Սյունիքի XVII-XVIII Ճարտարապետական Համալիրները` Գլուխ առաջին
<-Սյունիքի XVII-XVIII Ճարտարապետական Համալիրները
Ճարտարապետական Անսամբլներ
Միջադարյան Հայաստանը հարուստ է բազմաթիվ ճարտարապետական անսամբլներով: X—XIV դարերում կառուցված բոլոր վանքերը, բերդերն ու ամրոցները անսամբլային ճարտարապետության մի-մի հիանալի նմուշներ են, որոնք այժմ էլ հիացնում են դիտողին: Այդ ժամանակաշրջանում են ստեղծ֊վել և իրենց ավարտուն ճարտարապետական կերպարը ստացել այնպիսի նշանավոր համալիրներ, ինչպիսին են Հաղարծինը, Գոշավանքը, Մակարա– վանքը, Հոռոմոսը, Մարմաշենը, Խծկոնքը, Սանահինը, Հաղպատը և շատ ուրիշներ: Այս հուշարձանախմբերը հայ ճարտարապետության IV—VII դարրի դասական շրջանի նվաճումների զարգացման նոր էտապի արդյունք են: X—XIV դարերում մշակվեցին արտահայտչականության նոր միջոցներ հուշարձանների պատերը հարստացվեցին պլաստրկ մրջոցներով, մեծ դեր ստացավ դեկորը, ստեղծվեցին ճարտարապետական նոր ձևեր ու կոնստրուկցիաներ:
Առանձին կառուցվածքների և ամբողջ անսամբլների հորինվածքներում գերիշխող դարձավ ուղղաձիգության գաղափարը, վերասլաց համաչափություններն իրենց արտահայտությունը գտան թե՛ դրսում և թե՛ հուշարձանների ինտերյերում:
X—XIV դարերի անսամբլներն աչքի են ընկնում ճարտարապետության և բնության ներդաշնակությամբ: Միջնադարյան անսամբլները կառուցված են ամենաբազմազան տեղերում, սակայն, լինեն դրանք տեղադրված լեռներում, թե հարթավայրերում, լճերի ափին, թե խիտ անտառի մեջ, ամայի տեղերում, թե բնակավայրերի կենտրոնում, երբեք հակասության մեջ չեն գտնվում շրջակա բնապատկերի և տեղանքի հետ: Սա միջնադարյան Հայաստանի անսամբլային ճարտարապետության ամենակարևոր և հատկանշական գիծն է, որը կարմիր թելով անցնում է հայ ճարտարապետության զարգացման ողջ պատմության միջով՝ սկզբնավորման շրջանից մինչև ուշ միջնադար:
Մյուս կարևոր բնորոշ գիծը ճարտարապետական անսամբլների գեղարվեստական-արտահայտչական միասնությունն է, ողջ անսամբլի տարածական լուծման ներդաշնակությունը: Առանց բացառության՝ բոլոր անսամբլները՛ ձևավորվել են երկարատև ժամանակամիջոցում` մի քանի դարի ընթացքում և բաղկացած են ամենատարբեր տեսակի ու չափի կառուցվածքներից (եկեղեցիներ, գավիթներ, զանգակատներ, սեղանատներ, գրատներ, պաշտպանական շինու թյուններ ): Երկարատև ժամանակի ընթացքում փոխվել են մի քանի սերնդի ճարտարապետներ, մեկենաս-կառուցողներ, փոխվել է ճաշակը, ճարտարապետության այս կամ այն հարցի մեկնաբանումը: Թվում է թե այս բոլորը բացասաբար պետք է անդրադառնային անսամբլի առանձին կառուցվածքների միջև եղած փոխադարձ կապի, ներդաշնակության վրա: Սակայն արդյունքը միանգամայն հակառակն է՝ բոլոր համալիրներն ունեն միասնականություն, ներդաշնակ ընդհանուր ճարտարապետական կերպար: Միջնադարյան հայ ճարտարապետների վարպետությունը տվյալ հարցում արտահայտվել է այն բանում, որ նրանք ճիշտ են գտել համալիրի ճարտարապետական մասշտաբը՝ բոլոր կառուցվածքները համաչափ են մարդուն և շրջակա բնությանը, ծավալները ջլատված են միասնական ռիթմով և մոդուլով և, վերջապես, պահպանված է համալիրի տարածական հորինվածքի ամբողջականությունը: Միջնադարում յուրաքանչյուր նոր շենք (ըստ տիպի և ըստ ժամանակի) կառուցելիս ձգտել են չհակադրել արդեն գոյություն ունեցողին, գերիշխել չափերով կամ դեկորով, չափազանց զգույշ են եղել մասշտաբի հարցում՝ կառուցվածքները միմյանցից մեծ են կամ փոքր, սակայն համաչափություններով նրանք համահնչուն են, ոչ թե հակադրվում են, այլ լրացնում են միմյանց: Այս բանին մեծապես նպաստել է և կառուցվածքների փոխադարձ ճիշտ դիրքը, յուրաքանչյուր նոր շինության, կարելի է ասել, միակ գտնված տեղը և հեռավորությունը մյուսների նկատմամբ, որով չի խախտվել անսամբլի միասնությունը:
X—XIV դարերի համալիրների համար կարևոր Է և ուրվագծի հարցը: Անսամբլի ընդհանուր արտահայտչականության համար ուրվագիծը շատ մեծ դեր է խաղում: Ուրվագծով է, որ լինելով բնապատկերի օրգանական մի մասը, ճարտարապետական անսամբլը միաժամանակ և առանձնանում է, նրանից, յուրաքանչյուր համալիր ստանում Է իր ուրույն դեմքը, ձեռք բերում ողջ ճարտարապետական կերպարի անհատականությունը: Այդ ժամանակաշրջանի անսամբլների համար երրորդ բնորոշ գիծն այն Է, որ նրանց ուրվագծերում գերիշխողը վերասլաց շեշտերն են, ուղղաձիգ համաչափություններով ծավալները, որոնք և կազմակերպում են յուրաքանչյուր ուրվագիծը:
Իրոք, X—XIV դարերի մենաստաններից չկա որևէ մեկը, որը ուղղաձիգ շեշտ չունենա: Այդ համալիրների պաշտամունքային կառուցվածքների ճնշող մեծամասնությունը գմբեթավոր են, գմբեթ կամ ռոտոնդա ունեն զանգակատները, գավիթները, սեղանատներր, գրատները: Տարբեր մեծության, բարձրության և դեկորատիվ մշակումով այս ուղղաձիգ ծավալնևրն են, որ տարածականորեն համախմբում են համալիրի բոլոր կառուցվածքները:
X—XIV դարերի անսամբլների ճարտարապեւոության համար բնորոշ է հորինվածքների ասիմետրիկ լուծումը, որը բխում է քաղաքաշինական և ֆունկցիոնալ կոնկրետ պահանջներից, ինչպես նաև տեղանքի և ընդհանրապես շրջապատի պայմաններրց:
Հայ ճարտարապետության հաջորդ շրջանում՝ XVII—XVIII դարերում պահպանվեցին և շարունակվեցին նախորդ շրջանների ավանդները: Ուշ միջնադարի անսամբլները նույնպես համահնչուն են տեղանքին, բնությանը. ունեն միասնական ուրվագիծ՝ ուղղաձիգ շեշտերով: Այսպիսիք են Խոր-Վիրապը Արարատյան դաշտում, Ագուլիսի ս. Թովմայի վանքը, Աստապատի Կարմիր վանքը, ս. Ստեփանոս նախավկաքի վանքը՝ Ատրպատականում, Լիմ անապատը Վասպուրականում:
Սակայն Սյունիքի XVII դարի մենաստանները ճարտարապետությամբ զգալի տարբերվում են թե Հայաստանի X—XIV դարերի, թե իրեն ժամանա֊կակից այլ շրջանների համալիրներից: Սյունիքի անսամբլների ճնշող մեծամասնության պաշտամունքային կառուցվածքները բազիլիկաներ են, բացակայում են ուղղաձիգ ծավալները, ուշադրություն չի դարձված անսամբլի ընդհանուր ուրվագծի վրա: Հետաքրքրականն այն է, որ Սյունիքի անսամբըլների մեծ մասը ոչ թե կապվում են բնությանը, այլ հակադրվում են՝ բարձր և խուլ պարիսպներով լրիվ անջատվում են նրանից, չկա ներդաշնակություն բնապատկերի և անսամբլի ճարտարապետության միջև: Տաթևի Մեծ անապատի, Կնեվանքի, Շատին վանքի և ուրիշների ճարտարապետական կերպարը բացահայտվում Է միայն համալիրի ներսում` դրսից նրանք անթափանց պատնեշներով կտրված են շրջապատից, իսկ անսամբլային լուծում ունի միայն մենաստանների ներքին տարածությունը: Այս տեսակետից Այունիքի համալիրների ուսումնասիրությունը աոանձնակի հետաքրքրություն է ներկայացնում:
Տաթևի մեծ անապատ
Ուշ միջնադարի հայ ճարտարապետության ամենաարժեքավոր և հետաքրքրական անսամբլներից է Տաթևի Մեծ անապատի համակառույցը: Գտնվելով Տաթևի վանքի մուո, Մեծ անապատի անսամբլը մնացել է հռչակավոր հարևանի փառքի ստվերում, կարոտ ուսումնասիրության ու արժանի գնահատականի: Անուշադրությունը դեպի Մեծ անապատի ճարտարապետությունը նաև այն կանխակալ կարծիքի արդյունքն է, որ XVII—XVIII դարերում հայ ճարտարապետությունը իբր չունի արժեքավոր հուշարձաններ՝ արժանի ուսումնասիրության:
Տաթևի Մեծ անապատի համակառույցը տեղադրված է Որոտանի անդնդախոր ձորում, Տաթևի սարի ստորոտում: Մոտեցումը դեպի Անապատը հնարավոր է Սատանայի կամրջի կողմից, որից դեպի արևելք Որոտանի նեղ կիրճը զգալի լայնանում է և գետի աջ ափին կազմում մի թեքադիր փոքրիկ հովիտ ծսւծկված խիտ անտառակով և փարթամ բուսականությամբ: Ահա այս գեղեցիկ վայրում է կառուցված Մեծ անապատի պարսպապատ անսամբլը, համարյա քողարկված շրջապատի հսկա ընկուզենիներով ու թթենիներով: Տեղանքն ունի թեթևակի թեքություն դեպի արևելք՝ դեպի գետը և միանգամայն հարմար է խոշոր համակառույցի տեղադրության համար: Անկասկած տվյալ տեղում անապատի հիմնադրումը թելադրված էր նաև սառնորակ աղբյուրի առկայությամբ, որը կառուցման ընթացքում թողել են բակի միջում:
Տեղանքի ոչ մեծ թեքությունը հնարավորություն է տվել անսամբլն իրականացնել կանոնավոր հատակագծով ողջ հորինվածքը կազմված է ուղղանկյուն պարսպապատերով պարփակված հիմնական մասից և նրան հարակից կից սեղանաձև հատակագծով օժանդակ մասից:
Անսամբլի ուղղանկյուն մասը շրջապատված է բարձր, ուղղաձիգ պարիսպներով, որոնց ներսի կողմից ողջ պարագծով կառուցված են անապատի բնակելի և օժանդակ սենյակները:
Հյուսիսային, արևելյան և արևմտյան պարիսպներին կից են միաբանության խցերը, իսկ հարավայինին՝ սեղանատունը, խոհանոցը, մթերանոցը: Համալիրի չորս անկյուններում, պարսպապատերի վերին մասում պահպանվել են ուղղանկյուն աշտարակների հետքերը:
Անսամբլի հարավ-արևմտյան մասում, առանձին կանգնած, բարձրանում է Անապատի հիմնական կառուցվածքը՝ ս. Աստվածածնի եկեղեցին: Սա եռանավ բազիլիկա է, որին արևմուտքից կից է գավիթ-սրահը, իսկ հյուսիսից՝ փոքրիկ գմբեթածածկ դամբարանը: Բազիլիկայից արևելք գւոնվում են վանքի աղբյուրը և այժմ կիսաքանդ տնտեսական սենյակների շարքը: Անապատի հյուսիս-արևելյան մասում կառուցված է բնակելի սենյակների մի խումբ՝ Г-աձև ընդհանուր հատակագծով: Համալիրի օժանդակ մասում գտնվում են հյուրատունը, ախոռը և սրան կից շինությունները, խմբավորված եռանկյունաձև բակի շուրջը: Անապատն ունի երկու մուտք՝ հարավային և հյուսիսային պարիսպներում (վերջինն արդեն XVIII դարում փակվել է շարվածքով):
Տաթևի Մեծ անապատը հիմնականում կառուցվել է XVII դարի երկրորդ կեսում և որոշ շինություններով լրացվել XVIII դարում: Անապատի ստեղծման առիթը նույն ձորում, դեպի հարավ գտնվող Հարանց անապատի կործանումն էր երկրաշարժից, որից շատ չանցած Հակոբ կաթողիկոսը որոշում Է նոր մենաստան կառուցել և այստեղ տեղափոխել նախկին անապատի միաբանությունը: Հարանց անապատը քանդվել է 1658 թ. ապրիլին: Ըստ Զաքարիա Ագուլեցու միաբանությունը տեղափոխվել է նոր վայրը 1660 թ. և սկսվել Տաթևի անապատի շինարարությունը՝ «Թվին ՌՃԺԷ (1668) յունիսի Զ-ումն գնացինք Տաթևու անապատն: Սորայ հայրն է Արիստակէս վարդապետն: Սորայ ունէր Հ կրօնավոր մարդ: Այս անապատիս եկեղեցին դէռ ևս կիսակատար էր: Քանզի առաջ ուրիշ տեղ ին բնակեալ... տեղն խախտվեցավ, փլաւ... եկին այս տէղս, նոր ըսկիզբն արարին, յիսար, խուց, եկեղեցին շինեցին: Այս ը տարի այ, որ եկել ան այս տէղս:
Եկեղեցու արևմտյան դռան վերևում փորագրված է ՌՃԺԲ (1663) թվականը, որը պետք Է համարել բազիլիկայի հիմնադրման տարեթիվը: Ագուլեցին նշում Է եկեղեցու հետ միաժամանակ սկսված պարիսպների և բնակելի խցերի շինարարությունը 1660—1668 թվականներից: Այս վերաբերում է ուղղանկյուն մասի պարիսպներին և նրան կից խցերի շարքին: Սենյակների Г-աձև խումբը կաոուցվել է մոտ երկու տասնամյակ ուշ՝ ներսում, պատին կա փորագրվաձ կառուցման թվականը՝ ՌՃԼԱ (1682):
Եկեղեցուն կից մատուռ-դամբարանում հավանաբար թաղված է Անապատի հիմնադիր Արիստակես վարդապետը: Այդ դեպքում դամբարանը պետք է կառուցված լինի 1670-ական թվականներին, որովհետև Արիստակեսը վախճանվել է Ագուլիսում 1669 թ. դեկտեմբերին և թաղվել «...իւր շինած անա– պատն»:
XVII դարի վերջում Անապատում բնակելի խցեր է կառուցել Տաթևի վանքի առաջնորդ Հովասափ Աղուերձեցին: Սրանք սեղանատանը հյուսիսից կից կառուցված խցերն են, որոնց հետագա ավելացված լինելը պարզորոշ երևում է տեղում: XVIII դարի առաջին կեսում Տաթևի վանքի Ներսես եպիսկոպոսը «...արարեալ շինութիւնս սրբոյ աթոռոյս և Մեծի անապատին...»: Մեր կարծիքով սա վերաբերում Է Անապատի օժանդակ շինությունների խմբին: Այդ ժամանակաշրջանում Է կառուցվել նաև եկեղեցու գավիթ-սրահը: Գավթի հյուսիսային որմնամույթի խարիսխի վրա կա արձանագրված կառուցման թվականը՝ ՌՃՂԲ (1743): Ւսկ արևմտյան պատին, դրսի կողմից փորագրված արձանագրությունից հայտնի է դառնում և կառուցման մեկենասը` «Յիշատակ է Մելիք Եկանին, որ ե թուման տուաւ գաւիթն շինելոյն որ գլուխն սրբատան քարանց շինեցինք»:
Այս արձանագրությունից պարզվում է մի այլ մանրամասնություն ևս եկեղեցու տանիքի քարե սալերով ծածկի կառուցման ժամանակը (174 թ. ):
Անապատի արևմտյան պարսպի վերին մասում, դրսից հագցված շինարարական արձանագրությունից երևում է, որ պարսպապատերի վերին մասը, անկյունների վերնահարկերի հետ միասին, կառուցել է 1711 թ. Ղուկաս վարդապետը: Տեղում շարվածքից որոշակի երևում Է, որ պարիսպները XVIII դարի սկզբում ավելացվել են խցերի տանիքներից սկսած:
Տաթևի Մեծ անապատն առանձին աղբյուրներում տարբեր անվանում ունի և հաճախ այն շփոթվել Է Հալիձորի Հարանց անապատի հետ: Այս երևույթն արդյունք է այն բանի, որ Հարանց անապատը մինչև քանդվելը և միաբանության տեղափոխումը կոչվել է «Մեծ անապատ», կամ «Տաթևի անապատ»: Իսկ նորը նույնպես “…ըստ առաջնոյն կոչեցավ Մեծ Անապատ, իբր գլուխ և առաջին ամենայն անապատից...»: Ագուլեցին երկու մենաստաններն Էլ անվանում է «Տաթևի անապատ»: Տարբերելու համար հետագայում հինը կոչվել է սոսկ «Հարանց անապատ», իսկ «Մեծ անապատ», «Տաթևի անապատ» անունները վերագրվել են միայն նոր մենաստանին: Այժմ ընդունված է Տաթևի Մեծ անապատ անվանումը, որը և օգտագործում ենք տվյալ աշխատությունում:
Գրականության մեջ Տաթևի Մեծ անապատի վերաբերյալ թյուրիմացություններ հանդիպում են ոչ միայն անվանման հետ կապված: Սխալ տեղեկություններ են բերվում նրա առանձին կառուցվածքների հորինվածքների մասին: Այսպես, Ջալալյանը և Լալայանը նկարագրելով Անապատը նշում են, որ եկեղեցին կառուցված է վեցասյուն: Եկեղեցին՝ եռանավ բազիլիկան ունի չորս մույթ՝ երկու զույգ: Մույթերի քանակի հարցը կարևոր է, որովհետև ի տարբերություն V—VI դարի բազմամույթ եոանավ բազիլիկաների, ուշ մրջնադարում Հայաստանում համանման կառուցվածքները ամենաշատը չորս մույթ ունեն: Այս սխալը, ցավոք, արմատացել է նաև ժամանակակից մասնագիտական գրականության մեջ ևս :
Տաթևի Մեծ անապատի գլխավոր հատակագծում պարզորոշ երևում է ողջ անսամբլի բաժանումն ըստ կառուցվածքների առանձին խմբերի ֆունկցիոնալ նշանակության: Արտադրական, տնտեսական նշանակություն ունեցող շինությունների առանձնացումը և միաժամանակ համակառույցներին կից տեղադրելը հատուկ է Սյունիքի XVII դարի ճարտարապետությանը՝ նման սկզբունք կիրառված է Շատին վանքում (արտադրական, տնտեսական կառուցվածքները պարիսպներից դուրս են և կից վերջիններիս) Տաթևի վանքում (տերիտորիայից դուրս է ոչ միայն ձիթահանքը. այլ նույնիսկ բաղնիքը): Տնտեսական շինությունների տեղադրումը Տաթևի Մեծ անապատի մուտքի մոտ բավականին հարմար է՝ ոչ միայն անմիջական կապ է ստեղծվում համակառույցի երկու մասերի միջև, այլև ստացվում է ընդհանուր բակ դարբասի դիմաց: Սա կարևոր է և պաշտպանական տեսակետից` բարձր և ամուր պարիսպներով այս բակը ներթափանցելուց հետո միայն կարելի է մոտենալ Անապատի գլխավոր մուտքին:
Ֆունկցիոնալ զոնավորման է ենթարկված ոչ միայն համալիրն ամբողջովին վերցրած, այլև նրա հիմնական մասր ևս: Այստեղ կառուցվածքները նույնպես խմբավորված են ըստ նշանակության՝ տնտեսական և կոմունալ շինությունները գտնվում են հարավային մուտքին կից և անմիջական կապ ունեն դրսի հետ, իսկ բնակելի սենյակները խմբավորված են համակառույցի խորքում, անջատվելով առաջին խմբից և մուտքից՝ բազիլիկայի մեծ ծավալով: Տվյալ տեղադրությունը շատ հարմար է կողմնորոշման տեսակետից՝ բնակելի սենեակները նայում են դեպի արևելք, հարավ և արևմուտք, իսկ տնտեսական կառուցվածքները՝ դեպի հյուսիս:
Հաջող է և շարժման ֆունկցիոնալ գրաֆիկը: Հյուրերի, ուխտավորների գրաստները և Անապատի սեփականությունը հանդիսացող անասունները չեն մտնում համալիրի տերիտորիան, այլ հարավային կառուցվածքի բակում թեքվում են մի կողմ, չխանգարելով ընդհանուր շարժմանը և տեղաբաշխվում համապատասխան շինություններում:
Մտնելով հարավային դարբասով, ուխտավորը հայտնվում է այցելության հիմնական նպատակի եկեղեցու դռան առջև: Դեպի աջ ձգվում է երկարավուն բակ-միջանցքը, որը Անապատի մուտքը կապում է սեղանատան, խոհանոցի, մթերանոցի հետ: Եկեղեցու ու համալիրի մուտքերի այս մոտիկությունը, վերջինիս կարճ և հարմար կապը սեղանատան և խոհանոցի հետ ստեղծում է շարժման առավել նպատակահարմար գրաֆիկ` ուխտավորները եկեղեցի մտնելիս կամ սեղանատանը հյուրասիրվելիս չեն հատում Անապատի տերիտորիան, այլ ամենակարճ ճանապարհով ընկնում են այդ տեղերը (նույնը վերաբերում է և խոհանոց մթերք բերողներին):
Անապատի միաբանության բնակելի սենյակների կապը եկեղեցու սեղանատան հետ իրականացվում է պարիսպներին զուգահեռ,Г-աձև բակի միջոցով, որն ավելի շուտ փողոցի է նման և վերջինիս դերն է կատարում: Իսկ Г-աձև մասնաշենքով և եկեղեցու հյուսիսային ճակատով ստացվում է մի երկրորդ՝ ներքին բակ, որը մեկուսացված է շարժման ուղղություններից և ծառայում է լոկ միաբանության հանգստի համար: Համալիրի հիմնական ուղղանկյուն մասի կառուցապատման խտության տոկոսը շատ բարձր է մոտ 50 տոկոս: Սակայն կոմպակտ, քառակուսուն մոտ հատակագիծը, առանձին շինությունների և խմբերի նպատակահարմար տեղադրությունը գլխավոր հատակագծում տվել է այն արդյունքը, որ չկա որևէ խճողում, նեղվածք: Ընդհակառակը, ստացվել են բավարար ազատ տարածություններ՝ կառուցվածքների առանձին խմբերի միջև հաջորդակցության հարմար կապ ստեղծելու և ներքին ընդարձակ բակեր ստանալու համար:
Անապատի գլխավոր հատակագծում բնակելի սենյակների պարագծով կառուցումն ունի տնտեսական և կոնստրուկտիվ առավելություններ: Պարիսպները դառնում են բնակելի խցերի (սեղանատան և խոհանոցի համար ևս պատերից մեկը ստացվում է շարվածքի զգալի տնտեսում, իսկ իրենց հերթին, խցերի ընդերկայնական պատերը նեցուկ են ծառայում մոտ 70 մ երկարություն և 6—8 մ բարձրություն ունեցող պարիսպների համար, տալով նրանց սեյսմիկ տեսակետից անհրաժեշտ կոշտություն և կայունություն:
Հետաքրքրական է Տաթևի Սեծ անապատի անսամբլի ընդհանուր գեղարվեստական արտահայտչականության խնդիրը:
Անապատը` XVII դարի մենաստաններին բնորոշ բարճր և խուլ պարիսպներով, ամբողջովին անջատվում է արտաքին աշխարհից: Նրա ճարտարա- պետությունն ինքնամփոփ է` այն դրսից, պարիսպների ետևից նույնիսկ չի երևում, և համակառույցի անսամբլային լուծման արժանիքները բացահայտվում են միայն ներսում՝ ներքին տարածության կազմակերպման մեջ: Մենաստանի մեկուսացումը շրջապատից ավելի է շեշտվում պարսպապատերի խուլ լինելով` չկա ոչ մի բացվածք դեպի դուրս և Անապատի ուղղանկյուն հորինվածքը թողնում Է քարե արկղի ծանր և մռայլ տպավորություն: Սա բխում Է առաջին հերթին անապատներից` կրոնա-դավանաբանական աոանձնահատկություններից՝ մենաստան, ստեղծված առանձնանալու, ճգնելու և ապաշխարելու համար, հեռու այն ամենից ինչը կապում Է աշխարհիկ կյանքին, նույնիսկ բնությանը: Սակայն պետք Է նշել, որ նման հորինվածքը ունի երկրորդ, ոչ պակաս կարևոր սկզբնապատճառ, որն արդարացնում է նրան ֆունկցիոնալ տեսակետից: Դա այն է, որ XVII դարի մենաստանները միաժամանակ պաշտպանական կառուցվածքներ էին նրանք և ամրոցների դեր Էին խաղում, պատսպարելով նաև մերձակայքի բնակչությանը թշնամիների և առանձին ավազակախմբերի ապստամբությունների ժամանակ, որոնք այնքան հաճախակի էին այդ դարում:
Սակայն այլ Է տեսքը անսամբլի ներսում այն դրսի միանգամայն հակապատկերն Է: Անապատի ներքին տարածությունը կազմակերպելիս ձգտել են նրան հնարավորին չափ արտահայտչականություն տալ, խիստ հորինվածքին որոշ գունագեղություն հաղորդել: Այս առումով հետաքրքրական է նորից քննել շարժման գրաֆիկը, բայց արդեն դիտողական տեսանկյունից:
Մտնելով հարավային դարբասով, այցելուն սկզբում ընկնում է օժանդակ կառուցվածքների խմբի բակը: Սա նույնպես շրջապատված է բարձր և խուլ պարսպապատերով, սակայն արդեն զգացվում է անսամբլի հորինվածքի խստության մեղմացումը, որը ստացվում է դեպի աջ ձգվող օժանդակ սենյակ¬ների կամարակապ մուտքերով և դիմացի պատում եղած լուսամուտների բացվածքներով:
Երկարավուն և թաղակապ միջանցքով մտնելով համակառույցի ներսը, մեր առջև միանգամից չի բացվում անսամբլի ողջ ներքին տարածությունը, այլ դա կատարվում է աստիճանաբար:
Առաջին հերթին, դիմացից, անկյան տակ, երևում է եկեղեցու մուտքը՝ գավիթ-սրահը, ձախից՝ բնակելի սենյակների արևմտյան շարքը, իսկ դեպի աջ ձգվում են սեղանատան, խոհանոցի երկարավուն ծավալները:Սակայն միատեսակ խցերի արևմտյան շարքը, որը կարող էր տաղտկալի տպավորություն թողնել, լրիվ չի երևում՝ այն մեջտեղում կրճատվում է կից կառուցված երկու այլ սենյակների ծավալներով: Աջ կողմի անցումով, որը գտնվում է եկեղեցու հարավային պատի և տնտեսական սենյակների միջև, մտնում ենք արտաքին՝ Г-աձև բակը և նրանով՝ անսամբլի խորքը: Այս փողոց-միջանցքի տեսքը խիստ է՝ մի կողմից այն եզերված է բնակելի սենյակների ներքին խմբի խուլ պատերով, մյուս կողմից՝ խցերի արևելյան և արևմտյան շարքերով:
Սակայն անսամբլի խստաշունչ հորինվածքի միջում կա մի անկյուն, աոանձնացված շարժման ուղղություններից և անմատչելի կողմնակի այցելուների համար: Դա մոտավորապես քառակուսի հատակագծով ներքին բակն է, որը շրջապատված է երեք կողմից միաբանության սենյակներով, իսկ չորրորդ կողմից՝ եկեղեցու հյուսիսային պատով: Դեպի բակն են բացվում բնակելի սենյակների Г-աձև խմբի զույգ թևերի կամարակապ նախասրահները, որոնք բակում աճող սաղարթախիտ պտղատու ծառերի հետ, ինտիմ բնույթ են հաղորդում այս ոչ մեծ տարածությանը, այն դարձնելով մի գողտրիկ անկյուն: Վերջինիս գունագեղ և ուրախ տեսքը լրացվում է նաև դամբարանի տանիքին բարձրացող փոքրիկ ռոտոնդայի ծավալով, որի նրբասլւսց սյուները և սրածայր վեղարն աշխուժացնում են բակի ներքին տարածությունը:
Ւնչպես տեսանք, Տաթևի Մեծ անապատի համակառույցը լրիվ անջատված է շրջապատից և նրա ճարտարապետությունը դրսից ընկալելու հնարավորություն չկա: Սակայն Սյունյաց աշխարհի բնությունը ստեղծել է մի այնպիսի կետ, որից կարելի է ընդգրկել ողջ անսամբլը և նրա շրջապատի համայնապատկերը: Դա Որոտանի անդնդախոր ձորի հանդիպակաց լանջն է, որտեղից օձագալար անցնում է դեպի Տաթևի վանքը տանող ճանապարհը: Այս գլխապտույտ բարձրությունից երևում է ողշ ձորը և նրա խորքում, կարծես գծագրված, Անապատի հորինվածքը:
Տաթևի Մեծ անապատն ինքնատիպ գլխավոր հատակագծով, ողջ հորինվածքի նշված հետաքրքրական առանձնահատկություններով իր ուրույն և արժանի տեղն է գրավում հայ ճարտարապետության միջնադարյան անսամբրլների շարքում:
Շատին վանք
Սյունիքի XVII դարի մյուս ուշագրավ և արժեքավոր համալիրը՝ Շատին վանքը գտնվում է համանուն գյուղից մոտ 4 կմ դեպի արևելք, Եղեգիսի ձախ ափին բարձրացող սարի լանջին, գագաթից քիչ ցածր:
Համալիրը շրջափակված է համարյա ուղղանկյուն հատակագիծ ունեցող պարիսպներով: Մեջտեղում, առանձին կանգնած, բարձրանում է եկեղեցին՝ եոանավ բազիլիկա, որի արևմտյան կողմում պահպանվել են գավթի փլատակները: Հարավային, բուրգերով ուժեղացված պարիսպներին կից են երկհարկ շինություններ, որոնց վերին հարկը կիսաքանդ է: Արևելյան, հյուսիսային և արևմտյան պարիսպներին ներսից կից կան քանդված և հողածածկ կառուցվածքների հետքեր, որոնց նշանակությունը և հորինվածքն այժմ դժվար է որոշել: Մուտքերը երկուսն են՝ արևմտյան և արևելյան կողմերում: Արևմուտքից, վանքի պարիսպներին դրսից կից կան ձիթհանի, ախոռների, տնտեսական շենքերի ավերակներ: Արևելյան կողմում, մի փոքր հեռու` ջրաղացի քանդված շենքն է:
Շատին վանքի ներկա համալիրը կաոուցված է շատ ավելի վաղ գոյություն ունեցած մենաստանի տեղում,որը, հավանաբար, նույնպես Շատին անունն է ունեցել: Ըստ Օրբելյանի՝ նախկին վանքը կառռւցվել է 929 թ.: «Ի ժամանակս թագաւորութեանն Հայոց Աբլ-Աբասայ որդւոյ Սմբատայ թագաւորի, և ի տէրութեանն Սիւնեաց Սմբատայ և եղբարց իւրոց և որդւոց, ի թուականութեանն Հայոց 378, երանելի եպիսկոպոսն Սիւնեաց պատահեալ ի տեղի մի յԵղեգաց ձորի ի վերայ Ոստին գեղջն և յոյժ հիացեալ ընդ նա վասն առաւել գեղեցկութեան վայրացն և յոյժ զառանց և ապահով գոլոյն և շարժեալ տեսչութենէն սկիզբն առնէ շինուածոյ հրամանաւ Սմբատայ իշխանի և Սոփիայ կնոջ նորա, և Սահակայ՝ եղբօր նորին: Եւ կանգնէ ի նման տուն Աստուծոյ ի քերածոյ վիմաց, և զանազան երանգօք զարդարէ զնա ի նկարս գեղեցիկս, և կոչէ զՍմբատ զՍահակ ի նաւակատիս տաճարին»:
Վանքի տեղադրության նկարագրությունը համընկնում է Շատինի հետ` Ոստին գյուղը (այժմ Հոստուն) գտնվում է ժամանակակից Շատին զյուղի մոտ:
Շատին վանքի գոյության առաջին շրջանից (X—XIV դդ.) պահպանվել են բազմաթիվ խաչքարեր, արձանագրություններ և նրանց բեկորներ, որոնք հետագայում դրվել են վերակառուցված եկեղեցու պատերի մեջ, օգտագործվել նրանց շարվածքում: Մինչև XVII դարը պատմիչների մոտ չկա ոչ մի հիշատակություն Շատին վանքի վերաբերյալ: Հավանաբար, XIV դարից հետո վանքն անկում է ապրել, որովհետև XVII դարի կեսերին, նույն տեղում, փաստորեն նոր վանք են կառուցել և հին կառուցվածքներից ոչինչ չի պահպանվել:
Եկեղեցին կառուցվել է 1655 թ. և կոչվել է ս. Սիոն: Նրա արևմտյան մուտքի բարավորի վրա սև ներկով դոսից գրված Է եղել. «Շինեցալ եկեղեցիս թվին ՌՃԴ»: Այս մուտքի առաջ գավիթ է կառուցվել, որը քանդվելուց հետո անճրևները ջնջել են արճանագրությունը:
Կառուցման մեկենասը եղել է ջուղայեցի Հակոբ վաճառականը, որի անունով մարմարե փոքրիկ խաչքար Է հագցփած ս. Սիոնի արևմտյան դռան վերևում՝ «Սբ. խաչս յիշատակ Է մահդասի Յակոբ Ջուղայեցու եւ ծնողացն Աւաքին, ԵղիսաբԷթին թվ, ՌՃԵ» (1656): Պարիսպները և նրանց կից բնակելի սենեակները, հավանաբար, ժամանակակից են եկեղեցուն: Պարիսպներից դուրս գտնվող գոմի և ախոռի կառուցման ժամանակը հայտնի է դառնում հարավային պատի վրա գտնվող արձանագրությունից՝ «Շնորհօքն Քի ի Հայկազեան թվի ՌՃՁԸ (1749) երորդի, ես առաջնորդ ՍԲ ուխտիս Անտոն վար- դապետս նորոգեցի զտեղիք անբանից, վայելումն միաբանից»:
Վանքն ունեցել է մեծ սեղանատուն, որը նույնպես չի պահպանվել:
Շատին վանքը եղել է ուշ միջնադարի Սյունիքի կրոնական խոշոր կենտրոններից մեկը: Նրա տնտեսական հզորության ապացույցներն են մեծաքանակ արտադրական, օժանդակ շինությունները և այն փաստը, որ վանքը կառուցել է նաև ինժեներական կառուցվածքներ՝ ջրանցք, կամուրջ: Վերջինիս շինարարական արձանագրությունից պարզվում է և վանքի միաբանների թիվը՝ 90:
Վանքի հզորությանը և բարգավաճմանը նպաստել է նրա հարմար աշխարհագրական դիրքը (Նախիջևանը և Սյունիքը Սևանի ավազանին կապող ճանապարհի վրա տեղադրված լինելը) և սերտ կապերը Ջուղայի, Գողթան գավառի հետ: Շատինում բազմաթիվ կառուցվածքներ իրականացվել են Ջուղայի, Աստապատի հայ վաճառականների միջոցներով: Շատին վանքը եղել է և հայտնի մշակութային կենտրոն՝ այդտեղ գրվել են բազմաթիվ ձեռագրեր:
Շատին վանքի համալիրի գլխավոր հատակագիծն ունի նույն սկզբունքը, ինչ և այդ ժամանակաշրջանի հայ ճարտարապետական անսամբլները հորինվածքի կենտրոնում առանձին բարձրանում Է հիմնական կառուցվածքը եկեղեցին, որի շուրջը, պարիսպների պարագծով, տեղադրված են մյուս շինությունները: Տարածականորեն անսամբլը կազմակերպվում է դոմինանտի պաշտամունքային կառուցվածքի շուրջը: Չկան կից կառուցված ուրիշ շենքեր, եկեղեցին ազատ է կանգնած և շուրջը թողնված Է բավարար ազատ տարածություն: Այսպիսի դիրքը եկեղեցին առանձնացնում է բնակելի, տնտեսական, օժանդակ շինություններից, ավելի է շեշտում նրա կարևոր, առաջնային նշանակությունը: Վանքի միակ եկեղեցին իր ճարտարապետական հորինվածքով եռանավ բազիլիկա է և, հետևաբար, ունի մեկ՝ արևելք-արևմուտք առանցք: Հետաքրքրական է, որ ողջ կոմպլեքսի հատակագծածին տարածական հորինվածքը կազմակերպված Է այդ նույն արևելք-արևմուտք ընդերկայնական առանցքի շուրջը:
Համալիրի գլխավոր՝ արևմտյան մուտքը տեղադրված Է եկեղեցու արևմտյան դռան դիմաց, նույն առանցքով: Մտնելով այդ դարբասով, այցելուն տեսնում է իր առջև բազիլիկայի գլխավոր՝ արևմտյան ճակատը: Աոանց զարդաքանդակների, ճակտոնով ավարտվող այս ճակատի զուսպ հարթության առջև կառուցվել է կամարակապ գավիթ-սրահը, որի միջին, ավելի մեծ կամարն ընդգրկում Է եկեղեցու հիմնական՝ արևմտյան մուտքը:
Սիմետրիան պահպանվել է և օժանդակ շինությունների տեղադրման ժամանակ: Եկեղեցու աջ և ձախ կողմերում, հարավային և հյուսիսային պարիսպների երկայնքով ձգվում են բնակելի և տնտեսական սենյակների շարքերը և վանքի գլխավոր դարբասով մտնելիս կարելի Է մեկ անգամից ընկալել անսամբլի ողջ հորինվածքը, որը լուծված է սիմետրիկ՝ բազիլիկայի նկատմամբ:
Շատին վանքի գլխավոր հատակագիծը բավականին հաջող է ֆունկցիոնալ տեսակետից: Տնտեսական և արտադրական շինությունները՝ ախոռը, գոմը, ձիթահանքը ոչ թե համալիրի ներսում են, այլ դրսից կից են արևմտյան պարիսպին, գլխավոր մուտքին մոտ: Մթերանոցները, հացահատիկի հորը գտնվում են տերիտորիայի ներսում, սակայն խմբավորված են հյուսիս-արևմտյան անկյունում, մուտքի աջ ու ձախ կողմերում: Նրանք միաժամանակ մոտ լինելով մուտքին, չեն խանգարում այցելուների շարժմանը դեպի եկեղեցի, չեն խախտում վանքի սիմետրիկ հորինվածքի հավասարակշռությունը: Սեղանատունը, ըստ Ջալալյանի, տեղավորված է եղել բակի արևելյան կողմում: Այս պատճառով, սեղանատան անմիջական կապը դրսի հետ ապահովելու համար, արևելյան պարսպապատում բացված է վանքի երկրորդ մուտքը, որը ճարտարապետական միջոցներով բոլորովին չի մշակված և չի շեշտվում: Սա համապատասխանում է նրա նշանակությանը՝ օժանդակ մուտք նախատեսված միայն տնտեսական կարիքների համար (միաժամանակ նա կապում է վանքը դեպի արևելք գտնվող ջրաղացի հետ):
Հետաքրքրական է Շատին վանքի ողջ համալիրի արտաքին արտահայտչականության հարցը: Այստեղ առավել, քան Սյունիքի XVII դարի որևէ այլ անսամբլում, շեշտված է նրա ամրոցային բնույթը: Միակ հնարավոր մոտեցումը դեպի մենաստան՝ հարավից է, Եղեգիսի ձորից: Այս կողմից մոտեցողը, ոլորապտույտ ճանապարհի վերջին գալարն անցնելուց հետո, իր առջև, բարձրության վրա տեսնում է մի հուժկու պարիսպ, ուժեղացված երեք կիսա-շրջանաձև բուրգերով: Վանքի ճարտարապետությունը զուրկ է ուղղաձիգ ծավալներից: Միակ մոնումենտալ շենքը՝ բազիլիկան ունի հորիզոնական, ցածրանիստ հորինվածք և լրիփ ծածկված պարիսպներով դրսից չի երևում: Դրսից ոչնչով չի զգացվում անսամբլի պաշտամունքային բնույթը` թվում է, թե այն միայն պաշտպանական կառուցվածք է , և այն էլ բավականին ազդեցիկ (սրան նպաստում է և Շատին վանքի դիրքը՝ համարյա սարի գագաթին) Այս առումով եթե համեմատելու լինենք Սյունիքի XVII դարի մյուս համալիրների հետ, կտեսնենք, որ Շատինում ռազմա-պաշտպանական կառուցվածքի տպավորությունր անհամեմատ ավելի ուժեղ է՝ Կնեվանքը և Տաթևի Մեծ անապատը բուրգեր չունեն, Հալիձորի բերդում այն մեկն է և տեղադրված է հնարավոր մոտեցման հակառակ կողմում: Իսկ միջնադարյան այն համալիրներում, որոնք XVII դարում ստացան բուրգերով ուժեղացված պարիսպներ, դրությունն այլ է, որովհետև գմբեթավոր եկեղեցիների, զանգակատների ուղղագիծ ծավալները երևալով դեո շատ հեռվից, ցույց են տալիս, որ վերջինները կրոնական կենտրոններ են, լոկ շրջապատված պաշտպանական կառուցվածքներով:
