ տնտեսություններ էին: Տիրելով հսկայական քանակությամբ հողերի, այգիների, եղջերավոր անասունների մեծ հոտերի, վանքերը բնականաբար, պետք է ունենային և համապատասխան արտադրական կառուցվածքներ՝ հումքի և մթերքների մշակման համար: Այս է պատճառը, որ ուշ միջնադարի կրոնական համալիրներում հանդիպում ենք ձիթահանքների, հնձանների, ջրաղացների, որոնք հայ ճարտարապետության արտադրական կառուցվածքների հետաքրրքրական օրինակներից են:
Միջնադարում վանքերը այգիների հետ միասին որպես նվիրատվություն ստանում Էին և հնձաններ, կառուցված համալիրներից հեռու, խաղողի այգիներում (Հաղպատ , Սանահին ): XVII—XVIII դարերում խոշոր հնձան է ունեցել Էջմիածնի վանքը:
Սյունիքի կրոնական համալիրներում պահպանվել է միայն Տաթևի Մեծ անապատի այսպես կոչված «Սևիի» հնձանը, որը գտնվում Է մենաստանից ոչ հեռու,լեռնալանջին, խաղողի այգում: Այս կառուցվածքը իր հատակագծային-տարածական հորինվածքով տարբերվում Է միջնադարյան մեզ , հայտնի հնձաններից: Ուղղանկյուն շենք է ( 7,4x3,65), դուռը և երկու փոքրիկ լուսամուտներից մեկը զետեղված են երկայնական պատում: Մուտքից ձախ պահեստն Է և առագաստը, դիմացում՝ շիրամանը: Հնձանը փաստորեն երկհարկանի Է՝ առաջին հարկը կիսով չափ թաղված Է լանջի մեջ, իսկ վերևում կա կիսաբաց մի սրահ, ավելի ճիշտ ընդարձակ մի պատշգամբ, որն օգտագործվել է միրգ չորացնելու նպատակով:
Հայաստանում միջնադարից մեծ քանակով ձիթահանքներ են հասել: Ձիթահանքներ են ունեցել աշխարհիկ և վանական խոշոր ֆեոդալական տնտեսու- թյունները (Անի, Հաղպատ): XVIII դարում երեք ձիթահանք է ունեցել էջմիածնի վանքը:
Միջնադարյան բազմասենյակ ձիթահանքի օրինակ է Տաթևի վանքի բավականին լավ պահպանված է կառուցվածքը (XVIII դ.), որը գտնվում է վանքի պարիսպներից մոտ 20 մ հեռավորության վրա, դեպի հյուսիս-արևելք: Այն բաղկացած է չորս սենյակից, ունի կոմպակտ հատակագիծ և կառուցված է բազալտի կոպիտ մշակված քարերից: Հիմնական՝ արտադրական սենյակը երկու զույգ որմնամույթերի և ծածկի սիստեմի միջոցով բաժանվում է երեք մասի: Կենտրոնական, ամենամեծ հատվածը` կալատունը ծածկված Է գմբեթով, որը նստում է որմնամույթերի միջև ձգվոզ չորս կամարների վրա: Կենտրոնում գտնվում է քարե բարձր եզրերով մի մեծ շրջան, ավելի ճիշտ թաս, ոջղղահայաց դիրքով դրված կլոր քարե աղացով: Այստեղ ծեծվել է կտավատը՝ աղացը պտտեցվել է փայւոե առանցքի միջոցով, եզան կամ գոմեշի ուժով: Կտավատը նախօրոք բովվել է սենյակի Հյուսիս-արևելյան թաղածածկ, ավելի փոքր հատվածում տեղադրված վառարանում (բովում): Սրան սիմետրիկ, հարավ-արևմտյան նույնպես թաղածածկ հատվածում,որի անկյունում ձիթահանքի մուտքի դուռն Է, գտնվում Է օջախ՝ ջուր տաքացնելու համար: Տաք ջուրն անհրաժեշտ Է աղացած, մաղած կտավատի ալյուրի վրա ցանելու համար, որից հետո կլոր հարթակում նորից տրորում են մինչև մամլելու պիտանի վիճակի հասցնելը` մինչև շիլա ստանալը:
