Երեւանում կտեղադրվի System of a Down (SOAD) խմբի անդամների քանդակը

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Երեւանում կտեղադրվի System of a Down (SOAD) խմբի անդամների քանդակը

Աղունիկ Հովհաննիսյան 24/06/2021

Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը աշխարհահռչակ ռոք երաժիշտներ System of a Down (SOAD) խմբի անդամների խմբաքանդակն է արել: Քանդակը դեռ գիպսային տարբերակով է, բայց առաջիկայում քանդակագործն այն բետոնապատ է դարձնելու:

Հայկ Թոքմաջյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ նախաձեռնությունն իրենն է, որեւէ մեկի պատվերը չէ: «Մտահղացումն այսպիսին էր՝ ստեղծել կոմպոզիցիոն մի էնպիսի աշխատանք, որը մնայուն լինի»,- ասաց նա:

Աշխարհահռչակ ռոք խմբի քանդակն անելու նպատակը, ըստ քանդակագործի, երաժիշտմերի միասնականությամբ նաեւ հայ ժողովրդի միասնականությունը խորհրդանշելն է: «Նախ, տղաները հայեր են (Սերժ Թանկյան, Շավարշ Օդաջյան, Դարոն Մալաքյան, Ջոն Դոլմայան -հեղ.) եւ հետո իրենց ողջ ստեղծագործական ճանապարհով հայկական տարածություն են ստեղծել, իրենք ամբողջ աշխարհում հայ մարդու կերպարն են արտահայտում: Նրանք այն անձնաց թվում են, ովքեր իրենց բազմահազարանոց լսարանի առջեւ բազմիցս բարձրաձայնել են Հայոց ցեղասպանության հարցը: Բացի Ցեղասպանության ճանաչման հարցից, տղաները միշտ զգացնել են տալիս, որ իրենց մեջ կրում են հայկականությունն ու մեր կողքին են»,- կարծիք հայտնեց Թոքմաջյանը:

Քանդակագործն այս աշխատանքը սկսել է մոտ 4 տարի առաջ: Պատմեց, որ սկզբում միտք է եղել Սեւանա լճում՝ հենց ջրի տակ տեղադրել քանդակը, բայց իրեն ասել են, որ դա բավականին բարդ գործընթաց է. «Ժամանակի հետ այդ գաղափարը սկսեց անիրական թվալ, որոշեցի քանդակը տեղադրել Երեւանի այգիներից մեկում»:

Թոքմաջյանը մոտ 1 տարի առաջ է դիմել Երեւանի քաղաքապետարանին քանդակը մայրաքաղաքում տեղադրելու խնդրանքով: Քաղաքապետարանից ողջունել են առաջարկն ու ասել՝ որեւէ խնդիր չեն տեսնում: Ռոք երաժիշտների քանդակը կտեղադրվի Երեւանի այգիներից մեկում: «Ես մի քանի այգու տարբերակներ էի այն ժամանակ դիտարկում՝ Օղակաձեւ այգին, Սիրահարներինը: Արաբկիրի այգին էլ վերանորոգվել է, եթե չեմ սխալվում «Մալականների այգի» է կոչվում, մեր Արաբկիրի թաղապետն այն ժամանակ առաջարկեց նաեւ այդ հատվածոմ տեղադրել: Դեռ հստակ չենք որոշել, պարզապես ընդառաջումը կա, պարզապես այս մեկ-մեկուկես տարում մեզ պատուհասած արհավիրքները աշխատանքս հետին պլան էին մղել: Այսօր նորովի շունչ եմ տվել: Վերադարձել եմ նորից այդ գործին»,- ասաց Հայկ Թոքմաջյանը:

Քանդակում երաժիշտները պատկերված են շարժման մեջ: Հեղինակը նրանց կերտել է դինամիկ, շարժման մեջ, ինչը տպավորություն է ստեղծում, թե ուր որ է կլսվի SOAD-ի կատարումներից մեկը:

Քանդակագործի կարծիքով՝ քանի որ SOAD տղաների բավականին հայտնի են աշխարհին, նրանց քանդակը մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել նաեւ Հայաստան եկող զբոսաշրջիկների շրջանում:

Հայկ Թոքմաջյանի խոսքով՝ քանդակի բրոնզաձույլ տարբերակ էլ կարելի էր անել, պարզապես դա ծախսային առումով ավելի շատ է. «Բետոնն ամենահարմար եւ պրակտիկ տարբերակն է: Այն ժամանակի հետ է՛լ ավելի կգեղեցկանա, գունային կոլորիտ կստեղծի»:

«Հասել ենք արդեն այն փուլին, որ գործն իրական չափերով պատրաստ է, պարզապես պետք է ձուլվի, վերարտադրվի բետոնի մեջ: Մի փոքր գումարային խնդիրներ կան, դրանք էլ պրոցեսի մեջ են, փորձում եմ այդ գումարը գտնել», -ասաց նա:

Հետաքրքրվեցինք, թե երբ են խմբի տղաներն իմացել, որ իրենց քանդակն է լինելու Երեւանում ու ինչ արձագանք են տվել: «Հենց սկզբից էլ տեղյակ էին: Տղաների հետ կապի մեջ եմ տարբեր սոցիալական հարթակներով: Շատ գոհունակությամբ են ընդունել առաջարկը»,- ասաց Թոքմաջյանը: Նա նաեւ նշեց, որ այս ընթացքում գործի վերաբերյալ բազմաթիվ մասնագիտական կարծիքներ է հասցրել լսել. հիմնականում դրական են: «Իհարկե՝ եղել են նաեւ ոչ այնքան դրական կարծիքներ կամ դիտողություններ, որոնք օգնել են ինձ»,-եզրափակեց քանդակագործը:

Source: https://www.armtimes.com/hy/article/217096


This article contains text from a source with a copyright. Please help us by extracting the factual information and eliminating the rest in order to keep the site in accordance to fair use standards, or by obtaining permission for reuse on this site..