Կնեվանք (Հերմոնի վանք)
Կանոնավոր, քառակուսի հատակագիծ ունի նույն Եղեգիսի ձորում XVII դարի մի այլ համալիր՝ Կնեվանքը: Այն գտնվում Է Եղեգնաձորից մոտ 30 կմ դեպի հյուսիս-արևելք, Ղավուշուղ գյուղի մոտ: Վանքը կառուցված է Եղեգիս գետի աջ ափի մի բարձրավանդակի վրա, լեռնագագաթի ստորոտում, փոքր թեքություն ունեցող մի գոգավորության վրա:
Համալիրից պահպանվել են եկեղեցին՝ երկու մույթով բազիլիկան և պարսպապատերը: Պարիսպներին կից, ներսի կողմից, եղել են բնակելի և այլ շինություններ, որոնք լրիվ ավերակ են և հետքերն են միայն երևում: Վանքի գերեզմանոցը եղել Է հենց վանքի բակում՝ պահպանվել են խաչքարեր և գերեզմանաքարեր:
Գրականության մեջ մինչև վերջերս վանքը անվանվել է Կնեվանք կամ Գյունեք վանք: Ս. Բարխուդարյանի հետազոտությունները պարզեցին, որ Կնեվանքը կառուցվել է Սյունիքի X դարի Հերմոնի վանքի տեղում: Վանքի այժմյան եկեղեցու հյուսիսային մույթը պատին միացնող կամարի կենտրոնում ագուցված է մի հին քարի բեկոր, որի վրա նախկին արձանագրությունից մնացեյ է երկու բառ՝ «Երամոնի վանք»:
Հերմոնի վանքը, համաձայն Ատ. Օրբելյանի վկայության, կառուցել են 936 թ. Սյունյաց գահերեց իշխան Սմբատը և Հակոբ եպիսկոպոսը Եղեգիս ավանից դեպի վեր, ժայռաձև լեռների մի բարձրավանդակի վրա: Ինչպես տեսնում ենք, Կնեվանքի և Հերմոնի վանքի տեղադրությունները նույնպես համընկնում են:
XIV—XV դդ Հերմոնի վանքն իր ծաղկումն է ապրում: Նա դառնում է Սյունիքի մշակութային հայտնի կենտրոններից մեկը: Վանքում աշխատել են նշանավոր մտավորականներ, գրիչներ, նկարիչներ: Հայտնի են Հերմոնի վանքում գրված 26 ձեռագիր մատյանները: XVI դարում վանքը, հավանաբար, հիմնովին ավերվել է, որովհետև այժմ նախկին շրջանից ոչ մի կառուցվածք չի պահպանվել: X դարի եկեղեցին «գմբեթահարկ» է եղել»: Այժմյանը, ինչպես նշվեց, եռանավ բազիլիկա է և հիմքից ի վեր կառուցված է XVII դարում:
Կնեվանքի ընդհանուր կոմպոզիցիայում դոմինանտը նույնպես բազիլիկան է, բայց ի տարբերություն Շատինից, վանքն ունի համարյա քառակուսի ՛ հատակագիծ: Սակայն կառուցապատումը կազմակերպված է մեկ սիմետրիկ առանցքի (արևելք-արևմուտք) շուրջը և վանքի բնակելի, տնտեսական ու այլ շինությունները տեղադրված են արևելյան և արևմտյան պարիսպներին կից: Ւնչպես Շատին վանքում, այստեղ էլ արևմտյան պարսպի մուտքը (վանքի համար միակը) տեղադրված է կենտրոնում, եկեղեցու մուտքի դիմաց:
Ընդհանուր հորինվածքով նմանվելով հարևան Շատին վանքին, արտահայտչականության տեսակետից Կնեվանքը ավելի մոտ է Տաթևի Մեծ անապատին: Երկուսն էլ ունեն ուղղագիծ, խուլ և բարձր պարիսպներով պարփակված տարածություն, լրիվ մեկուսացված շրջապատից: Իսկ ներքին տարածության կազմակերպման հարցում Կնեվանքը Սյունիքի այդ ժամանակաշրջանի մյուս բոլոր համալիրների համեմատ ունի գլխավոր հատակագծի ամենախիստ երկրաչափական կառուցումը և կառուցվածքների նվազագույն քանակը:
Շնհերի Կուսանաց անապատ
Շնհերի Կուսանաց անապատն ունի մի քանի առանձնահատկություններ, որոնցով նա տարբերվում է, Հայաատանի ուշ միջնադարի վանքերից և անա-պատներից: Նախ և առաջ նա առանձնանում է իր տեղադրությամբ: Երբ XVII դարի Սյունիքի մենաստանները, որպես օրենք, կառուցվում էին բնակա-վայրերից հեռու, ամայի, անմատչելի տեղերում, լեռնագագաթների մոտ, ապա Շնհերի Կուսանաց անապատը կառուցված է հենց գյուղի մեջ: Այս երևույթը բացատրվում է նրանով, որ XVII դարում կուսանոցների համար առավել ապահով վայրը ոչ թե ամայի լեոներն էին, այլ բնակավայրերը, որոնց պաշտպանությանը միայն կարող էին նրանք ապավինել:
Շնհերի Կուսանաց անապատը կառուցված է նույնանուն գյուղի հարավային ծայրում, Որոտանի անդնդախոր ձորի քարափներից մեկի գլխին: Երեք կողմից շրջապատված է կառուցապատումով և մոտենալ հնարավոր է միայն ողջ գյուղը անցնելուց հետո: Սակայն այս կողմից էլ համալիրը շրջապատված է ամուր, բարձր պարիսպներով, որով լրիվ մեկուսանում է բնակավայրից: Իսկ չորրորդ՝ անդունդի կողմից անսամբլը բացվում է դեպի Որոտանի ձորը դեպի Սյունիքի հրաշագեղ բնությունը:
Անսամբլը բաղկացած է եկեղեցուց, որը մեկ զույգ մույթերով եռանավ բազիլիկա է, նրան հարավից կից գավթից, նույն կողմում գտնվող սեղանատնից և պարիսպներին կից սենյակներից:
Եկեղեցին ունի երեք շինարարական արձանագրություն հարավային մուտքի տիմպանի վրա, ներսում, բեմի հյուսիսային որմնասյան և հարավային կամարի վրա: Այդ արձանագրություններից պարզվում է հուշարձանի կառուցման ճշգրիտ ժամանակը, կառուցող մեկենասը և ճարտարապետը:
Բազիլիկան՝ ս. Աստվածածնի եկեղեցին կառուցել է Ագուլիսցի Մահտեսի Ազարիան 1676 թ.: Շինարարությունն սկսվել է ապրիլի 4-ին և ավարտվել նույն թվականի սեպտեմբերի 30-ին, այսինքն տևել է ուղիղ կես տարի:
Բեմի հարավային կողմի որմնասյան վրայի արձանագրությունից պարզվում է, որ այն վերանորոգել են 1720 թ, գողթնեցի Մահտեսի Բենիամինը և նրա որդի Ազարիան: Այս արձանագրության տակ, հարավ-արևելյան ավանդատան բարավորի վրա երեք տողով փորագրված է «Ցիշեցէք ուստա Մուրատն որ է յերկրէն Քրդստանի»: Մինչև վերջերս բոլոր հրատարակողները (Ջալալյան, Ալիշան, Լալայան) այս արձանագրությունը միացրել են նախորդի հետ: Սակայն ըստ Բարխուդարյանի դա ճիշտ չէ, և այս երկու արձանագրությունները միմյանց հետ կապ չունեն: Հետևաբար պետք է եզրակացնել, որ վասպուրականցի Մուրադը եկեղեցին կառուցող ճարտարապետն է, այլ ոչ թե վերանորոգողը: Սեղանատան արևմտյան մուտքի բարավորի վրայի շինարարական արձանագրությունից պարզվում է և ուշ միջնադարի աշխարհիկ ճարտարապետության այս հետաքրքրական հուշարձանի կառուցման ժամանակը և մեկենա¬սը՝ այն շինվել է 1720 թ. ցղնեցի Հովհաննեսի և նրա որդի Աստվածատուրի կողմից:
Պարիսպներին կից սենյակները, ընդհանուր պատշգամբով, կառուցվել են XIX դարի վերջին որպես եկեղեցական-ծխական դպրոց:
Լալայանի կողմից հիշատակվող խցերը, բաղնիքը, պարիսպների երեք աշտարակները այժմ չեն պահպանվել:
Ելնելով եկեղեցու շինարարական արձանագրություններից, մինչև այժմ գրականության մեջ ընդունված է այն կարծիքը, որ Շնհերի Կուսանաց անապատն ընդհանրապես հիմնվել Է 1676 թ.: Սակայն, դեո 1668 թ. Շնհերի Կուսանաց անապատն է այցելել Ջաքարիա Ագուլեցին, որի օրագրի համաձայն այդ թվականին մենաստանի միաբանների թիվը հասնում է 60-ի: Հետևաբար պետք Է ենթադրել, որ Շնհերի անապատը ստեղծվել է ամենաուշը XVII դարի Կեսերին:
Շնհերի համալիրը հյուսիւփց և արևելքից շրջապատված Է պարիսպներով, իսկ արևմուտքից և հարավից նրա բնական սահմաններն են ուղղաձիգ, գեպի ձորը գահավիժող ժայռերը: Այս երկու կողմերից պաշտպանական կառուցվածքների կարիքը չկար և բնակելի սենյակների, եկեղեցու ու սեղանատան առջև բացվում է Որոտանի կիրճի գեղատեսիլ համայնապատկերը: Այս առումով Շնհերի անապատն առանձնանում է նույն ժամանակաշրջանի Հայաստանի մյուս ճարտարապետական անսամբլներից, որոնք, որպես օրենք, բոլոր կողմերից պարփակված են բարձր և խուլ պարիսպներով, լրիվ մեկուսանալով շրջապատից, բնությունից: Իսկ Շնհերում, ընդհակառակը, բնությունը օրգանապես մտնում է անսամբլի մեջ, դառնում նրա բաղկացուցիչ մասը: Տեղադրության այս գործոնն ազդել է կառուցապատման վրա: Եթե ուշ միջնադարի հայկական մենաստանների մեծ մասը ունեն սիմետրիկ կամ էլ ասիմետրիկ, բայց խիստ երկրաչափական հորինվածք (Վայոց ձորի վանքերը, Տաթևի Մեծ անապատը, Խոր-Վիրապը), ապա Շնհերի համալիրը կառռւցված է ազատ հատակագծման սկզբունքով, ելնելով միայն տեղանքից և կողմնորոշումից: Աչքի է ընկնում ռելիեֆի հմուտ օգտագործումը: Եթե մյուս մենաստանները, որոնք կառուցված են թեքադիր տեղանքի վրա, հողային աշիատանքների (հիմնականում լիցքի) շնորհիվ պարսպապատերի ներսում ունեն միանգամայն հարթ տարածություն, ապա Շնհերում ռելիեֆը թողնված է անփոփոխ և կառուցապատումն է հարմարեցված տեղանքին: Հողամասը նեղ է և երկար՝ այն ձգվում է քարափի եզրով: Այդ պատճառով կատարվել է շինությունների խմբավորում, ելնելով նրանց ֆունկցիոնալ նշանակությունից սենյակները ընդհանուր բակով առանձնացած են համալիրի հյուսիսային մասում, իսկ եկեղեցին, գավիթը և սեղանատունը՝ հարավային: Երկու խմբերի միջև կա ընդհանուր բակ-միջանցք, դեպի ուր բացվում է համալիրի մոււոքը :
Եկեղեցին կառուցված է թեքադիր տեղանքի վրա: Նրա հյուսիսային պատը փաստորեն հենապատ է և իր բարձրության կեսի չափով խրված է հողում: Այս պատճաոով պատը մեկ լուսամուտից բացի ուրիշ բացվածքներ չունի: Եկեղեցու միակ մուտքը, որը հարավային պատում է, բացվում է ուղղանկյուն փոքր գավթի մեջ: Գավթի առջև կառուցված սեղանատան հյուսիսային պատը նույնպես հենապատ է ծառայում և լրիվ թաղված է հողի մեջ: Այնպես որ սեղանատան կտուրի վերին նիշը հավասար է գավթի հատակին և սեղանատան տանիքը փաստորեն բակ է ծառացում եկեղեցու համար: Տեղանքի նման հմուտ օգտագործումը տվել է այն արդյունքր, որ անսամբլն ըստ բարձրության բաժանվում է երեք տարբեր, բայց փոխադարճ կապված գոտիների: Առաջինը՝ վերին անապատի բակն է, սենյակներով, որից աստիճաններով իջնում են դեպի եկեղեցին, գավիթը և նրանց առջևի հարթակը: Այդտեղից նույնպես աստիճաններով ընկնում են երրորդ, ամենաներքևի գոտին, որտեղ գտնվում Է սեղանատունը: Համալիրի նման տարածական կազմակերպումը, ռելիեֆի և կառուցապատման օրգանական միասնությունրը զգալի հարստացնում Է անսամբլի ճարտարապետություն արտահայտչականությունը:
Հետաքրքիր է կազմված շարժման գրաֆիկը և դիտողական տեսակետից: Դարբասով մտնելիս կարելի է թեքվել ձախ և շրջանցելով եկեղեցու արևմտյան պատը, անմիջապես հասնել գավիթ կամ ցած իջնելով` սեղանատուն: Սակայն այս դեպքում այցելուն իր ճանապարհի երկու կողմում կունենար պարսպի և եկեղեցու արևելյան պատի բարձր, ուղղաձիգ հարթությունները, որոնք նրան լրիվ մեկուսացնում են շրջապատի բնությունից: Այս պատճառով եկեղեցին այցելելու համար կա մի այլ, ավելի երկար, բայց անհամեմատ ավելի գեղատեսիլ ճանապարհ: Այս դեպքում ճանապարհն անցնում է եկեղեցու հյուսիսային պատի երկայնքով և այցելուն իր դիմաց տեսնում է Որոտանի կիրճի անտաոապատ սարերը, իսկ աջից` անապատի ներքին բակը և նրան եզերող Г-աձև հատակագծով սենյակների խումբը: Շրջանցելով եկեղեցու հյուսիս-արևմտյան անկյունը և իջնելով արևմտյան պատի կողքով, Որոտանի ձորի համայնապատկերը երևում է արդեն մի նոր անկյան տակ, նախկինից ընդարձակ: Ավելի իջնելով և թեքվելով դեպի սեղանատուն, երևում են գյուղի պտղատու այգիները, որոնք տերասաձև հանում են ձորի թեք լանջերն ի վար:
Շնհերի Կուսանաց անապատն իր ժամանակի մյուս համալիրների համեմատ բավական ինքնատիպ է: Այստեղ է միայն, որ բնությունը ճարտարապետության հետ համատեղ մասնակցում է անսամբլի արտահայտչականության ստեղծմանը: Լրիվ և բավականին հաջող օգտագործված է ռելիեֆի հնարավորությունները՝ չկա ճարտարապետության և տեղանքի ամենափոքր հակադրությունը նույնիսկ:
Հալիձորի Հարանց անապատ
Հալիձորի Հարանց անապատը (նախկին Տաթևի կամ Սյունյաց Մեծ անապատը) ուշ միջնադարի Հայկական հոգևոր, մշակութային, շինարարական-ճարտարապետական զարթոնքի ազդակներից առաջինը եղավ:
Հարանց անապատի Հիմնադիրներն են Սաղմոսավանքի եպիսկոպոս Սարգիսը և քահանա Կիրակոսը՝ Տրապիզոնից: Նրանք միմյանց հանդիպում են Երուսաղեմում, ուր մեկնել էին ուխտի և միաժամանակ անապատների կանոնադրությանը ծանոթանալու և երկուսով որոշում են վերադառնալ Հայաստան ու նոր մենաստան հիմնել, այդ գործում առաջնորդվելով Երուսաղեմում ծանոթացած օրենքներով: Նրանք հանդիպել են 1606 թ, և մինչև 1607 թ. փետրվարի մնացել Երուսաղեմում, որից քիչ անց վերադարձել են Հայաստան: Սարգիսը և Կիրակոսը գալիս են Սյունիք՝ անապատական կյանքի հինավուրց և ավանդական կենտրոնը, լինում Տաթևի վանքում, Յրուանցում, Թանահատի վանքում, ապա փնտրում «…առավել ևս անքոյթ և անշփոթ և յապահով տեղի, մինչև գտին զտեղին, յորում այժմ շինեալ կայ մեծ անապատն…»:
Հարանց անապատի հիմնադրման թվականը որոշակի հայտնի չէ: Դավրիժեցին նկարագրելով 1658 թ, երկրաշարժը և Անապատի ավերումը, նշում է, որ դա տեղի է ունեցել հիմնադրումից 45 և ավել տարի անց: Հետևաբար ամենաուշն այն կառուցվել է 1613 թ., Օրմանյանն այն համարում է 1608 թ. կառուցված, իսկ Զամչյանն ընդունում է 1610 թվականը:
Հարանց անապատը գտնվում է Որոտան գետի աջ ափին, Հալիձոր գյուղի հանդեպ, ժայռերով շրջապատված մի փոքրիկ հարթության վրա: Համալիրն այժմ բաղկացած է եկեղեցուց գավիթ-սրահով և Հարավից կից կառուցված երկու սենյակներով, պարիսպների մնացորդներից, (որոնցից արևմտյանում գտնվում է դարբասը), սեղանատնից: Բացի եկեղեցուց, մյուս նշված շինությունները Համալիրի սկզբնական հորինվածքին չեն պատկանում, այլ կառուցված են 1658 թ, երկրաշարժից հետո: Այս աղետի ժամանակ գետնի ճեղքվածքի և սողանքի հետևանքով եկեղեցին սահել-իջել է այժմյան տեղը, իսկ «...արևմտեան կողմն անապատին, պարիսպն և հիւրատունն, և ախոռք անասնոցն, և Համբարանոցքն, և մասն ինչ է սենեկէ եղբարցն, և արևմտեան կողմն մեծ եկեղեցւոյն՝ յետուստ կուսէ արևմտեան սեանցն, սոքա ամենեքեան աւերեցան»:
Հարանց անապատի ավերումից երկու տարի հետո միաբանությունը լքում է այն և տեղափոխվում նոր տեղ, կառուցում նոր Տաթևի Մեծ անապատը:
Սակայն XVII դարի վերջին և XVIII դարի սկզբին Հարանց անապատը նորից կենդանանում է, այստեղ վերանորոգումներ և նոր կառուցումներ են կատարում Տաթևի վանքի առաջնորդները և զանազան նվիրատուներ: Այդ ժամանակաշրջանին են պատկանում պարիսպները, գավիթր, սեղանատունը: Պարսպի դարբասի վրայի արձանագրություններից պարզվում է, որ պարիսպը կառուցել են Տաթևի վանքի առաջնորդ Կիրակոս վարդապետը. Հայրապետը և Սահակ աբեղան, իսկ դարբասը կառուցել են մի խումբ նվիրատուներ 1717 թ.:
Եկեղեցու արևմտյան մուտքի կամարակապ քարի վրա, դրսից, փորագրված է հետևյալ շինարարական արձանագրությունը. «Ցիշեցէք ի ՔՍ զմեղապարտ Սահակ աբեղայս, որ նորոգեաց զեկեղեցիս եւ շինեաց զգաւիթս պարիսպս եւ այլ շինուածք սուրբ Անապատիս, յիշատակ իւր ել ծնողացն տէր Ովանէսին եւ Փարիխաթունին»: Այս շինություններն էլ կառուցված պետք է լինեն XVIII դարի սկզբին, որովհետև գավիթը, պարիսպը և դարբասը կոնստրուկտիվ, շինարարական առումով ամբողջություն են կազմում և կառուցվել են միաժամանակ, այսինքն 1717 թ.: Սեղանատան մասին ոչինչ չի նշվում արձանագրություններում: Երկրաշարժի ժամանակ քանդված շինությունների շարքում այն չի հիշատակում և Դավրիժեցին: Սակայն սեղանատունը կառուցվել է երկրաշարժից հետո, սրա ապացույցն է այն փաստը, որ նրա համար որպես հարավային ընդլայնական պատ է ծառայում ուղղաձիգ ժայռը: Այս ժայռը փլուզման ժամանակ կիսվել էր և հյուսիսային մասը, վրան կառուցված եկեղեցիով տաս մետրից ավել սահել, իջել է ներքև: Սեղանատունը կառուցելիս այն հպել են ժայռին, տնտեսելով մի պատի շարվածքը: Սեղանատունն էլ ըստ երևույթին կառուցել է վերոհիշյալ Սահակ աբեղան, որովհետև ավելի ուշ՝ XVIII դարի կեսերում Հարանց անապատի կյանքը ընդմիշտ կանգ է առնում և դառնում «...ամայի և որջ գազանաց»:
Հյուսիսից, եկեղեցուն կից կա երկու սենյակ: Մեկի մեջ բացվում է բազիլիկայի հյուսիսային մուտքը և այս սենյակը գավթի դեր է կատարում, որովհետև առանձին մուտք ունի դեպի դուրս: Մյուսը կից է հյուսիսային ավանդատանը և դռնով կապված է վերջինիս հետ: Այս փոքրիկ սենյակը դրսի հետ չի հաղորդակցվում և մատուռ Է ծառայել, ուր եղել է մի գերեզմանաքար, առանց տապանագրի :
Պարսպապատերին կից կաոուցված են եղել փոքր, գետնափոր խցեր որոնցից այժմ ոչինչ չի պահպանվել:
Հալիձորի Հարանց անապատը մեծ հետաքրքրություն Է ներկայացնում Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի XVII դարի անապատների և վանքերի անսամբլների ճարտարապետության առանձնահատկությունների բացահայտման համար, որովհետև Հարանց անապատը թե ժամանակագրական տեսա-կետից և թե իր նշանակոլթյամբ առաջինն Էր երկրում: Հարանց անապատից են ելել Սյունիքի, Արարատի, Վասպուրականի և պատմական Հայաստանի այլ նահանգների անապատների հիմնադիրները: Բնականաբար, նրանք իրենց հետ տանում էին ոչ միայն կրոնական կյանքի կանոնադրությունը և կազմակերպչական ձևերը, այլև համալիրի հորինվածքի և նրա առանձին մասերի ճարտարապետական լուծումները: Եվ եթե վերջիններս նույնությամբ չեն կրկնվել նոր անսամբլներում, ապա իրենց մեծ ազդեցությունն են ունեցել նրանց վրա: Սակայն, ցավոք, համալիրի նախնական հորինվածքից մեզ ոչինչ չի հասել, և եղածը, այն էլ կիսով չափ պահպանված, արդյունք է XVIII դարի սկզբի շինարարական ուշխատանքների: Բայց, համենայն դեպս, որոշ ազդեցություններ պարզորոշ նկատվում են: Առաջինը համալիրի հիմնական կառուցվածքի՝ եկեղեցու հորինվածքն է: Հարանց անապատի եկեղեցին երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկա է, աբսիդի երկու կողմերում ուղղանկյուն ավանդատներով: Այն ունի ընդհանուր երկթեք ծածկ: Մուտքերը երեքն են՝ հյուսիսային, արևմտյան և հարավային պատերում: Ահա այս հորինվածքն էլ կիրառված է Հարանց անապատից հետո կառուցված Սյունիքի մյուս մենաստանների մեծ մասում: Նման հորինվածք ունեն նաև Սյունիքի XVII դարի առանձին կառուցված եկեղեցիների ճնշող մեծամասնությունը, թվով մոտ երեք տասնյակ: Հարանց անապատի բազիլիկայի երեք մուտքերի առկայությունը ցույց է տալիս, որ համալիրի սկզբնական հորինվածքում այն եղել է ազատ տարածության մեջ առանձին կանգնած (երեք կողմերից մոտեցումն ապահովելու համար): Պաշտամունքային կառուցվածքի նման տեղադրության հանդիպում ենք և մյուս անսամբլներում (Շատին վանք, Կնեվանք, Տաթևի Մեծ անապատ, Շնհերի անասլատ, Բեխի անապատ): Հարանց անապատի բազիլիկան մինչև օրս էլ պահպանել է իր սկզբնական հորինվածքը Փլուզումից վնասված է եղել միայն նրա արևմտյան մասը՝ արևմտյան մույթերն ու պատը, որը և վերանորոգվել է XVIII դարի սկզբում, առանց խախտելու կառուցվածքի հիմնական հորինվածքր:
Միաբանության խցերը կառուցված են եղել պարսպապատերի երկանքով, նրանց կից: Նման դասավորություն կիրառված է և այն բոլոր անապատներում, որոնց բնակելի շինություններր մեզ են հասել: Միատեսակ, իրարից ոչնչով չտարբերվող խցերի շարքը հատուկ է Սյունիքի անապատներին:
Դավրիժեցու կողմից թվարկված շինությունների անուններից հայտնի է դառնում և Հարանց անապատի նախնական համալիրի բաղկացուցիչ կառուց– վածքները: Որպես հայտնի կրոնական և մշակութային կենտրոն, Անապատ են այցելել բազմաթիվ մարդիկ՝ կրոնական, քաղաքական գործիչներ, վաճառականներ, պատմիչներ, բանաստեղծներ, սոսկ ուխտավորներ: Նրանց հյուրնկալելու և տեղավորելու համար գոյություն է ունեցել հատուկ հյուրանոց: Մեր կարծիքով, այդ հյուրանոցը տեղադրված է եղել պարսպապատերի ներսում այդ դարում շատ կարևոր էր անվտանգության գործոնը: Որպես խոշոր տնտեսական կազմակերպություն, Հարանց անապատն ունեցել է և իր «ախոռքն, անասնոցն, համբարանոցքն»: Նման տնտեսական կառուցվածքներ և ունենդարի մյուս բոլոր մենաստանները:
Հարանց անապատի գլխավոր հատակագծի նախնական կերպարը, ավելի ճիշտ, որոշ սկզբունքներ կարելի է իմանալ նույն Դավրիժեցու նկարագրություններից: Թվելով երկրաշարժից քանդված շինությունները, նա նշում է, որ այդ բոլորրըտեղադրված են եղել անապատի արևմտյան կողմում: Դեպի արևմուտք է նայում եկեղեցու հիմնական մուտքը: Անկասկած, համալիրի գլխավոր մուտքը նույնպես տեղադրված է եղել ւսրևմտյան կողմում (դա անհրաժեշտ էր թե եկեղեցու գլխավոր ճակատը շեշտելու և թե այդ կողմից դեպի անապատը մոտենալու նպատակահարմարության տեսակետից): Հետևաբար, ստացվում է, որ բոլոր օժանդակ՝ արտադրական, տնտեսական, անասնապահական շենքերը, հյուրատունը խմբակորված են եղել համալիրի արևմտյան մասում, մուտքի մոտ, իսկ հիմնական կառուցվածքը` եկեղեցին գտնվել է անսամբլի խորքում, ազատ կանգնած (նման հորինվածք ունի և Շատին վանքը):