Վառարանի մոտից դուռ է բացվում դեպի նեղ ու երկար թաղածածկ մի սենյակ՝ մամլման բաժինը: Այստեղ գտնվում է երկրորդ կարգի լծակի սկըզբունքով գործող մամլիչը` բաղկացած երկու հաստ գերաններից: Սրանք արևմտյան ծայրում միացված են փայտե կոճղով, որի միջով ուղղահայաց դիրքով անցնում է փայտե մեծ պտուտակ: Պտուտակն Էլ իր հերթին անցնում է ներքևում հորիզոնական դրված կլոր աղացաքարի միջով, որը բռնակներ ունի:
Հակառակ կողմից գերանները հագցված են պատի միջի փոքր խորշում, որի առջևում կա քարե տաշտակ՝ զամբյուղների կամ տոպրակների մեջ լցված շիլան ճզմելու համար: Քամած ձեթը հոսում է տակը դրված անոթների մեջ:
Գերանների ծայրերը բարձրացնում և իջեցնում են՝ աղացաքարի և պտուտակասյան պտույտի միջոցով, որը կատարվում է մարդկային ուժով: Ձիթա- հանքը կառուցվել Է վանքի տերիտորիայից դուրս, վանքում մարդկանց, բեռնատար կենդանիների խճողում չստեղծելու, բակը չկեղտոտելու նպատակով: Տաթևի վանքի ձիթահանքը իր տարածական-ծավալային լուծման, ծածկի տարբեր կոնստրուկցիաների սրամիտ զուգակցման, ռացիոնալ հատակագծի շնորհիվ համարվում է հայ ճարտարապետութեան տվյալ տիպի կառուցվածքներից ամենաարժեքավորը և հետաքրքրականը:
Միջնադարյան Հայսստանում վանքերը, արտադրական այլ կառուցվածքների շարքում, ունեցել են և ջրաղացներ, որոնք իրենք են կառռւցել կամ ստացել են որպես նվիրատվություն: Օրինակ, XVII դարում Սանահնի վանքը որպես նվեր ստացել է միանգամից երեք ջրաղաց: XVIII դարում Էջմիածնի վանքը ունեցել է տասը ջրաղաց (որից յոթը Էջմիածնում): Սյունիքում ևս որոշ վանքեր ու մենաստաններ ունեցել են իրենց ջրաղացները (իհարկե, հնարավորության դեպքռւմ՝ կախված տեղանքից, ջրի առկայությունից): Հալիձորի Հարանց անապատի և Հալիձոր գյուղի միջև ընկած ճանապարհի վրա, Որոտանի ափին կառուցված է եղել մի ջրաղաց, որից օգտվել են, հավանաբար, գյուղը և մենաստանը միասին:
Կրոնական համալիրների մոտ կառուցված ջրաղացի օրինակ ունենք Շատին վանքում: Այստեղ, վանքից արևելք, պարիսպներից մոտ 50 մ հեռավորության վրա գտնվում են ջրաղացի ավերակները, որի համար ջուրը բերվել է հատուկ շինված առվով, հարևան ձորակից: Չափերի փոքրությունը ցույց է տալիս, որ Շատինի ջրաղացը մեկ աչքով է եղել՝ փաստորեն սպասարկել է սոսկ վանքին: Ցավոք, պահպանվել է միայն ճնշման խողովակը, իրականացված քարե (բազալտե) մեծ օղակներից: Հետաքրքրականն այն է, որ ճնշման խողովակը կառուցված է ոչ թե թեք, այլ իջնում է ուղղաձիգ՝ ջրի սակավության պատճառով ճնշումն առավել ուժեղացնելու նպատակով: