Սիլվա Կապուտիկյան: Քոչարյանը պետք է հեռանա

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Քոչարյանը պետք է հեռանա. Սիլվա Կապուտիկյանի նամակ-հայտարարությունը

Ես այնքան էլ համամիտ չէի ընդդիմության հանրահավաքային առճակատումներին՝ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջով: Գիտեի, որ հազար ձեռքերով կառչած նախագահական աթոռին, հազար ու մի թույլատրելի եւ անթույլատրելի լծակներ գործի դնելով նախագահ մնացած անձը՝ սոսկ ժողովրդի պահանջով հրաժարական տվողը չէ: Արժանապատվություն ունեցող մարդը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին հաջորդող առավոտին իսկ պետք է հրաժարական տար՝ իրեն պատասխանատու զգալով իր ղեկավարության օրոք կատարված այդպիսի եղեռնագործության համար: Ուստի եղավ այն, ինչ ես մտածում էի, եւ ինչ տարիներ առաջ ասել էր Պարույր Սեւակը՝

Պատը նորից կմնա պատ,
Կպակասի մի լավ ճակատ...

Ուր էր թե պատը մնար նույնը: Ապրիլի 12-ի գիշերը պատը պատվեց փշալարերով, ողողվեց կեղտաջրերով, բռնություններից խուճապահար մարդկանց անեծք-աղաղակներով, մահակավորվեց՝ անխնա հարվածներ տեղալով խաղաղ ցուցարարների վրա: Պատը բարձրացավ, իրական պատ ու պատնեշ դարձավ իշխանության ու ժողովրդի միջեւ, դարձավ վերջնականապես, անվերադարձ... Հին մի ասացվածք կա արմատավորված դարերով թուրքական լծի տակ խեղճացած հայության ցավագին մտածողությունում. «Այն ձեռքը, որ չես կարող կտրել, պետք է համբուրես, դնես գլխիդ վրա»: Այս օրերին ավելի համոզվեցինք, որ «այդ ձեռքը» հիմակ ու հիմակ չենք կարող կտրել:

Բայցեւ չենք էլ համբուրի: Թող միջազգային դրամատներում մեր անկախությունը գրավ դնող, Հայաստանից հայակործան արտագաղթը լռելյայն օրհնող, չարքաշ ու աշխատազուրկ ամեն կողմով ճնշող, շնչահեղձ անող, հայկական գիրքն ու դպրոցը, երգն ու շունչը, ավանդական առաքինությունները հոգիներից դուրս վանող այդ մեղավոր ձեռքը համբուրեն, գլխի վրա դնեն հարյուրամյա եւ հարյուրամսյա կուսակցությունների տիրահաճ պարագլուխները, մեծ ու մանր իշխանավորները, որդիների կարիերային հետամուտ անցյալ ու ներկա երեսպաշտ պաշտոնյաները, տերերի բարյացակամությունը մուրացող՝ մշակույթի ծեր ու երիտասարդ գործիչները: Իսկ մենք՝ մեր ազգի պատիվն ու ապագան ամեն ինչից բարձր դասող բողոքավորներս, կշարունակենք այսուհետեւ ավելի եռանդագին մերժել այդ ձեռքը՝ ամեն մեկը իր ձեւով, իր ուժերի սահմաններում:

Ես, 1999 թվականին, ծննդյանս 80-ամյակի առթիվ այդ ձեռքից ստացել եմ «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշան: Հետագա տարիներին Ռոբերտ Քոչարյանի ամեն մի ազգավնաս քայլի ժամանակ, ցանկացել եմ ետ վերադարձնել այդ շքանշանը: Ապրիլի 12-ի ողբերգական գիշերից հետո այլեւս երկմտելու տեղ չի մնացել: Ուստի ես խորին ցավով եւ սուրբ Մեսրոպի հանդեպ անմեղ-մեղավորի անորսալի զգացողությամբ ետ եմ վերադարձնում ստացածս շքանշանը, իմ այս քայլը համարելով հայ մտավորականի ցասման եւ բողոքի արտահայտություն ստեղծված արգահատելի կացության դեմ:

Վերջում ուզում եմ ասել հետեւյալը: Հայաստանում, Արցախում, Սփյուռքում ապրող ամեն մի հայ գիտակցում է, որ օր օրի ատամները սրող թշնամուն հիմնավորապես դիմակայելու համար այս պահին առավել է կարեւոր երկրի իրավիճակի կայունությունը, պետության ամրությունը: Սակայն զենքով ու բռնություններով ձեռք բերված կայունությունը երեւութական է, հղի՝ վատթարագույն հետեւանքներով: Չի կարող իրական կայունություն լինել մի երկրում, որտեղ կա այսպիսի անջրպետ պետության ղեկավարի եւ ժողովրդի միջեւ, կուշտուկուռ դղյակների ու կիսաքաղց հյուղակների միջեւ, որտեղ տիրում է փոխադարձ ատելության մթնոլորտ, որտեղ Քոչարյանի վարած հաշվենկատ, հուսալի հենարան ստեղծելու նպատակով ամեն մի փոքր ու մեծ պաշտոնավայրում համերկրացի գլխավոր ունենալու անհեռատես քաղաքականության հետեւանքով երկատվել, մաս-մաս է եղել հայաստանցիների ու արցախցիների միասնական ոգին, որի առջեւ ընկրկեց բազմապատիկ զինված թշնամին, եւ որի շնորհիվ նվաճվեց անառիկ Շուշին: Պարոն Քոչարյանը, եթե իսկապես մտահոգ է մեր հայրենիքի ճակատագրով, եթե ուզում է, որ վերականգնվի մեր ժողովրդի երկու հատվածների՝ 88 թվականին հրաշքներ գործող միասնականության ոգին, պետք է հեռանա քաղաքական ասպարեզից: Ուրիշ ելք չկա:

Սիլվա Կապուտիկյան
14 ապրիլի, 2004թ. Երեւան

Source: https://armtimes.com/hy/article/109687