Հետագա կառուցումները և վերանորոգումները լրիվ աղավաղել են այս հորինվածքը: Այժմ Հարանց անապատն արևմտյան մասում կառուցված գավթով հպված է պարսպապատին և գտնվում Է գլխավոր մուտքի մի կողմում: Նման դիրքը, հարավից կցված սենեակները քողարկում են բազիլիկայի ծավալը և վերջինս չունի այն գերիշխող դիրքը անսամբլում, որպիսին ուներ նա առաջ և ունեն այդ ժամանակաշրջանի մյուս համալիրների եկեղեցիները: Անապատի այժմյան հորինվածքում պարզորոշ զգացվում է, որ վերակառուցումների ժամանակ կարևորը եղել է տնտեսական գործոնը: Արևմտյան պարիսպը կառուցելիս այն հպել են եկեղեցուն՝ պարսպապատերի նվազագույն երկարություն ստանալու և գավթի պատերից մեկը անտեսելու համար (պարիսպը ծառայում է գավթի համար որպես արևմտյան պատ): Նույնը տեղի է ունեցել սեղանատան հետ՝ այն տեղադրված է եկեղեցու հարավային պատի և ուղղաձիգ ժայռերի միջև, որով անտեսել են նրա ընդլայնական պատերից մեկը: Այս բոլորից երևում է, որ XVIII դարի սկզբին վերանորոգողները բացարձակորեն հաշվի չեն առել անսամբլի ընդհանուր արտահայտչականության գործոնը:
Բեխի անապատ (Տանձափարախ)
Ժամանակակից Ղափանի շրջանում գտնվում է Սյունիքի մի այլ անապատ ևս, որը հայտնի է «Բեխի անապատ» անունով: Այն տեղադրված է Բեխ գյուղից Հարավ-արևելք , մի բարձրադիր վայրում՝ լեռնաշղթայի գագաթներին մոտ,խիտ անտառռւմ:
Անապատը կազմված է եկեղեցուց, որը թաղածածկ դահլիճի հորինվածբ ունի և նրա հյուսիսային կողմում կանգուն ուղղանկյուն, թաղածածկ սեղանատնից: Մնացած կառուցվածքներից պարիսպների, միաբանության բնակելի սենյակների միայն հետքերն են պահպանվել: Քանդված է և եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցված գավիթ-սրահը:
Անապատի շենքերն ամբողջովին ծածկված են ծառերով և թփերով,որոնք լրիվ քողարկում են նրանց և միայն մոտիկից է հնարավոր նկատել խիտ անտառի թավուտում ճարտարապետական կառուցվածքների առկայությունը: Ւսկ Պարսպապատերի,խցերի և այլ շինությունների փլատակները ուղղակի կուլ են գնացել բուսականությանը և այժմ անհնար է տալ համալիրի գլխավոր հատակագծի ամբողջական տեսքը: Բեխի անապատը, սակայն, ունի մի շարք հետաքրքիր առանձնահատկություններ, որոնք արժեքավոր են ուշ միջնադարի Սյունիքի ճարտարապետության համար: Առաջինը դա եկեղեցու հորինվածքն է, այն միջանկյալ տեղ Է գրավում եռանավ բազիլիկայի և որմնամույթերով և որմնախորշերով դահլիճի միջև: Երկրորդը սեղանատան տեղադրությունն է. եթե մյուս անսամբլներում սեղանատունը առանձնացված է եկեղեցուց, ապա այստեղ նրանք ոչ միայն կից են , այլև երկու կառուցվածքների գլխավոր մուտքերը արևմտյան ճակատներից են , որոնք միևնույն հարթության մեջ են գտնվում: Ճիշտ է, եկեղեցին այս կողմում ունի կից՝ կառուցված գավիթ-սրահ, որը շեշտում է նրա մուտքը և առանձնացնում այն սեղանատնից, սակայն վերջինս նույնպես այս կողմից ունի սրահանման մի կառուցվածք (սրա միայն հետքերն են մնացել):
Համալիրի մուտքը չի պահպանվել, սակայն մոտեցումը Անապատին հարմար է արևմուտքից և, մեր կարծիքով, դարբասը տեղադրված է եղել այս կողմում:
Բայց ամենահետաքրքրականը եկեղեցու և սեղանատան պատերի շարվածքում օգտագործված մի այլ՝ շատ ավելի հին կառուցվածքի բեկորների առկայությունն է, որը լույս է սփռում Բեխի անապատի իսկական անվան և Սյունիքի հնագույն վանքերից մեկի տեղադրությունը ճշտելու հարցի վրա:
Անապատի սեղանատունը և եկեղեցին կառուցված են կիսամշակ բազալ-տից և որձաքարից, XVII դարին բնորոշ շինարարական տեխնիկայով, իսկ շարվածքում օգտագործված բեկորները բոլորովին ուրիշ քարից են՝ դեղնակարմրավուն տուֆաքարից: Բեկորներում հանդիպում են ատամնավոր քիվի քանդակազարդ զարդագոտու հատվածներ: Եկեղեցու արևմտյան ճակատին արտաքուստ ագուցված քարի վրա պահպանվել է ուռուցիկ գրված արձանագրության մի կտոր: Փորագրության ձևը հատուկ է XII—XIV դարերին: Ակընհայտ է, որ Անապատի տեղում եղել է մի ուրիշ՝ ավելի հին հուշարձան, որը լրիվ քանգվել է և քարերը մասամբ օգտագործվել են նոր կառուցվածքի համար: Նման օրինակներ շատ կան Հայաստանի XVII դարի ճարտարապետության մեջ, երբ XV—XVI դարի արհավիրքներից վնասված, կիսաքանդ տաճարները և եկեղեցիները լրիվ քանդում էին և նույն տեղում շինում նոր պաշտամունքային կառուցվածքներ: Քանդակազարդ բեկորների և արձանագրության ոճական առանձնահատկություններից պետք է ենթադրել, որ Անապատի նախնական հուշարձանը կառուցվւսծ է եղել VII դարից ոչ ուշ կանգուն է եղել մտավորապես մինչև XIV դարը, որից հետո քանդվել է կամ երկրաշարժից կամ թշնամիների կողմից: Իսկ Սյունիքի միջնադարյան վանքերից որն է, որ յոթ դար և գուցե ավելի կյանք է ունեցել և անհայտ չքացել, չթողնելով նույնիսկ իր անունը: Այդ վանքը կանգուն է եղել Ստ. Օրբելյանի ժամանակ ևս, իսկ պատմիչը ամենայն բարեխղճությամբ տվել է վաղ միջնադարից մինչև իր ժամանակաշրջանը Սյունիքում կաոուցված համարյա բոլոր վանքերի և մենաստանների անունները, տվել նրանց հիմնադրման ժամանակը, կամ բերել նրանց հետ կապված այս կամ այն պատմական անցքի նկարագրությունը: Եվ, իսկապես, Օրբելյանի մոտ մենք գտնում ենք այն, ինչ փնտրում ենք՝ այս հուշարձանի հին անունը, որը պարզվում է շնորհիվ նրա տեղադրության և հարևանության Վահանավանքին:Բեխի անապատը կաոուցված Է Վահանավանքից մոտ 5 կմ արևելք, լեռնաշղթայի գագաթներից սկսվող մի խոր ձորի սկզբնավորման մոտ: Ձորով հոսող գետակը միախաոնվում է Ողջի գետի հետ: Ըստ Օրբելյանի, այդ տեղում է գտնվում Սյունիքի հնագույն և հռչակավոր մենաստաններից մեկը՝ Տանձափարախը:
Ստ. Օրբելյանը գրելով Վահանավանքի կառուցման մասին, նշում Է նրա տեդադրությունը վանքապատկան հողատարածության սահմանները. «...զձորն գետովն յայս դեհս և յայն յանդաստանս և յայգեստանս վանիցն, և զլեռնակողմն մինչ ի վեր ի ծայր բարձրաւանդակին ուր հօրանք հօտիցն լինէին, և բնակետղ խաշանց և ի քաղաքին կողմանէ մինչ ի պատուար պարսպի արտաքին որմոյն որ ի լեոնէն սկսանի և ի Տանձափարախոյ կողմանեն մեծ բնաձորն որ ի լեռնէն սկսանի և իջանէ ի գետն, և զգեղանն որ ի հանդեպ վանացն՝ զԱչաղու և զԱչախուայ, զԳետարավայր և զՇէկք...»: Ստ. Օրբելյանր գրում է, որ Սիսական տոհմի Ձագիկ մեծ իշխանի որդի Վահանը մինչև իր անունը կրող Վահանավանքի հիմնադրումը (911 թ. .) երկար ժամանակ անց է կացրել այդ նշանավոր մենաստանում: Նա «...բազում ժամանակօք ճգնեալ ի սուրբ առաքինարենին Տանձափարախու...»: Վահանը այնտեղից անցել է Շատանեա վանքը և ապա որոշ ժամանակ անց կառուցել Վահանավանքը: Հետևաբար նա պետք Է Տանձափարախում եղած լիներ IX դ. Վերջերին: Իսկ այդ դարում Տանճափարախն արդեն հռչակավոր և հայտնի վանք է եղել: Ստ. Օրբելյանը Սյունիքի վանքերի ցուցակում նշում Է 11-րդ տեղում, Վահանավանքից հետո, միաժամանակ շեշտելով, որ նրա միաբանությունը «...խարազանազգեստք և սահմանաւորք…)) են եղել: Նման բնորոշումը, ինչպես և այն փաստը, որ այդտեղ ճգնել են, ցույց են տալիս, որ Տանձափարախը եղել է անապատ, որոնցով Հայտնի Է եղել Սյունիքը դեռ վաղ միջնադարից սկսած: Հետաքրքրական Է, որ տալով Սյունիքի բոլոր նշանավոր մենաստանների կառուցման ժամանակը, Ստ. Օրբելյանը ոչինչ չի խոսում Տանձափարախի հիմնադրման ժամանակաշրջանի մասին: Դա, մեր կարծիքով, բացատրվում է կնրանով, որ Տանձափարախը կառուցվել է, շատ ավելի ղաղ 1լ նրա հիմնադրման պատմությունը Ստ. Օրբելյանի ժամանակ արդեն մոռացված էր:
Տանձափարախի և Բեխի անապատի նույնությունը մեկ անգամ ևս հաստատվում Է Առաքել Դավրիժեցու վկայությամբ: Պատմիչը նշում է, որ XVII դարի 20-ական թվականներին Տաթևի Մեծ անապատից տեր Արիստակեսը գնաց »... Տանձափարախ և շինեաց անապատ՝ և անդ եկաց մինչ ցվախճան կենաց՝ իւրոց՝ և անդէն թաղեցավ և տեղին անապատ կայ հաստատուն մինչև ցայսօր)): Սյունիքի XVII դարի բոլոր անապատներն hասել են մինչև մեր օրերը և հայտնի են նրանց տեղերը: Տանձափարախ կոչված վայրում կանգուն է միմիայն մեկը` վերոհիշյալ Բեխի անապատը: Այս փաստը ոչ մի կասկած չի թողնում, որ նշված կոմպլեքսը պատկանում է Սյունիքի հինավուրց անապատներից մեկին՝ Տանձափարախին, որը հիմնովին վերակառուցվել է Արիստակեսի կողմից XVII դարում: Եվ պատահական չէ, որ Բեխի գյուղի բնակիչները մինչև վերջերս այն կոչել են Արիստակես անապատ:
Տանձափարախի անապատը միջնադարում եղել է նաև հայտնի մշակութային կենւորոն: Այնտեղ գրվել են ձեռագրեր, աշխատել է Գրիգոր Տաթևացու աշակերտ Մաթևոս վարդապետը, որ 1393 թ. «...գրէր զքաղուածոյ Քարոզագիրս իւր,ընդ գրոց Եւագրի և Նեղոսի, որպես ասէն, ի ներքնագոյն անապա¬տիս Տանձափարախոյ...»: Հայտնի է մի ձեռագիր ևս, որը գրվել է «...ընդ հովանեան սուրբ Անապատիս՝ որ կոչի Տանձափարախ...”: Հետևաբար, դեռ XIV դարում Տանձափարախը որոշակիորեն անապատ է անվանվել: Տանձափարախի անապատը XVII դարում վերականգնվելով, գործել է հավանաբար մինչև XVIII դարի վերջերը՝ եկեղեցում գտնվող մի խաչքարի վրա կա 1751 թ. արձանագրություն: Սակայն հետո այն լքվում է և նրա անունը չի հիշատակվում ոչ ազգագիրների, ոչ ճանապարհորդների ու պատմիչների կողմից:
Հալիձորի բերդ (Հալիձորի Կուսանաց անապատ)
Սյունիքի XVII — XVIII դարերի ճարտարապետական անսամբլների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում Հալիձորի բերդը (Հալիձորի II, Աստվածածնի Կուսանաց անապատը), կրոնական համալիրի և ամրոցի հորինվածքների հետաքրքիր զուգակցման շնորհիվ: Կառուցված լինելով XVII դարի առաջին կեսում, Ղափանից ոչ հեռու, Հալիձորի անապատը նշանավոր դարձավ XVIII դարում՝ որպես Դավիթ-Բեկի ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Ղափանի անկախ իշխանության կենտրոնը: Այս Է պատճառը, որ գրականության մեջ հաճաղ շփոթում են նրա կառուցման ժամանակաշրջանը և նշանակությունը՝ ընդունված է այն կարծիքը, որ Հալիճորի համալիրը կառուցել է Դավիթ-Բեկը 1720-ական թվականներին որպես բերդ: Սակայն դա ճիշտ չէ: Հալիձորի Կուսանաց անապատը հիշատակվում է դեռ 1653 թ, երբ «...Անապատիս մայրապետ Հռիփսիմէն... ընդօրինակեր զԽոսրովու մեկնութիւնն ժամագրոց...»:
1668 թ. անապատ այցելել է Զաքարիա Ագուլեցին՝ «...գնացինք Յալիձորու կուսանաց անապատն: Սորայ հայրն է Տեր Միքայէլ: Այս անապատումն կէր Հ կուսանք ապաշխարող»:
Հալիձորը նորից հիշատակվում է 1711 թ.՝ Տաթևի վանքի առաջնորդ Առաքել վարդապետի եղեռնական սպանության առթիվ:
1723 թ. Դավիթ-Բեկը Հալիձորի անապատը դարձնում է ազատագրված Ղափանի կենտրոն,վերակառուցելով այն անառիկ ամրոցի: Սակայն այդ տարիներին Հալիձորը մնում է և որպես մենաստան՝ 1727 թ. թուրքական բանակի կողմից Հալիձորի պաշարման ժամանակ պաշտպանությանը մասնակցել են «...ամենայն ժողովրդականին և կուսանք (զի էր անդ նաև Մենարան ինչ կուսանաց...)»:
Ղափանի իշխանության անկումից հետո Հալիձորր դառնում է Մելիք–Փարսադանյանների «տոհմային բույնը» մինչև նրանց Բեխ գյուղ տեղափոխվելը :
Այժմ երբեմնի հզոր բերդից շատ քիչ բան է պահպանվել՝ և Ղափանի անկախ իշխանության կենտրոնի բազմաթիվ կառուցվածքներից ավերակներ են մնացել, կիսով չափ կամ արդեն լրիվ հողածածկ:
Համակառույցն հատակագծում ունի անկանոն քառանկյուն ձև, որը բխում է տեղանքի պայմաններից: Ունի երկու մուտք՝ հարավային և հյուսիսափն պարիսպներում: Անսամբլում գերիշխողը՝ թե տեղադրությամբ և թե չափերով, եկեղեցին է, որն անմշակ բազալտի խոշոր քարերից շարված բարձր պատերով լուսամուտների նեղ ճեղքերով ավելի ամրոցի է նման, քան պաշտամունքային կառուցվածքի: Այդ տպավորությունն ուժեղանում է երկհարկ շինությունների ծավալներով, որոնք հյուսիսից և հարավից կից են եկեղեցուն և վերջինիս հետ միասնական հորինվածք են կազմում: Այս առումով Հալիձորի բերդը տարբերվում է XVII—XVIII դարի մյուս մենաստաններից, որոնց եկեղեցիները համակառույցի մեջտեղում են և կանգնած առանձին:
Հալիձորի եկեղեցին ուղղանկյուն, արևելյան մասում աբսիդով և վերջինիս երկու կողմերում ավանդատներով կառուցվածք է, ծածկված կիսաշրջանաձև թաղով, առանց թաղակիր կամարների:
Եկեղեցին չունի գավիթ կամ սրահ՝ նման այդ տիպի կառուցվածքների միջնադարում տարածված հորինվածքներին: Այստեղ, եկեղեցու հյուսիսային և հարավային կողմերին կից երկհարկ շինությունների առաջին հարկերը փաստորեն գավիթների դերն են կատարում և եկեղեցու երկու մուտքերը բացվում են նրանց մեջ: Եկեղեցուց հյուսիս կանգուն է ուղղանկյուն հատակագծով չորս մույթերով գմբեթածածկ մի շինություն,որը հավանաբար կառուցվել Է որպես դամբարան: Նման հորինվածքով դամբարաններ կան Աշտարակում և Սպիտակում, որոնք, սակայն, ավելի ուշ են կառուցված (XIX դ.): Ամրոցն ունի շրջանաձև հատակագծով (արտաքին տրամագիծը 5 մ) մեկ բուրգ՝ հարավ-արևմտյան անկյունում:
Հարավային պարսպին դրսից կից կա ուղղանկյուն հատակագծով ոչ մեծ մի շինություն: Սա որպես աշտարակ չէր կարող ծառայել, որովհետև պա- րըսպապատից էլ ցածր է (երկրորդ հարկի հետքեր չկան) և չի հաղորգակցվում բերդի հետ: Պետք է կարծել, որ սենյակր կառուցված է ոչ թե XVIII դարի նորոգումների ընթացքում, այլ ավելի վաղ և մենաստանի պահակատունն է եղել:
Հալիձորի բերդի ճարտարապետական անսամբլի առանձնահատկությունները վերաբերում են նրա ամրոցային բնույթին և այդ մասին կխոսվի պաշտպանական կառուցվածքների ենթագլխում:
Սյունիքի XVII դարի մյուս համալիրներից հիմնականում պահպանվել են միայն պաշտամունքային կառուցվածքները: Այսպես, օրինակ, Մալևի Կուսանաց անապատից մնացել է միայն եռանավ բազիլիկան, Մեղրու վանքից գմբեթավոր բազիլիկան և արևմուտքից կից կիսաքանդ գավիթը, Զվարավանքից, Վահրավարի Կարմրավանքից՝ միայն թաղածածկ դահլիճները: Եվ այժմ անհնար է խոսել այդ մենաստանների համալիրների սկզբնական հորինվածքների մասին ու վերլուծել նրանց անսամբլների ճարտարապետությունը:
XVII դարում Հայաստանում ոչ միայն կառուցվեցին նոր համալիրներ, կամ հները հիմնովին վերակաոուցվեցին, այլև որոշ հին մենաստաններ լրացվեցին նոր շինություններով, ամբողչացավ նրանց անսամբլների ճարտարապետական կերպարը: Պաշտպանական, բնակելի, կոմունալ, արտադրական, տնտեսական, ինժեներական կառուցվածքներ ստեղծվեցին թե՛ Արևելյան և թե՛ Արևմտյան Հայաստանի բազմաթիվ վանքերում (ս. Թովմայի, ս. Բարթուղիմեոսի վանքեր, Գեղարդ, Հոգոց վանք, ս. Թադեի վանք, Հովհաննավանք): Նման երևույթ տեղի ունեցավ և Սյունիքում, ուր բազմաթիվ կառուցումներ կատարվեցին երկու նշանավոր մենաստաններում՝ Գնդեվանքում և Տաթևի վանքում: Գնդեվանքը գտնվում է Վայոց ձորում, Արփա գետի ձախ ափի լեռնալանջի ոչ մեծ մի հարթավայրի վրա, ձորի կողմից շրջապատված ուղղաձիգ ժայռերով: Վանքը, ըստ շինարարական արձանագրության և պատմիչների վկայության, հիմնադրել և եկեղեցին կառուցել է Սոփյա Սյունյաց տիկինը 936 թ»: Եկեղեցին գմբեթավոր քառաբսիդ կառուցված է, արևելյան կողմում երկու ավանդատներով: Արևմտյան կողմում գտնվում է գավիթը՝ ուղղանկյուն թաղածածկ դահլիճ, որը կառուցել է վանքի առաջնորդ Քրիստափոր վարդապետը 999 թ. XVII դարում վերանորոգվել են եկեղեցին, գավիթը և վերակառուցվել պարիսպներն ու կից սենյակները: Այդ մասին կա շինարարական արձանագրություն պարսպի արևմտյան մուտքի կամարակալ քարի վրա՝ «Շնորաւքն Այ, ես անարժան Պետրոս վարդապետս վերստին նորոգեցի Սբ. եկեղեցիս հանդերձ ժամատանօքս, շուրջանակի պարսպօք եւ ամարաթօք յամենայնի, յիշատակ հոգոց իմոյ եւ իմ ծնողացն. հօրն իմոյ Յովանիսին եւ մօրն Խանումին, թվին ՌՃԽ (1691):
Վանքի գլխավոր հատակագիծն անկանոն քառանկյունի է, արևելք-արևմուտք առանցքի ուղղությամբ ձգված: XVII դարի կառուցվածքները կից են հարավային և արևմտյան պարիսպներին: Մուտքերը երկուսն են՝ արևելյան պարսպում և հյուսիսային պարսպի արևելյան կողմում: Հնագույն կառուցվածքները՝ եկեղեցին և գավիթը ազատ են կանգնած, XVII դարում նրանց կից ոչինչ չի շինվել:
Անսամբլի ողջ հորինվածքը շատ նման Է նույն Վայոց ձորի մի այլ համալիրին՝ Շատին վանքին: Երկուսում Էլ հորինվածքի գերիշխողը պաշտամունքային կառուցվածքն է (արևմուտքից կից գավիթով), որը գտնվում է բակի կենտրոնում, առանձին կանգնած: Երկուսն էլ ունեն պարսպապատերի նույն ուրվագիծր՝ արևելյանը, հարավայինը և արևմտյանը ուղիղ են, իսկ հյուսիսայինր բեկված: Թե ՛Գնդեվանքում և թե՛ Շատին վանքում հարավային պարիսպը ուժեղացված է կիսաշրջանաձև բուրգերով և ներսի կողմից ունի կից կառուցված սենյակների շարք: Երկու համալիրներում Էլ այս պարիսպը միաժամանակ հենապատ է ծաոայում, որի շնորհիվ թեքադիր վայրում կառուցված վանքը ներսում ունի համարյա հարթ բակ: Սակայն անսամբլների ճարտարապետության ընդհանուր արտահայտչականությունը տարբեր Է: Եթե Շատինում բազիլիկայի հորինվածքը դրսից չէր երևում և մենաստանը, շնորհիվ բուրգերով ուժեղացված պարիսպների, ամրոցի տպավորություն է թողնում, ապա Գնդեվանքում վիճակն ուրիշ է: Եկեղեցին ոչ միայն շնորհիվ իր դիրքի գոմինանտ է գլխավոր հատակագծում, այլև գերիշխում է անսամբլի ողջ ուրվագծում: Կենտրոնագմբեթ կառուցվածքի ուղղաձիգ ծավալը վեր բարձրացող թմբուկով և գմբեթով թե հեռվից՝ Արփայի ձորից և թե մատույցներից ընդգծում է համալիրի բնույթը, կազմակերպում վանքի արտաքին ուրվագիծը: Այնպես որ, չնայած XVII դարի մեծաքանակ կառուցումներին, Գնդեվանքի ճարտարապետական ընդհանուր կերպարը մնում է հարազատ X—XIV դարերի հայկական մենաստանների անսամբլներին, որտեղ գերիշխողը ծավալների վերասլաց շեշտերն են:
Նման երևույթի մենք հանդիպում ենք և Տաթևի վանքում, Սյունիքի հոգևոր և մշակութային հռչակավոր կենտրոնում:
Տաթևի վանքը գոյություն է, ունեցել դեռ վաղ միջնադարում, սակայն բուռն շինարարության շրջանը ընկնում է IX դարի վերջից մինչև XIII դարը, և երկարատև ընդմիջումից հետո՝ XVII—XVIII դարերը: Այժմ պահպանված կառուցվածքները պատկանում են այդ երկու շրջաններրն: Տաթևի վանքի գլխավոր տաճարը` Պողոս և Պետրոս առաքյալներին նվիրված, հրմնադերվել են 895 և ավարտվել 906թ.: Տաճարը, որը կառուցել է Հովհաննես եպիսկոպոսը, պատկանում է առանձին գմբեթակիր մույթերով կաոուցվածքների տիպին և միակ օրինակն է Սյունիքում: Տաճարին հարավից կից է Գրիգոր Լուսավորչի եկեղեցին՝ թաղածածկ մի դահլիճ, որը կառուցվել է 848 թ. և հիմնովին վերակառուցվել 1283 թ. Ատ. Օրբելյանի կողմից: եկեղեցու առջև, գլխավոր տաճարի հարավային ճակատին կից է գավիթ-սրահը, կառուցված 1043 թ.: Վանքի համալիրի հյուսիս-արևելյան անկյունում բարձրանում է Աստվա– ծածնի երկհարկ դամբարան-եկեղեցին, կառուցված 1087 թ.: Այս գմբեթավոր փոքրիկ եկեղեցին տեղադրված է վանքի գլխավոր մուտքի թաղածածկ միջանցքի և նրան հյուսիսից կից դամբարանի վրա: Վանքի բակի հարավային կողմում կանգուն է Տաթևի նշանավոր գավազան-սյունը, որը, հավանաբար, կառուցված է IX դարի վերջին կամ X դարի սկզբին:
XIV դարի վերջին վանքը կողոպտվում է ու ավերվում Լենկթեմուրի հորդաների կողմից և նորից վերակենդանանում է միայն XVII դարում: Տաթևի վանքի ծաղկման երկրորդ շրջանի շինարարական աշխատանքների մասին մանրամասն տեղեկություններ է տրվում «Շարակարգութիւն եպիսկոպոսաց Սիւնեաց արարեալ ի միաբանից Տաթեւոյ վանաց» ձեռագրում, որը որպես հավելված տպագրված է Ստ. Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունում:
XVII դարի առաջին կեսում, «արար բազում ուղղութիւնս և շինութիւն ի սուրբ աթոռս» վանքի առաջնորդ Հովհաննես Շապանօղլի: Նա արևելյան մասում կառուցում է նաև դահլիճ և նրան կից սենյակներ «թրաշ (տաշածոյ) քարիւ գեղեցկաձև յորինվածքով»: Ներսես եպիսկոպոսը բարեկարգում է վանքը և նոր շինություններ՝ արևմտյան կողմում խցեր և պատշգամբներ կառուցում: Սրա հաջորդը, Ջաքարիա եպիսկոպոսը, կառուցում է առաջնորդարան և արևմտյան կողմում «զերկար խցերն երկփեղկի հանդեպ միմյանց զդրունս»: Կիրակոս Աղուերձեցին նորոգում է տաճարի գմբեթը և Գաբրիել վարդապետի օգնությամբ կառուցում հյուսիսային պարիսպը և նրան կից ախոռը: Հովհաննես Տաթևացի Ղալամեանցը XVII դարի երկրորդ կեսում նորոգում է եկեղեցիների տանիքները, կառուցում գյուղատնտեսական և անասնապահական մի շարք շինություններ՝ կալ, հարդանոց, ախոռ, գոմ, շտեմարաններ:
XVIII դարի առաջին կեսում Մինաս Շինաթաղեցին վերակառուցում է քանդված հյուսիսային պարսպապատը, նրան կից ախոռը և մինչև սեղանատուն բնակելի սենյակներ կառուցում: Նույն ժամանակաշրջանում Գասպար վարդապետը կառուցում է սեղանատունը, հացատունը և խոհանոցը: XVIII դարի երկրորդ կեսում Աբրահամ վարդապետը վերանորոգում է պարիսպները և վերակառուցում դպրոցի սենյակները արևելյան կողմում՝ «Հարիւր տասն և մեկ կանգուն երկայնությամբ հանդերձ տասն և վեց գեղեցկատիպ սենեկօք»: Հովակիմ արքեպիսկոպոսը XVIII դարի վերջում կառուցում է Աստվածածնի և ս. Գրիգոր եկեղեցիների մոտի բնակելի սենյակները, կից պատշգամբներով, երկու բուրգ՝ Աստվածածնի (մուտքի մոտ) և Գիրաքանց (XX դարում այն քանդվել է), պարիսպներից դուրս՝ ձիթահանքը: XIX դարի առաջին կեսում, Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, խաղաղ ժամանակաշրջանում վերանորոգվում են վանքի համարյա բոլոր շինությունները: 1896 թ. կառուցվում է Տաթևի նոր զանգակատունը, Պողոս-Պետրոս եկեղեցու արևմտյան ճակատին կից: 1931 թ. երկրաշարժից քանդվում են վաղ շրջանի բոլոր հուշարձանները՝ տաճարը, ս. Աստվածածնի եկեղեցին, գավիթ-սրահը: Համեմատաբար լավ են պահպանվում XVII—XVIII դարերի վերը նշված՜ կառուցվածքները, որոնք ստանում են ճեղքվածքներ կամ քանդվում են նրանց որոշ մասերը:
Տաթևի վանքի համալիրի ողջ հորինվածքը, որը ամբողջացել է XVII—XVIII դարերի կառուցումների շնորհիվ, աչքի է ընկնում իր հարազատությամբ բնությանը, համապատասխանությամբ տեղանքին: Վանքր գտնվում է երեք կողմից ուղղաձիգ խոր ձորերով շրջապատված հրվանդանի վրա, որը մոտեցում ունի միայն հյուսիսից: XVII—XVIII դարերում բոլոր նոր շենքերը կառուցված են ձորերի պարագծով, ճշտորեն կրկնելով քարափների եզրագիծը, այնպես որ փայտե պահունակային պատշգամբները կախվում են ուղղակի անդունդի վրա:
IX—XIII դարերից պահպանված հուշարճանախումբը, որը կազմված է իրար կից կառուցված երկու եկեղեցուց և սրահից, մնացել է համալիրի հարա–վային կողմում և հյուսիսից ու արևմուտքից ստացվել են ընդարձակ բակեր՝ տաճարին մոտենալու և մեծաքանակ բազմություն տեղավորելու համար: Հետաքրքրական է, որ ուշ միջնադարում ոչ մի նոր կառուցվածք չեն կցել այդ հուշարձանախմբին, թողնելով ազատ և չաղավաղելով նրա նախնական կերպարը (միայն XIX դարի վերջին կառուցված զանգակատունն իր հսկայական չափերով և անմասշտաբ համաչափություններով խախտեց վանքի հիմնական հուշարձանախմբերի ծավալային հորինվածքը): XVII դարի կառուցվածքները գետնահար են, հարթ կտուրներով, չկա ոչ մի ուղղաձիգ ծավալ: Ուշ միջնադարի շինարարները բավականին զգույշ և նրբանկատ են եղել` նրանց կառուցվածքները լոկ ֆոն են ծառայում ընդհանուր հորինվածքում , որում առաջվա պես գերիշխողը մնում է Պողոս-Պետրոսի վերասլաց գմբեթը: Հետաքրքրական է և նոր մուտքի տեղադրությունը: Մինչև XVII դարը վանքի հիմնական (գուցե և միակ) մուտքը հյուսիս-արևելյան անկյունից էր՝ ս. Աստվածածնի եեեղեցու տակի թաղակապ միջանցքով: Սակայն այս մուտքը միանգամայն անտարբեր էր տեղադրված վանքի հիմնական կառուցվածքի՝ տաճարի և ընդհանրապես հուշարձանների նկատմամբ: XVIII դարում, երբ վերակառուցվել է հյուսիսային պարիսպը և նրա երկու անկյուններում կառուցվել են բուրգերը, մուտք են բացել այս պարսպում: Եվ նոր դարբասը գտնվում է ոչ թե հյուսիսային պարսպի մեջտեղում (որը սիմետրիկ կլիներ պարսպի և բուրգերի նկատմամբ), այլ կենտրոնից շեղված է դեպի արևմուտք ուղիղ տաճարի գմբեթի առանցքով: Նոր մուտքի թաղակապ միջանցքը մտնելիս, այցելուի առջև բացվում է տաճարի հյուսիսային ճակատը և այն պսակող գմբեթի սլացիկ թմբուկը ու հովանոցաձև վեղարը: Ահա այսպիսի հնարքով XVII դարում շեշտել են Պոզոս-Պետրոսի տաճարը, մոտեցումը դեպի վանքը կազմակերպել նոր՝ հյուսիս-հարավ առանցքով, նշանակետ դարձնելով գմբեթը:
Այս է պատճառը, որ XVII—XVIII դարերում Տաթևի վանքում կատարված շինարարական մեծ աշխատանքներից հետո, երբ ստեղծվել են բազմաթիվ և բազմապիսի կառուցվածքներ, անսամբլի հորինվածքը մնացել է միասնական, նորը և հինը դարձել են համահնչուն, իրար լրացնող, իսկ համալիրը. ամբողջովին վերցրած, մնացել է հարազատ բնությանը, ռելիեֆին:
Սյունիքի XVII դարի մենաստանների անսամբլների հորինվածքների վերլուծությունը ցույց է տալիս այն էական տարբերությունները, որոնք գոյություն ունեն նրանց և նախորդ շրջանի՝ X—XIV դարերի համալիրների ճարտարապետության միջև:
Առաջին և կարևոր տարբերությունն այն Է, որ Սյունիքի ուշ միջնադարի վանքերն ու անապատները կառուցված են համեմատաբար կարճատև ժամանակամիջոցում, ողջ հորինվածքի միասնական մտահղացումով: Նախորդ շրգանի Հայաստանի ճարտարսւպետական անսամբլները ձևավորվել են դարերի ընթացքում: Որպես օրենք, սկզբում կանգնեցվել Է հիմնական կառուցվածքը՝ տաճարը կամ եկեղեցին, ապա որոշ ժամանակ անց ավելացվել գավիթ, սրահ կամ ժամատուն: Անցել է ժամանակ, երևան են եկել նոր մեկենասներ, որոնք նոր տաճար են ավելացրել հնի կողքին, իր գավիթով: Սրանց մոտ կամ կից կանգնեցվել են կրոնական և աշխարհիկ այլ կառուցվածքներ՝ սեղանատներ, գրատներ, զանգակատներ, մեմորիալ ճարտարապետական ձևեր և վերջապէս այս բոլորը շրջապատվել են պարիսպներով: Եկեղեցին կամ եկեղեցիները այս վանքերում հանդիսացել են հատակագծային հորինվածքի այն հիմնական տարրերը, որոնք հետագայում թելադրել են ամեն մի նոր կառուցվող շենքի դիրքը համալիրի տարածական լուծման մեջ: Սյունիքի ուշ միջնադարի համալիրները, րնդհակառակը, ստեղծվել են բոլոր շինությունների միաժամանակ կառուցումով, կրոնական, աշխարհիկ շենքերի, բնակելի, տնտեսական, պաշտպանական կառուցվածքների օրգանական միասնությամբ:
Երկրորդ, Սյունիքի XVII դարի վանքերն ու անապատներն ունեն միայն մեկ եկեղեցի, այն դեպքում, երբ Հայաստանի միջնադարյան վանքերի ճնշող մեծամասնությունը ունի մեկից ավելի պաշտամունքային կառուցվածք:
X—XIV դարերի վանքերում որպես ընդհանուր կանոն, յուրահատուկ է կառուցվածքների կուտակումը, համալիրները վեր են ածվում տարբեր ծավալների մի ընդհանուր զանգվածի: Սյունիքի ուշ միջնադարի անսամբըլներում եկեղեցին հիմնականում ազատ է կանգնած, նա իր դիրքով և չափերով ողջ կառուցապատման հատակագծային տարածական հորինվածքի գերիշխող տարրն է, մյուս բոլոր կառուցվածքները անսամբլում նրա նկատմամբ ունեն ենթակա դեր:
Շինարարական կյանքի կարճատև ժամանակամիջոցը՝ մեկ դարից էլ պակաս, նյութական դժվարությունները հնարավորություն չեն տվել այնպիսի աշխատատար և թանկ կառուցվածքներ, ինչպիսին եկեղեցիներն են, մեկից ավելի շինել ոչ միայն Սյունիքի նոր վանքերում, այլև Գնդեվանքում և Տաթևի վանքում (իսկ անապատներին, ինչպես տեսանք, հատուկ է ընդամենը մեկ պաշտամունքային կառուցվածք ունենալը): Արարատյան դաշտի վանքերում դրությունն այլ ՝ Է XVII դարի համալիր Խոր-Վիրապը երկու եկեղեցի ունի, իսկ հինավուրց Ամենափրկիչ Հավուց-թառում XVIII դարում նոր եկեղեցի են կառուցել:
Երրորդ, Սյունիքի XVII դարի համալիրներն աչքի են ընկնում պաշտպանական կառուցվածքների պարտագիր մասնակցությամբ ողջ հորինվածքում, որտեղ նրանք կարևոր դեր են խաղում: Վանքերն ու անապատները փաստորեն մի-մի ամրոցներ են և պաշտամունքային ու պաշտպանական համալիրների այս զուգակցումը ստեղծել է վանք-ամրոց յուրօրինակ հորինվածքի ավարտուն ձևը: Եթե համեմատելու համար վերցնենք Հաղպատը (որը X—XIV դարերի այն սակավաթիվ վանքերից է, որի պաշտպանական կառուցվածքները ստեղծվել են այդ նույն դարերում), ապա կտեսնենք, որ բուրգերով ուժեղացված պարիսպները սոսկ շրջապատում են համալիրը ելնելով առաջին հերթին տեղանքի գծագրությունից, քան հիմնական հուշարձանների հետ միասնական հորինվածք ստեղծելու ձգտումից: Հաղպատում պարսպապատերի հորինվածքը չի ելնում անսամբլի ողջ հորինվածքից, եթե այդ պաշտպանական գոտին մեզ հասած չլիներ, ապա Հաղպատը կշարունակեր մնալ որպես միջնադարյան ամենաարտահայտիչ և գունագեղ ճարտարապետական անսամբլներից մեկը: Իսկ Սյունիքի ուշ շրջանի համալիրներում ընդհակառակն է՝ պաշտպանական կառուցվածքներն այնքան միասնական են մյուս շինությունների հետ և այնքան կարևոր դեր են խաղում ողջ հորինվածքում, որ նրանց վերացումով կդադարեր գոյություն ունենալ տվյալ համալիրի ճարտարապետական անսամբլը :
Այս կարևոր առանձնահատկություններից բացի, որը բնորոշ է Սյունիքի համալիրներին, վերջիններս ունեն մի այլ հատկանշական կողմ ևս, որը, սակայն, հատուկ է ուշ միջնադարի հայ ճարտարապետական համալիրներին ընդհանրապես: Դա մենաստանում բնակելի շինությունների առկայությունն է, որոնք իրենց տեսակարար կշռով կարևոր տեղ են գրավում ողջ հորինվածքում: Ավելի վաղ՝ X—XIV դարերի համալիրներից չկա մեկը, որի բնակելի սենյակները կամ խցերը հասած լինեն մեզ: Սեր կարծիքով, այդ դարերում միաբանությունը բնակվել է ոչ թե մենաստանի սահմաններում, այլ նրանցից դուրս՝ գյուղում, ընդհանրապես վանքին կից բնակավայրում: Նման երևույթ հանդիպում է և XVII դարում` Առաքել Դավրիժեցու մոտ որոշակիորեն նշվում է, որ միաբանները սեփական տներ ունեին վանքին կից բնակավայրերում: Սակայն XVII դարից սկսած բնակելի սենյակները կառուցել են մենաստանների մեջ: Այս վերաբերում է ոչ միայն այն համալիրներին, որոնք ստեղծվեցին այդ դարում, այլև ավելի հին վանքերին, որոնք վերանորոգվեցին և լրացվեցին բնակելի, օժանդակ շինություններով (Գնդեվանք, Տաթևի վանք, Գեղարղ, Հավուց-թառ): XVII դարում ողջ անսամբլի արտահայտչական կողմը հետին պլան է մղված՝ աոաջնային է գլխավոր հատակագծի ֆունկցիոնալ տեսակետից ճիշտ կազմակերպումը, ռացիոնալիզմը թե ողջ կոմպլեքսի, և թե նրա առանձին էլեմենտների հատակագծային տարածական լուծման մեջ: